ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով պարբերաբար մամուլում հանդես է գալիս դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հոդվածներով ու հրապարակումներով, հիմնադրել է «Դիպլոմատ» ակումբը: Արման Նավասարդյանը նաև www.diplomat.am կայքի հիմնադիրն է:
Ակումբի բացման առթիվ երկարամյա փորձ ունեցող դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարևորեց չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ների դերը՝ նշելով, որ իրենք համագործակցելու են մամուլի հետ:
«Սա համարեք ձեր աշխատավայրերից մեկը»,- դիմելով լրագրողներին՝ ասաց դեսպանը:
Ակումբի նպատակն է հրավիրել տարբեր դիվանագետների, քաղաքագետների, նախկին ու ներկա դեսպանների, արտգործնախարարների, որոնք Հայաստանի ընթացիկ քաղաքականության մասին կարող են ներկայացնել իրենց տեսակետները:
Ակումբի բացմանը ներկա էին և ողջունեցին «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան խորհրդական Ղ. Իբրահիմփուրը:
Պարոն Իբրահիմփուրը նշեց, որ դիվանագիտական ակումբները հատուկ տեղ և դեր ունեն ցանկացած երկրի կյանքում: Ըստ դեսպանի խորհրդականի՝ արտաքին քաղաքականության մեջ կարևոր է ժողովրդական դիվանագիտությունը, որն ապահովում է հանրությանը տեղեկատվությամբ:
«Մենք փորձում ենք իրացնել մեր հնարավորությունները»,- ասաց նա:
irates.am-ը հետաքրքրվեց, թե պատրաստակա՞մ են մեր քաղաքական գործիչները, դիվանագետները գալու և մասնակցելու բանավեճերի, քննարկումների: Նկատեցինք նաև, որ աշխարհի զարգացած երկրներում ընդունված է պաշտոնաթող դիվանագետների, դեսպանների փորձն ու գիտելիքներն օգտագործելը, և նրանք պարբերաբար հանդես են գալիս ելույթներով, արձագանքում են քաղաքական իրադարձություններին:
«Կան մարդիկ, որոնք քաշված են, կան դեսպաններ, որոնք բոլորովին չեն ուզում մասնակցել, կան նեղացածներ, որոնք ժամանակին հեռացվել են ԱԳՆ-ից կամ նրանցից վերցրել են կոչումները: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել են նման դեպքեր: Կան մարդիկ, ովքեր Հայաստանում չեն վաղուց: Մի՛ կարծեք, թե ինձ և Արա Պապյանին ձեռքերի վրա են պահել: Բոլորովին: Մենք ոչ մեկից չենք նեղանում, մենք աշխատում ենք օգնել մեր ժողովրդին: Եթե հետևեք մեր կայքին, կտեսնեք, թե ինչ մեծ աշխատանք ենք կատարում»,- ասաց Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե պետական մակարդակով լինո՞ւմ են արձագանքներ իրենց հրապարակումներին:
«Անհատների կողմից լինում են, պետական մակարդակով՝ ոչ»,- ասաց նա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ