irates.am-ի խմբագրություն էր դիմել Ոսկեհատ գյուղի բնակչուհի Մարգարիտ Ֆիդանյանը, ով հուզված պատմեց, որ իր որդին հիվանդ է, բայց հաշվի չեն առել այդ փաստը և բանակ են զորակոչել:
Նարեկ Ֆիդանյանը հունվարի վերջին զորակոչվել է բանակ, բայց մինչ այդ նրան հետազոտել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և, մոր վկայությամբ, հիվանդության մասին ոչ մի խոսք չեն ասել, երեք օր հիվանդանոցում մնալուց հետո, նրան ուղարկում են Ղարաբաղ: Նարեկը տառապում է գիշերամիզությամբ: «Հարևաններս էլ ամեն օր տեսել են, թե ոնց է դոշակը գցած արևի տակ: Ես էդ մասին չէի ասում, որ իմ տղեն խայտառակ չլիներ: Բերեցին հիվանդանոց, երեք օր պառկեցրին, հետո էդ շռան տղուս թաց-թաց տարան Կուբաթլու: Էրեխեն վախենում էր քնել վերևի հարկում: Քնում էր ներքևում, որ չշռի էրեխեքի վրա: Երեք անգամ բերեցին Սիսիանի գոսպիտալ, տարան»,-նշեց Մարգարիտը` հավելելով, որ հիմա էլ Սիսիանում է որդին և իրեն զանգել է, տեղեկացրել է, որ նորից հետ են տանում: «Էդ շռող էրեխեն ո՞նց կարա ծառայի, եթե մեզի հոտը ուժեղ վրայից գալու ա ու ասելու են` շռան, շռան, ինքն էլ տվեց ու մի էրեխու վնասեց, նրա ծնողը կգա՞ ինձնից իր էրեխուն կուզի, ես ինչ պիտի ասեմ իրեն»,-լացակումած նշեց մայրը և ասաց, որ հիվանդանոցը, որը հետազոտել է որդուն, համառորեն «էպիկրիզը» չի տալիս: Դիմել է պաշտպանության նախարարություն, այստեղ էլ նրան լսել են, բայց ոչ մի քայլ չեն անում: «ՈՒզում եմ գամ էդ նախարարության առաջ գոռամ` հիվանդ էրեխուն ո՞ւր եք տանում: Հետևից էնքան «շռան» կասեն, որ կտա իրեն կվնասի, սպասում են մինչև էրեխուս դիակը բերեն տուն: Միակ տղաս ա, տան ճրագս: Հեսա, էսօր իմ էրեխուն տանում են, զանգել ասել ա` մամ կփախնեմ»,-խզված ձայնով, արցունքն աչքերին պատմեց Մարգարիտը, որն անելանելությունից չգիտի՝ որ ատյանի դուռը թակի, որ իրեն օգնեն ու որդուն բանակից ազատեն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ