Հոկտեմբերի 12-ին Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտում Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած Լոռու մարզային «Բերքի տոն» տոնակատարությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Տոնակատարության մասնակիցներին մարզի բոլոր տարածաշրջանների ավանդույթները բնութագրող ուրախ երգ ու պարով, թատերականացված տեսարաններով դիմավորում էին թումանյանական հեքիաթների հերոսները: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Մայիս Սարգսյանը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կերպարով իր ողջերթի ու խրատական խոսքն էր հղում ներկաներին:
Ավանդույթի համաձայն՝ մարզի բոլոր համայնքները ներկայացել էին առատ բերք ու բարիքով, ոչ ավանդական մշակաբույսերով, հետաքրքիր ուտեստներով: Տաղավարների յուրօրինակ ձևավորումներով համայնքները չէին զիջում մեկը մյուսին:
Տոնակատարության մասնակիցներին ողջունեց, հյուրերին բարի գալուստ մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում ուրախությամբ նշեց, որ Լոռու մարզում տարին բերքառատ է եղել, կարևորեց կառավարության մեծ աջակցությունը՝ գյուղական համայնքների բնակիչներին: Օրհնանքի խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Ավանդույթի համաձայն պարգևներ՝ պատվոգրեր և շնորհավորագրեր հանձնվեցին մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքներին և գյուղատնտեսներին:
Տոնակատարությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Միջոցառմանն ուրախ տրամադրություն էին հաղորդել մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից ժամանած անհատ կատարողները, պարային խմբերը: