Դեկտեմբերի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս` «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար» թեմայով:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրված դրամաշնորհի նպատակն ու ծրագրված գործողությունները:
Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովանը, «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունն իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր:
Ծրագրի առաջնային նպատակն է ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձանց, «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի փորձառու դասավանդողների օգնությամբ 7-ամսյա դասընթացների ընթացքում տալ նրանց տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ վեբ ծրագրավորման բնագավառում: Ծրագրի ընթացքում 10-12 լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:
«Ներկայումս Հայաստանում ապրում են ավելի քան 189.500 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից զգալի տոկոս են կազմում բարձրագույն կրթություն ունեցող և տեխնոլոգիական ոլորտում գրագետ մարդիկ, իսկ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտն աշխատուժի սուր պահանջարկ ունի»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ծրագրի երկրորդ նպատակն է ստեղծել առցանց տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կտեղադրվեն շուկայում մրցունակ մասնագիտությունների ուսուցման ծրագրեր: Հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կկարողանան ինքնուրույն ուսուցանել դրանք և հասնել անհրաժեշտ որակավորման: Վեբ կայքը նաև կունենա սոցիալական ցանց-միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան շփվելու, իրականացնելու փորձի փոխանակում, կիսվելու նոր գաղափարներով, պատվերներով և գիտելիքներով:
Ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ մարկետինգի մասնագետները, ծանոթանալով և գնահատելով հաշմանդամի գիտելիքներն ու կարողությունները, կբանակցեն պատվիրատուների հետ` ձեռք բերելով պատվերներ հաշմանդամություն ունեցողների համար: