38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընդդեմ մայրիշխանության

Ընդդեմ  մայրիշխանության
28.03.2014 | 11:36

Ռուս-ուկրաինական հակամարտության բուռն իրադարձությունների ֆոնին թերևս տեղին չէ քննարկել բարոյահոգեբանական հարցեր` չառնչված այդ սրընթաց զարգացումներին: Սակայն Ռուսաստանում սկիզբ է առել հասարակական մի շարժում, որն ուշադրություն է գրավում իր անսովորությամբ, եթե չասենք` էկզոտիկությամբ:
Այս երկրում բավականին հաճախ է քննության առնվում համաշխարհային գլոբալացման գործընթացը, որն այլ կերպ անվանվում է նաև «Նոր աշխարհակարգի» ստեղծում: Դժվար է չընդունել այդ համապարփակ երևույթի օբյեկտիվ առկայությունը, ինչի արտացոլումն են անդրազգային կորպորացիաների գործունեությունը աշխարհով մեկ, սկզբունքային շատ հարցերում միջազգային իրավունքների գերակայությունը ազգային օրենսդրությունների հանդեպ, «նորահայտ» բարոյական նորմերի անսեթևեթ պարտադրումը, համաշխարհային քաղաքական ընտրախավի ձևավորումը, ահաբեկչական ցանցի լայն տարածումը և այլն:
Եվ որպես մոլորակի գլոբալացման ստրատեգիայի բաղկացուցիչ մաս է Ռուսաստանում դիտվում նաև հասարակության, այսպես կոչված, կանացիացման խնդիրը, երբ ավանդական ընտանիքի վերացման, առհասարակ տղամարդկանց ու կանանց իրավունքների կարգախոսի տակ տեղի է ունենում հասարակության «տղամարդազրկման» գործընթաց:
«Արդի Ռուսաստանի առանցքային խնդիրներից մեկը ընտանիքի ինստիտուտի ճգնաժամն է,- գրում է ռուսական թերթերից մեկը:- Ի հակադրություն Եվրասոդոմի, մենք նախընտրել ենք ավանդական ընտանիքն ու ավանդական արժեքները: Սակայն ցավով պիտի ընդունենք, որ մենք էլ ենք բախվում հասարակության հիմնական բջջի անկայունության խնդրին. քայքայվում է յուրաքանչյուր երկրորդ ամուսնություն, և այդ այն դեպքում, երբ բնակչության մի զգալի հատված ամուսնությունն առհասարակ չի գրանցում, երկիրն առաջատարն է աբորտների գծով, մանկատներում հայտնված երեխաների քանակը հիշեցնում է հետպատերազմյան տարիները»:
Ահա և Ռուսաստանում ձևավորվել է հասարակական նոր երևույթ, որը կոչվում է «Արական շարժում» («MyՋրՍՏպ ՊՉՌՋպվՌպ»): Այս շարժումն ընտանեկան խնդրի մեջ առանձնացնում է մայրիշխանության գործոնը, երբ ընտանիքի ողջ ոլորտը, երեխաների դաստիարակությունն ու կրթությունը վերահսկում են կանայք, իսկ ընտանեկան ու ամուսնական հարաբերությունները կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը գերազանցապես ուղղված են կանանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, բավական հաճախ ի վնաս տղամարդկանց:
Թվում էր` իրոք մայրիշխանության թագավորության մեջ ապրող ռուս տղամարդիկ այնքան են վարժվել իրենց այդ «կարգավիճակին», որ արդեն չեն էլ նկատում իրենց իրավիճակի արտառոցությունը և դրա վտանգավոր հետևանքները հատկապես տղա երեխաների արական դաստիարակության գործում: Բայց տես որ արական շարժումը փորձում է բացել ընտանեկան իրավազրկության մեջ հայտնված ռուս հայրերի աչքերը, պաշտպանելով տղամարդկանց իրավունքներն ու շահերը: Ռուս երեխաներն ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում դաստիարակվում են կանանց կողմից, ելնելով բացառապես կանանց շահերի ու պահանջմունքների տեսանկյունից, ասում են շարժման կողմնակիցները, և այդ ազդեցությունը տեղի է ունենում այն տարիքում, երբ անհատի մեջ ձևավորվում են կենսադրույթները: Ընդունված է` չափահաս ռուս կինը տղամարդ է ընտրում վերջինիս կառավարելի լինելու չափանիշով, ինչի պատճառով հայրը, ինքը լինելով ենթարկվող, իր «կառավարելի» գենը փոխանցում է (մոր օգնությամբ) տղա երեխային: Ամուսնալուծությունից հետո էլ երեխաները մնում են մոր մոտ, մեծանում նրա կամքից կախված, հոր նշանակության կորստով: Մայրը մեկն է, հայրերը կարող են լինել այնքան, որքան կուզենա մայրը:
Ստեղծելով ֆեմինիստական հզոր շարժում և «հակաարական» համապատասխան գաղափարախոսություն, գլոբալիստները վերացնում են հայրիշխանությունը, մի պարագա, ինչն ընտանիքը դարձնում է ամուր և բազմանդամ, տղամարդուն օժտում պատասխանատվությամբ իր օջախի հանդեպ: Հայրիշխանության կողմնակիցները, ի տարբերություն, ասենք, Եվրոպայի, օրինակ են բերում արևելյան (մուսուլմանական) ավանդույթները, երբ բավական հաճախ ընտանիքում նույնիսկ օրենսդրականորեն ընդունված է տղամարդու գերակայությունը: Քայքայելով ավանդական ընտանիքը, գլոբալիստները նպատակ են հետապնդում նվազեցնելու ծննդաբերությունը, թուլացնելու ընտանիքի անդամների փոխադարձ կապը, առհասարակ մարդուն դիմազրկելու և դարձնելու դյուրին կառավարելի:
Եվս մի հանգամանք, որի վրա ուշադրություն են հրավիրում ռուս տղամարդիկ: Արևմուտքը սպառողական հասարակություն է, երբ մարդը նախ և առաջ դիտվում է որպես ապրանքների ու սպասարկումների սպառող, և որտեղ նրա հասարակական արժեքը որոշվում է սպառման որակական ու քանակական մակարդակով, դրան նպատակամղված փողաքսակով: Եվ այս առումով էլ գլոբալիստների համար կին արարածը առավել քան նախընտրելի է. ապրանք արտադրողների և վաճառողների տեսանկյունից կինը` որպես սպառող, տղամարդու համեմատ շատ ավելի գրավիչ է իբրև նպատակային միջավայր, քանզի նրանց համար շահավետ են կանանց բնավորության այնպիսի յուրահատկությունները, ինչպիսիք են ներշնչվածությունը, քննադատական թույլ մտածելակերպը, որոշումների զգայական ընդունումը, պերճության և… տղամարդկանց փողերը ծախսելու ձգտումը: Իսկ ահա տղամարդը արտադրողների համար նվազ օգտավետ է, քանի որ ռացիոնալ է որոշում կայացնելիս և կարող է լրջորեն սահմանափակել ընտանեկան ռեսուրսների ծախսումը (գերազանցապես ո՞ւմ կողմն է կողմնորոշված, ասենք, մոդայի ինդուստրիան):
Լավատե՞ս են արական շարժման ակտիվիստները իրենց մտահղացումներում: Հնարավո՞ր է, որ ռուս տղամարդն ի վերջո զգա իր «իրավազրկությունը» կնոջ համեմատ ու առաջին հերթին ընտանիքում: Նոր հասարակական շարժման ներկայացուցիչները արագ հաջողության հասնելու պատրանքներ չունեն. չափից դուրս խոր է արմատավորված մայրիշխանությունը ռուսաց երկրում: Բացի այդ, առանց իշխանությունների աջակցության դժվար է արդյունքի հասնել: Իսկ կդիմե՞ն նրանք նման քայլի ամենատխրահռչակ «իրավունքների» պաշտպանության պայմաններում: Շեշտը կդրվի ինտերնետում արական գիտակցության զարթոնքի թեմայով լայն լրատվության տարածման վրա: Շատ բան կախված կլինի շարժման լիդերների անհատականությունից, որոնք կկարողանան «հեղափոխական» բեկում առաջացնել տղամարդկանց մտածելակերպում` ուղեղում, որպեսզի նրանք սկսեն նորովի որոշումներ ընդունել ընտանեկան կյանքում, աշխատավայրում, ավելի ռացիոնալ, համարձակ ու նախաձեռնող լինել հակառակ սեռի հետ հարաբերություններում:
Հայաստանում, հատկապես տղամարդիկ, կարող են հեգնանքյով նայել իրենց ռուս ցեղակցին «ընկճված» վիճակից հանելու փորձերին: Իրոք հայ ընտանիքը ամուր է առաջին հերթին հայրիշխանության շնորհիվ: Սակայն երկա՞ր կդիմակայի այդ առողջ ավանդույթը եվրոպական նորագույն բարոյազուրկ «արժեքների» ագրեսիվ ներթափանցմանը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ