38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ովքեր են համշենցիները

Ովքեր են համշենցիները
04.07.2014 | 11:08

Համշենահայերի մասին հասարակության ունեցած տեղեկությունները այնքան էլ ամբողջական չեն: Նրանց մասին առավել լիարժեք ինֆորմացիա հաղորդելու նպատակով պարբերաբար իրականացվում են հանդիպումներ, քննարկումներ Համշենի, համշենահայության, նրանց լեզվի, ծագման մասին: Նման մի հանդիպում էլ կազմակերպվել էր հունիսի 25-ին` արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում:
8-րդ դարում մոտ 10-հազարանոց հայերի մի խումբ` Շապուհ և Համամ Ամատունիների գլխավորությամբ, գաղթեց դեպի ներկայիս Համշենի տարածք և այստեղ հիմնեց կիսանկախ մի իշխանություն, որը Համամ Ամատունու անվամբ կոչվեց Համամաշեն, ապա կրճատ` Համշեն: Համշենահայերը խրոխտ, աշխատասեր ժողովուրդ են եղել: Համշենի իշխանությունը բավականին երկար ժամանակ կարողացել է պահպանել իր կիսանկախ գոյությունը: 17-րդ դարից սկսած Համշենում սկսվեցին բռնի թուրքացումն ու իսլամացումը:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆԸ նկատում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն առանձնահատուկ են իսլամացած և ծպտյալ հայերի շրջանում: Նրանց մի մասը հայախոս է, հաղորդակցվում է հայկական բարբառներից մեկով: Թուրքագետը նշում է, որ, բացի Թուրքիայից, առկա են համշենցիների խմբեր Միջին Ասիայում, Աբխազիայում, Ռուսաստանում: Հետխորհրդային շրջանում բնակվող համշենահայերը քրիստոնյա են, հայախոս և իրենց համարում են հայ: Ինչ վերաբերում է Թուրքիայի համշենցիներին, ապա նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուս մասը` ոչ: Թուրքագետը նկատում է, որ այս հարցում համշենցիները, թերևս, մեղավոր չեն, քանի որ տարիներ շարունակ թուրքական պատմագրությունը նրանց մեջ արմատացրել է այն գաղափարը, թե իբր համշենցիները թուրքական ցեղի մի տեսակ են, և նրանց համար դժվար է միանգամից կարծրատիպերը հաղթահարել: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում որոշ տեղաշարժեր նկատվում են: Համացանցի, հաղորդակցման միջոցների զարգացման, հայ գիտնականների ուսումնասիրությունների ու այցելությունների շնորհիվ համշենցիները տեղեկանում են իրենց ծագման մասին: Համշենական մշակույթը իր պարերով, երգերով որևէ աղերս չունի իսլամական մշակույթի հետ: Համշենական որոշ համայնքներ նշում են հայկական ազգային տոները, մասնավորապես` Վարդավառը:
2011 թ. հիմնվել է Համշենի մշակույթի պահպանման «Հատիկ» միությունը: Գլխավոր կենտրոնակայանը Ստամբուլում է, ունի մասնաճյուղեր Անկարայում, Խոպայում: Միության անդամների շրջանում նույնպես տարաձայնություն կա ազգային պատկանելության վերաբերյալ: Մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուսը` ոչ:
Թուրքագետը նշում է, որ համշենցիները, ինչպես նաև Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները որոշակիորեն արհամարհված են, նրանց դժվարությամբ են բարձր պաշտոններ տալիս: Սակայն ներկայում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շրջանակներում որոշակի ազատություններ և իրավունքներ (հիմնականում ձևական) շնորհվում են: Այնուամենայնիվ, այսօր համշենցիները սկսել են բարձրաձայնել իրենց իրավունքները, խոսել մշակույթի պահպանման մասին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ