38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցցաչորի

Ցցաչորի
19.05.2015 | 10:17

Սիրով`
Մարգարիտ Խաչատրյանին

Ոտի վրա չիրուկճիր-ցցաչորի է, էնքան մարդիկ կան, որոնց ո՛չ շունչն է դուրս գալիս, ո՛չ էլ զմռսված-պինչպնդացած, չորացած կոկորդներին դեմ առած ու կպած դառնությունից են կարողանում հըմ-հըմ ու ախթու անելով բաժանվել, բայց հաճույքով վայելում են մարդահաշիվ իրենց ծերությունը, հա, երջանիկ ծերությունը, տանը, անկողնում, դռան շեմին, մի քիչ հեռու տեղ, ուր որ հասնում են` հարմարին մարդ են ման գալիս, ականջավոր մարդ, որ խրատեն, խորհուրդ տան, տարիքավորին հարցնեն` թոշակդ ինչքա՞ն դարձավ, փոքրին հարցնեն` ո՞ւմ թոռն ես, մի տեղ մի փափուկ քար ճարեն` նստեն ու իրենք իրենց համար, իրենց գիտեցած լեզվով կռիվս տան` բա որ էսօրվա խելքն ունենայի, էս բանը չէի՞ անի։ Էսպես` քարին կպած կապրեն, իրենք իրենց կպած կապրեն։ Իրենք որ հանկարծ, Աստված ոչ անի, էլ չլինեն, աշխարհը, մանավանդ հայոց փուլ գալու սովոր աշխարհը, էլի փուլ կգա, հլա մի կացեք` իրենք որ չլինեն, ո՞վ է նորից ծուռը դզելու, լավ հնուկը պահելու, լավ նորը շինելու։ Է՜, էս ջահելնե՜րը... Ես ի՞նչ իմանամ, թե իրենց ներսում, իրենց տռաձենից խրտնող ու վեր թռչող ծերունիները, չէ, ծերունիները չէ, այլ բիձեքը. փնթփնթալով խոսում, բառերի կեսը հենց էն գլխեն գլխատել-ուտելով, բայց որ լսել են ու մտահան չեն անում նաև հայոց վերևներից իջած էն խոսքը, թե ծերությունը երջանկություն է, հենց էս երջանկության համար ես քշվել բանակ, քշվել Սիբիր, գոհ ես` աշխատանք ես ունեցել, թույլ են տվել, որ ժամանակին ամուսնանաս, ընտանիք կազմես, խեղճ չես` պատվոգիր ունես, թե պետք է` մեդալով կոստյում-շալվար ունես... Ոտի վրա չորացած, ցցաչորի մարդիկ... Շատ բան եք տեսել ձեր աչքով, մոռացել եք, բայց հիշելու բանը լավ էլ հիշում եք։ Մի երակ սնում է ձեր չորացած ուղեղը, միտքը առաջին քամ մեղրի նման փորձում է կաթել... Անիծյալ էս կյանքը ախր շատ է գեղեցիկ։ Ո՞վ հնարեց, ո՞վ բերան բացեց ու ասաց` անիծյալ կյանք։ Անիծյալը հենց ասողն է։ Ծերացել ես, ո՞վ է բան ասում, կյանքի օրենքն է` պիտի գնաս։ Բայց գնաս` որ ի՞նչ, ոչ մեկը չգիտի` մնա` ի՞նչ անի, գնա` ի՞նչ անի։ Ծերեր, դեռ հիշում եք, որ ժամանակին դուք մարդ եք եղել։ Բայց եղե՞լ են, թե որ եղել են, ո՞ւր են։ Մարդը թող ալևորվի, թող հա՜ ալևորվի. եթե նա զգում է, որ ծառերը ծաղկել են, հողը փափո՜ւկ-փափուկ փթթել է, ծաղկունքի, երգ ու տաղի մեջ է բնությունը, թռչունների սաղմոսելը շատ հարազատ է... Տաքացել են իր երակները և արյունը փորձում է մարմինը շարժել, ուրեմն մարդը` թեկուզ փնթփնթալով, ամեն ինչից դժգոհելով, «Էս ի՜նչ կյանք է» ասելով պիտի ապրի։ Բայց որ ասում են` էս ի՞նչ կյանք է, որ դժգոհում են, ի՞նչ ասես։ Երեկվա ջահելը, խելոքը, բանողը, քո գլխի տերը, քո ժողովրդի տերը դու ես եղել, քեզ նման մեկն է եղել` ստեղծիր քո երազի, քո ուզած երկիրը։ Մի՛ դժգոհիր։
Եղած-չեղածը սա է։
...Ծառն զգաց, որ չորանում է։ Արդեն քանի ձմեռ-ամառ-աշուն ծառի սիրտը դող էր ընկել, մի բան օձի նման սողոսկել է իր կեղևի տակ ու որդի նման կեղեքելով բարձրանում է։ Էս ցավը որտեղի՞ց կպավ իրեն։ Խելքը տեղն է, ուզում է էնպես գեղեցիկ, ձիգ կեցվածքով երևա իր շրջապատի ծառերի աչքին, որ նրանք (այո՛, նրանք) չզգան, որ ինքը հիվանդ է։ Իր շրջապատի ծառերին աչքերը փակ կճանաչի, ամեն ծառին իր բուրմունքից կճանաչի։ Բոլորին լավ է ճանաչում։ Բոխին հաճարենու ոխերիմ թշնամին է։ Վրիժառու ծառ է բոխին... Ինքը ոչ մի ծառի հետ վեճուհարց չունի։ Լավ հարևաններով է շրջապատված. միասին ծաղկում են, միասին բուրում, թռչուններ են, անտառում, մի տեղ ու տասը տեղ երգում են թռչունները, իրենք ուշադիր լսում են, հովը, զեփյուռը շարժում են իրենց տերևները, իրենք էլ տերև տերևի, ճյուղ ճյուղի են տալիս ու քամու, փոթորկի հանգույն իրենց պարն են պարում։ Կյանք է, միշտ չէ, որ նազանի պարեր են պարում։ Քամի-փոթորիկ է լինում, իրենք շաչում-շառաչում են, իջնում-բարձրանում են։ Խիտ անտառ է, ծմակ է, մարդը կացնով ու սղոցով չի մտել անտառ։ Իրենք` վայրի՜, մաքո՜ւր... Սովոր են գազանների ձայնին, կարկտի ծեծ ու ջարդին, փոթորկի ոռնոցին։ Էդ ամենը մի՞թե անցյալ է դառնում։ Էն գեղեցիկ պատկերները, որ ինքն է վայելել, արևի էն ճառագայթները, որ կաթկթում էին իր տերևների վրա ու խրձվում իր կատարին ու գմբեթվում, մի՞թե ինքն այլևս չի թրջվելու գարնան վարար, կենարար անձրևի տակ, ամպերը չեն իջնելու իրենց կատարներին, ուշ աշնանը քամին չի մտնելու խաշամի մեջ ու... Մի՞թե ամեն ինչ էսպես շուտ անցավ։ Մի՞թե ինքը հիվանդանալու է, չորանալու է կեղևը։ Առավոտյան ծեգին, երբ թռչունները դեռ չեն ծկլթում, առավոտվա սյուքը դեռ չի մտել անտառի մեջ ու չի շարժվում ոչ մի տերև, անտառի քունը դեռ գլխին է, չորացող ծառը միտք է անում` ցավ է, եկել-կպել է իրեն, անտառն ի՞նչ մեղավոր է, ինքն էլ մեղավոր չէ, ցավ է` իրեն է կպել, կպել ու պոկ չի գալիս, մեկ է, լուռ տար քո ցավերը, որ տնքացիր` ի՞նչ, որ ձենձենեցիր` ի՞նչ, ոտի վրա երկար չի կարող մնալ։ Մի օր պետք է ընկնի, բայց որ ընկնի, որ վնաս չտա կողքի ծառերին, թփերին, այ, տեսնում է` էն փոքրիկ հովտում մի քանի թուփ մոռուտ կա, ծաղկում է, մոռը կարմրում է, քաղող չկա, ոչ մեկը ո՛չ դատարկ ձեռքով, ո՛չ սղոցով ու կացնով չեն մոտեցել իրեն, ի՜նչ վայրենի-գեղեցիկ կյանքով ապրեց ինքը, ապրեցին իրար խշշոց ու սվսվոց լսող ծառերը։ Ընկնի, մեկ է, ոչ մեկը չի գալու, չի կտրատելու ճյուղերը, գերանները չեն քաշելու։ Իր ընկնելով վերջանում է իր պատմությունը։ Ինքը ո՛չ կրակ է դառնալու, ո՛չ էլ սյուն կամ... Իրեն մնում է մի բան. ընկնել լուռ, շունչը պահած, ընկնել առանց ձեռ ու ոտ ընկնելու, առանց որևէ ծառի դիպչելու։ Չհենվել որևէ ծառի։ Ընկնել գիշերով, անաղմուկ։ Աղմուկով եթե ընկնի, կարող է մեկը վախենա, ճչա, արթնացնի մոտիկ ծառին, սա էլ վախենա` ի՞նչ պատահեց։ Իսկ եթե ընկնի օրը ցերեկո՞վ։ Ախր, խելքը դեռ գլխին, ի՞նչ է պատահել, հարևան ծառերը մի թթու խոսք չեն ասել իրեն, իր դեմ աչք չեն փակել ու լեզու չեն հանել... Բայց...
Նորից կասկածանքի մեջ ընկավ իմ ծառը։ Եթե ընկնի օրը ցերեկով... Բայց էդ մասին արդեն ասել է, երևի միտքը կրկնում է։ Զգաց, որ զուր էլ մտածում է` ինչ լինելու է, հենց դա է լինելու, քո ուզել-չուզելով չէ։
Եվ լուսացավ։ Տեր Աստված, փառքդ շատ, խաղաղ լուսաբացներ նվիրես մեր ծառին, մեր անտառին, մեր ջրին, մեծին, փոքրին, մեր ժողովրդին, աշխարհին։ Ծառն ուզում էր աչքը ծերպել, հայացք նետել անտառին, նայել չորսդին, բայց չէր կարողանում։ Ոնց որ դողդողում էր։ Կենսավիշը վերջին երակով էլ չի բարձրանում։ Բայց ծառն էլի մտածում է։ Կարող է հրաշք լինել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ընկնելիս իր ճյուղերով, իր մարմնով հենվի այ էս ծառին. հաճարենի է` կդիմանա։ Կհենվի, ուժեղ ծառ է` կդիմանա։ Ինքը չորացած է, մեջը կենսահյութ չկա, թացություն չկա։ Դեռ աչք չփակած, դեռ չընկած` արդեն կարոտում է իր հետ ապրած, լավ ու վատ օրեր տարած ծառերին։ Կանաչ, երկար կյանք է ցանկանում բոլորին։ Եթե ընկնելիս ցավ է պատճառել որևէ մեկին, մի տերև է պոկել, պլոկել է մեկի մաշկը, եթե մոռուտից մի թուփ է վնասվել, մոռուտ է, մոռենին, մոշենին (մոռենի՜, մոշենի՜) շուտ են ուշքի գալիս... Սա իր վերջին գարունն է։ Չէ, ի՞նչ եք ասում, գարունով կվերջանա իր բաժին կյանքը։ Էլ ի՞նչ ամառ ու ձմեռ։ Ամռան օր չի ուզում, բայց ուզում է մինչև աշուն, աշնանավերջ ապրի։ Ապրի` ի՞նչ անի։ Բա ընկնի` ի՞նչ անի։ Օ, ի՜նչ հրաշք բնություն է...
Երանի՜... Եվ ցցաչորին` խելքը տված կանաչ-դալար շիվերին, թփերին, հաստաբուն ծառերին, փորձեց թաքցնել իր ցավը իրենից, ընկերներից, ասես երգում ու պարում էր... Գարնան օր էր, ամռան օր էր, ցերեկ էր, թե գիշեր, աշուն էր, թե ինչ էր, մի քամի բարձրացավ, մի փոթորիկ անցավ, երկրորդ ալիքն է գալիս, 9-րդ ալիքն է գալիս, հիմա տակռապոկ կանի, կտապալի անգամ հզոր ծառեր, էլ իմ ծառի նման ծառերն ի՞նչ ասեն։ Ցցաչորին չէր հասկանում, որ իր պարը վաղուց պարած-պրծած է։ Մարդ ես, ծառ ես, թե ինչ ես, էլ մի սպասի խաղաղ օրվա, քո բաժին փոթորիկը եկել, ծառեր է տապալում, ծառերը գնում-գալիս են։ Դու առաջ ընկիր, որ կուրացած աչքերով չտեսնես նրանց ընկճվածությունը, նրանցից մեկի` թեկուզ մի փոքրիկ ճյուղի ջարդվելը, էլ ի՞նչ մնաց մահը։ Փորձեց բացել աչքերը։ Փորձեց առաջ մղել ձեռքերը։ Փորձեց մարմնով հենվել ու մեղմել փոթորկի զայրույթը։ Եվ գնա՜ց-եկա՜վ, գնա՜ց-եկա՜վ իմ ծառը. ի՜նչ հրաշք բան է թռիչքը, մահվան թռիչքը։ Բարձրացիր, շատ բարձրացիր։ Դու գնում ես ապրելու, իմ ծառ...
Երբ բացեց աչքերը, զգաց, որ էսքան երկար երբեք չի քնել։ Նաև տեսավ, որ մի դալար շիվ է տունկ դարձել իր հոգնած արմատների տեղում։ Տեսավ, որ մի պատառ երկինք է բացվել, մի աչք երկինք։ Աչքերը խուտուտ եկան։ Փակեց։ Ծանոթ ձայներ լսեց։ Անտառից կապույտ լույս է բարձրանում, լույսը մանվում է, բարակ թել է դառնում ու փորձում թելվել էն կապույտ, թաց երկնքին։ Եվ զգաց, որ իր հետ երկար ճանապարհ անցած, իր հետ անձրևի տակ ընկած ծառերը, իր հետ բուրած, իրար ճյուղ ճյուղի փաթաթված ծառերը թեքվել են իր վրա ու լավ-լավ բաներ են ասում։ Ծառեր են, մարդիկ, մի՛ մոտեցեք ու մի՛ լսեք, թե ինչ են ասում իմ ծառի մասին։ Եվ նորից եմ խնդրում` ինձ քրքրեք, կացնեք, սղոցեք, բայց շիվը, դալար շիվը, որ Աստված իմ տապալվելու յոթերորդ օրը լրանալուց հետո տնկեց իմ արմատների տեղում, բարի եղեք, մի հանեք ու բարի աչքով նայեք բոլոր ծիլերին, բոլոր տունկերին։ Օրհնեք և ուժեղ ու արդար մնացեք։ Ցցաչորի չդառնաք։ Մնացեք կանաչ ու ազնիվ։ Արմատ նետեք անգամ ժեռ քարերի մեջ։ Արմատ, ասացի` արմատ...
Ես գնացի, ի՛մ անտառ, դու կանա՜չ, միշտ կանաչ մնաս։


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 180658

Մեկնաբանություններ