Եթե... ապա նախընտրում եմ իմ մասով մահապատժի կիրառումը, նաև հավելում եմ, որ իրական մահը չի սահմանվում հոգին մարմնից բաժանումով
Բավական երկար մտածելուց հետո որոշեցի այս անկեղծ նամակը գրել, հետևելով այն ճշմարտությանը, թե «իշխանները պետք է հնազանդ լինեն Աստծո օրենքներին, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեն»` ըստ սուրբ Ներսես Շնորհալու աստվածաշունչ գրառության։ Միևնույն ժամանակ ակնկալելով ձեր ողջախոհությունը, արդարամտությունը ու սերը առ ի հայրենյաց ժողովրդի։
Նախ` ժամանակի պատմական առումով մենք դեգերում ենք մի այնպիսի շրջափուլի շուրջ, երբ կարծես թե որոշիչ ու նշանակալից դերակատարությունը քաղաքական ու սոցիալական մակարդակներում հանձնված է հասարակությանը և հանրային կարծիքի գերիշխանությամբ էլ հաճախ ձևավորվում են աննախադեպ առաջացած խնդիրների օպտիմալ լուծումներն ու կամ պետական նոր կառավարման ինստիտուտների յուրովի ձևավորումը։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ։
Ձեր թույլտվությամբ հարկ եմ համարում նշել, որ ներկայիս հասարակությունը ժամանակակից կեղծ ժողովրդավարական սկզբունքներից բխած առկա իրողություն է, ուստի և զուրկ է մարմնից, ոգուց ու տեսակից։ Սակայն նրա հիմքը միշտ էլ ժողովուրդն է, բայց ոչ երբեք ազգը։ Այն ձևավորվում է ժողովրդի բազմատարր շերտերից, բայց չի կայանում երբեք որպես ժողովրդական ճշմարիտ ինստիտուտ և կամ կատարյալ հասարակարգի ձևավորման խթան։
Ժողովուրդը` միասերտ, ունիտար ազգությունների սպեցիֆիկ բազմազանությունը, միատեսականության ենթարկած, սակայն հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ձևավորված մեկ ամբողջություն է։
Ազգը տոհմերի ¥ցեղերի¤ միջև կենսաբանական ինտեգրացիայի բնական ընթացքով ձևավորված յուրովի, եզակի և անկրկնելի տեսակ է, որն էլ ունի պահպանած իր տոհմի ոգին, բարքերն ու կացութաձևերը։ Ինչպես կայացած և հզոր ժողովրդի, նույնպես էլ ազգի և տոհմի մարմինը կազմված է առաջնորդ-իշխանավորներից, հոգևորական հայրերից, մտավորական-գիտնականներից ու ավատապետ-մեծահարուստներից։ Այս բոլորի պահպանությունը, զարգացումն ու հարատևությունը սահմանվում են նրանց տոհմային ժառանգական ոգու բարոյականությունից բխած օրենքներով, խղճից ուղղորդվող կառավարմամբ և սրտի թարգման խոսքի լեզվամտածողությամբ։ Երբ առաջնորդ, հոգևորական, մտավորական ու ավատապետ այս չորս գլխավոր բարեխառնության հավասարազոր սյուները խախտվում են, ապա ինչպես իշխանությունը, նույնպես էլ հասարակությունը, կանգնում են կործանման եզրին։ Իսկ երբ խաթարվում են օրենքը, կառավարումն ու լեզվամտածողությունը, ապա պետությունն ու ժողովուրդը դատապարտվում են ոչնչացման։ Այսպես են կործանվել հզորագույն կայսրությունները։ ՈՒստի և իշխանավոր-առաջնորդի օրինապահության, սրտի, ոգու և կամքի իմաստուն դրսևորումների շնորհիվ է, որ հաստատվում է հասարակությունը բարեկարգության սահմաններում։
Հասարակության, ժողովրդի ազգի ու տոհմի արմատը անհատ մարդն է։ Անհատը բնությամբ բազմանման է ինչպես հասարակությունը, սակայն նույնական չէ ինչպես ժողովուրդը, էությամբ եզակի է ինչպես ազգը, և անկրկնելի` ինչպես տոհմը։ Այն ուղղորդվում է ի սկզբանե Տիրոջ կողմից տրված իր առաքելությամբ ու նախանշված ուղիով։ Նա ունի իր աշխարհընկալման յուրովի ու աշխարհայացքի արտահայտման խորհրդանիշների սեփական համակարգը։ Աշխարհընկալման և միայն իրեն հատուկ ինքնաճանաչման գերագույն ակտով ընդունած տեսակի` ազգի տեսակի, գաղափարախոսության բազմաուղղվածության լոգիստիկայի մեջ ընտրում է իրեն նախանշված ուղին և իրեն վերապահված սրբագույն առաքելությունը, աշխարհն արտահայտելու խորհրդանիշների ամբողջական իր համակարգն ու արարում, ստեղծում ու երկնում է իր մշակույթը։
Անհատի ոգու և կամքի միաձուլումը բոլոր զուգահեռներով ամբողջ ազգի ոգուն և ապա նրա` որպես մեկ ամբողջի հավաքականության փոխադարձ կապը հարազատ միջավայրին` հայրենիքին, կայանում է նույնպես միայն աստվածային օրենքներից բխած անհատի-տոհմի-ազգի-ժողովրդի էության ու բնության կողմից ճշգրիտ ընկալման արդյունքում։ Սա է հանդիսանում ազգային գաղափարախոսության երկնման պատճառը առ ի կարևորություն ազգի պահպանման, զարգացման ու առաջադիմության։
Ազգային գաղափարախոսությունը իր տոհմիկ տեսակին ի վերուստ` աստվածային ներգործությամբ և ոչ զորությամբ տրված աշխարհընկալումի իմաստավորումն է։ Աշխարհայացքը տեսական գիտությունը չէ, այլև կենսական զգացում է, արարչաստեղծ մարդ-երրորդություն, բնության ֆենոմեն։ Ազգը պատմական, սոցիալական սուբյեկտ է, այն իր տոհմի ոգու-մարմնի արտահայտությունն է և նյութեղեն ու ոչ նյութեղեն բարձր արժեքների զուգահեռներով դրսևորվող արարիչն ու ստեղծարարը և հանդիսանում է նախապատմական աստվածային ֆենոմեն։ Ազգի նախապատմական տոհմային ոգու աշխարհընկալումը, մեր ազգի աշխարհիկ ոգու ձեռնավարումն է և նյութական աշխարհի վրա հավասարակշռող չափանիշը, նա իր արարչական առաքելությունը ծառայեցնում է միայն բարձրագույն նպատակին` Աստծուն։ Ազգի գաղափարախոսությունը մեր նախապատմական տոհմի ոգու ինքնաճանաչման կենսական զգացումն է, որը ճանաչվում է միայն ինքնության ու նրա ինքնաճանաչման գերագույն ակտով։ Ինքնաճանաչումը սահմանված է նախ և առաջ սեփական ոգու մեջ անմար ջահի լույսի պես բոցկլտացող նվիրական կրոնի ու նրա աստվածային էության և ապա նոր միայն սրբագույն կրոնի մեջ իր հարազատ աստվածաստեղծ տոհմի ճանաչմամբ։ Աստծո ճանաչողությունն ու նրա իմացությունը հավիտենական և անվախճան կյանքն է ¥տե՛ս Հովհ. 17.3¤։ Այն իր կրոնի մեջ զարգացնում է իր` որպես տեսակի պատմաժառանգությամբ փոխանցված բարոյական, հոգեբանական ու աշխարհընկալման էությունն ու բնույթը։ Նա իր արյան մեջ է կրում անցյալի առկայությունն ու ներկայում մանրակերտում ապագայի հաղթանակը հանուն հայրենիքի և ի փառս Ամենաբարձրյալ Տիրոջ։ Գաղափարախոսությունը ներառում է ինչպես Տիրոջ տված Հաբեթյան տոհմի Թորգոմաց Տուն Եվրոպայի և Ասիայի ¥հյուսիս-արևելքում¤ տարածքային, նույնպես էլ մշակութային և հոգևոր գիտակցումն ու ապա ձևավորում ազգի կամքն ու նրա մոդուսը ուղղում դեպի լույսն ու հոգևոր առաքելությունը, դեպի հավիտենականությունն ու դեպի Աստված։ Հին աշխարհի գիտակ Հենրիխ Շլիմանը ճիշտ էր նկատել, որ «Եվրոպայի ողբերգությունն այն է, որ իր քաղաքակրթության հիմքում դրեց ոչ թե հին հայկական, այլ հունական մշակույթը»։
Մինչդեռ այսօր ցանկացած իշխանավոր, եթե բանական բարոյականության տեսանկյունից դիտարկի իր ղեկավարման արդյունքում առաջացած ժողովրդի վշտերը, ցավն ու տառապանքները, իր համար դժբախտություն կհամարի իշխանավոր լինելը։ Երբ իշխանավորն անօրեն է ու անհավատարիմ պետությանը, ապա ժողովուրդն էլ մեծ մասամբ վերածվում է ապերախտության մեկ ամբողջական մարմնի։ Քանզի ապերախտության ծնունդը բարքերից է, իսկ բարքերն անօրեն օրենքների և անբարո կացութաձևերի` իշխանավորի կողմից պարտադրված սահմանադրումներն են ժողովրդի վրա, որոնց չենթարկվելու պարագայում հետևում է նույն անօրեն օրենքով պատիժը։ Սակայն ժողովուրդը միշտ էլ տատանվող է, փոփոխական և դեգերող, բայց և վերջնական արդյունքում ճանաչում է բարերարությունը որպես ճշմարիտ առաքինություն և հենց հանուն բարերարության էլ վաղ թե ուշ դատաստանի է ենթարկում սեփական իշխանությանը։ Եվ հենց այսօր էլ մենք բոլորս դրա վկաներն ենք։
Ոչ կրթության ոլորտ ներմուծած ճատրակային դաստիարակությունը, ոչ վարչապետական տեխնոտրոնային ինտելեկտուալիզմը և ոչ էլ մոսկաների հիթ-շքերթային խոհափիլիսոփայությունները, իմա` ոչ գործնական գիտական և տեխնիկական փորձառությունն ու ոչ էլ տեսական գիտությունների աքսիոմների ու թեորեմների ըմբռնումը մարդկային բանականությանն ու բնությանը բարի և բարեպաշտ չեն դարձնում։ Մարդ անհատից մինչև ազգի ու ժողովրդի բարեպաշտությունն ու բարությունը, պարկեշտությունը, սերն ու ողորմածությունը ոչ միայն գիտության ու մտքի դրսևորում են, այլև սրտի բարության և հոգու բարոյականության կամքի դրսևորումը, քանզի Աստված վարձատրում կամ պատժում է ոչ թե մտքի, ճատրակագիտության ու ինտելեկտի, այլ սրտի և ոգու կամքի արտահայտման դիմաց։ Հիշեք, թե Տերն ինչ ասաց. «Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ ասել, երբ դուք ինքներդ չար եք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձից` չարիք» ¥Մատթեոս 12.34։35¤։
Որքան իշխանությունը հեռանում է իր ազգային ոգուց բխած գաղափարախոսությունից, իմա` իր տեսակին տրված աստվածային կանոնակարգից ու օրենքներից, նույնքան էլ ազգային իմունիտետը կորցրած ժողովուրդն օտարվում է իր ոգեղեն ուժից` Աստծո զորությունից։ Իսկ երբ Աստված ցանկանում է խրատել նման ժողովրդին, ապա իմաստուններին աղքատացնում և հեռացնում է իշխանությունից, որպեսզի տգետները հարստանալով ձգտեն իշխանության և դառնան սեփական ժողովրդի գլխին պատուհաս։ Մինչդեռ օրենքները պիտի բխեն խղճից և ոգուց, որոնք ունակ պիտի լինեն նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի վերազինման, նրա ոգու ուժեղացման ու ազգային ինքնության գիտակցումին։ Եվ քանի դեռ մենք չենք գիտակցելու արդարության, ճշմարտության, արժանապատվության ու ազատության մեր միակ ու անփոխարինելի տիրոջ իրավունքին տեր լինելու հրամայականը, շարունակաբար տառապելու ենք անարդարության արնաշաղախ ճիրաններում, ստրկացվելու ենք սեփական ազգի տականքի կողմից, հալածվելու ենք ստի, կեղծիքի ու բանսարկուի զազրելի հետապնդումներից և ոչնչանալու ենք ճորտի ու ստրուկի անփառունակ նահատակությամբ։ Մենք` կորցնելով մեր հայկյան տոհմի, Թորգոմաց տան ժառանգականությունը, այսօր անզոր ենք դիմադրելու օտարի պարտադրանքներին, ուստի և պարուրվել ենք հոռետեսությամբ ու պարտվողականությամբ։
Սակայն նամակս ամենևին էլ սրան չէր վերաբերում։
Ձեզնից` նախագահներիցդ, առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ բոլոր պատճառաբանություններից կամ ստեղծված քաղաքական պարտադրումներից, 1994 թ. ինձ դատապարտեց դանդաղ և տանջալի մահապատժի։ Մինչև իսկ եթե մեր պայքարում ունենայի կատարած որևէ հանցանք, ապա արդար կլիներ հետևելու ոչ թե դիվապաշտ Վիշինսկու անօրեն օրենքներին, այլ մեր ոգուն հարազատ, աստվածահաճո օրենքներին։ Հանցավորին, անկախ նրա կատարած հանցանքի ծանրությունից, որին կարելի է սաստելով և խրատելով ուղղել, վրեժխնդրության և կամ դոգմատիկ օրենքների պարտադրմամբ պատժելը անօրենություն է և դեմ է ինչպես աստվածային կանոնակարգին, նույնպես էլ մարդկային բանական բնությանը, քանզի պատիժն արդարության սպասավորն է և ոչ թե անօրենության ծառայակիցը։ «Եթե առանց օրենքի (Տիրոջ նոր օրենքը) դատելով մարդկանց անիրավաբար սպանեք ու պատժեք, հաստա՛տ իմացեք, որ Դատաստանի օրն Աստվա՛ծ պիտի պահանջի ձեզնից սպանվածների արյունը...» ¥Սուրբ Ներսես Շնորհալի, Թ.Ը.¤։ Մինչդեռ Աստծով չառաջնորդվելն ինձ հետ միասին անօրենաբար պատժեց ինչպես ընտանիքիս, նույնպես էլ այն պայքարը, որն ուղղված էր մեր բոլորիս Հայրենիքի ամբողջական ազատագրմանն ու ազգային ոգու վերածնման աստվածահաճո զարթոնքին։
Երկրորդի` Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու աղետալի շրջաններն էլ անցկացրի նույն մահապատժի կարգավիճակում։ Եթե առաջին նախագահն անօրինաբար դատապարտել էր մահվան, ապա երկրորդ նախագահն անօրինաբար պահեց անազատության մեջ։ Միևնույն ժամանակ տարբեր քաղաքական պատճառներով խոչընդոտեց ազատ արձակմանս և արդարության վերականգնմանը։ «Նա, ով խոչընդոտում է վերքի ապաքինմանը, ավելի խիստ պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է վերքը» ¥Սուրբ Հովհան Ոսկեբերան¤։ 2003-ին «ներման» հրամանագրով դատապարտեց ցմահ ազատազրկման, երբ մահապատժի վերացման արդյունքում օրենքով նախատեսված էր մինչև 15 տարվա ազատազրկում։ [«Իշխանավորները»], փոխանակ բանտարկյալներին տեսնելու և գործով ու խոսքով մխիթարելու, նպաստում են, որ անմեղ արձակվածները բանտի ու կապանքի մատնվեն, ո՞ւր և ի՞նչ չափով պիտի պատժվեն արդյոք, եթե ոչ սատանայի և իր արբանյակների հետ, որոնց կամքն էլ կատարեցին» ¥Ս. Ներսես Շնորհալի¤։ Եվ այդ ներում-պատիժը պատճառ դարձավ, որ 9 տարվա անօրեն բանտարկությունից հետո ևս 11 տարի զրկվեմ ազատությունից։ Մինչդեռ, եթե պատիժ նշանակելու մեջ գեթ մեկ անգամ էլ սխալվեն, ապա որքան էլ զղջան և ապաշխարեն, միևնույն է, կորցրածը հետ չի դառնալու։
Եվ ահա այս դժոխային բանտարկությանս 20 տարին թևակոխեցի երրորդ՝ ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում։ Եվ եթե նախկին երկու նախագահներն անվերադարձորեն կորցրել են իրենց տրված հնարավորությունները սրտի, ոգու, կամքի դրսևորման, ապա գործող նախագահը դեռևս ունի հնարավորություն ոչ միայն նախկինների սխալը չկրկնելու, այլև առաջնորդվելու Ամենայն բարձրյալի իմաստության, խրատի, հանճարի և նրա գործակից մտքի՝ հայոց սրբերի հեղինակած բարեպաշտ հուշարձան մատյաններով։
Հայոց արքա Աշոտ Բագրատունի Ողորմածը Տիրոջ կամքով կառուցեց հիվանդանոցներ, բորոտանոցներ, որոնց մեջ հենց ինքն Արքան անձամբ սպասավորում էր հիվանդներին։ Նա հաշմանդամներին՝ կաղերին, կույրերին, անդամալույծներին հավաքում էր իր պալատում և իրեն սեղանակից էր անում ու իր արքայական գավաթով նրանց ըմպելիք էր մատուցում և նոր միայն վերջում գավաթի տակ մնացածն ինքն էր ըմպում։ Բազում ողորմածությունների ցուցաբերմամբ չէր մոռանում նաև բանտարկյալներին ու գերիներին, նա ազատ էր արձակում շղթաներից զնդաններում փակվածներին, ներման շնորհ էր տալիս մահվան դատապարտվածներին և, բազում բարիքների բերկրություն տալով իր ժողովրդին, փորձում էր նմանվել մարդասեր Տիրոջը։ «Ինչպես որ Տե՛րն ազատում է մեզ մեղքի ծանր բանտից և տալիս բազում բարիքների բերկրություն, այդպես էլ մենք (Հայոց արքաները) ինչով կարող ենք, պետք է նմանվենք մեր մարդասեր Տիրոջը»։ Նրա մահից հետո արքայական գանձարանում դրամ չէր մնացել, անգամ իր անձնական զարդերը բաշխել էր կարիքավորներին։ Ասողիկ պատմիչը վկայում էր, որ «խոնարհությամբ ու ողորմությամբ գերազանցեց ամենքին»։ Սուրբ առաքելական եկեղեցում Աշոտ Ողորմածը դասվում է տոնելի սրբերի շարքին՝ մայիսի 20։ «Մարդիկ դժոխքում պատժվելու են ոչ միայն գործած չարիքների համար, այլև այն բարիքների, որոնք պարտավոր էին անել, բայց զանց առան» ¥Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, 18-19-րդ. 77¤։
Եվ ահա այսօր, 20 տարի անօրինաբար մահապատժի խցերում պատիժ կրողիս իրավունքով խոնարհաբար գրում եմ ձեզ, նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյան և Ռ. Քոչարյան, այն բոլոր վշտերն ու ցավը, ընտանիքիս անդամների կորուստները, այն զրկանքներն ու մղկտանքը, որ պատճառեցիք ինձ, ես ձեզ ներել եմ և ներել եմ վաղուց, ի սրտե և ըստ տերունական կարգի։ Եվ թող Ամենաբարի Տերն էլ ձեզ ների ձեր գործած մեղքերի համար... Աստվա՛ծ ձեզ հետ։
Մինչդեռ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուզում եմ դեռ հիշեցնել` «Հիշե՛ք բանտում եղողներին՝ Դուք ձեզ բանտակից զգալով նրանց...» (Եբր. 13.3) Տիրոջ խոսքը, միևնույն ժամանակ նշելով, որ վաղաժամկետ ազատմանս 20 տարին սպառված է, և եթե կան քաղաքական և այլ դրդապատճառներ ինձ ազատ չարձակելու, ապա նախընտրում եմ իմ մասով մահապատժի կիրառումը, նաև հավելում եմ, որ իրական մահը չի սահմանվում հոգին մարմնից բաժանումով, բաժանումով նյութը ոգուց։ Իրական մահը հոգու հեռացումն է Աստծուց, քանզի Աստված է կյանքը, և կյանքը հավիտենական է, քանզի հավիտենական է մեզ ստեղծող ու շունչ տվող Արարիչը։ ՈՒստի և համարձակությամբ ասում եմ` «Տե՛րն է իմ օգնականը, ուստի չեմ վախենում ես, մարդն ի՞նչ կարող է անել ինձ» ¥ըստ Եբր. 13-6¤։
Վճռեք, պարոն նախագահ, ազատություն կամ մա՛հ...
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ Դրո գործով
մահվան դատապարտված