Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:
Անդրադարձ է եղել նախօրեին ստորագրված Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ` հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:
Սերժ Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու, և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ գործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար: