«Բավական հետաքրքիր էր, որ նախագահը ԵԽԽՎ-ում բացատրեց` ինչու ընտրեց Մաքսային միության ճանապարհը, ոչ թե ԵՄ-ի: Հերքեց ՌԴ-ի ճնշումների հետ կապված լուրերը: ՀՀ-ի համար այսօր կարևոր է նաև Արցախյան հարցի կարգավորման հարցը… Լավ է, որ Ադրբեջանի պատվիրակը լավ հնարավորություն ընձեռեց մեր նախագահին` խոսել ԼՂ խնդրի մասին: Սերժ Սարգսյանը վերահաստատեց այն միտքը, որ պատերազմով չէ, որ պետք է լուծել արցախյան հարցը»,-այսօր, «Հենարան» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով, նախագահը հայտարարել է նաև, որ ՀՀ-ը մասնակցելու է Վիլնյուսյան գագաթնաժողովին. «Կարծում եմ` ՀՀ-ին ձեռնտու է նախաստորագրել ԵՄ-ի քաղաքական մասը»,-ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ Հայաստանն իր տնտեսական ներկա վիճակով չի կարող ռազմավարական նշանակություն ունենալ ԵՄ-ի համար, սակայն Հայաստանը երբեք չի հրաժարվի համագործակցել ԵՄ-ի հետ` տնտեսական մասով:
Բանախոսը գտնում է, որ համաժողովի առաջնային և կարևոր իրողություններից մեկն այն էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի առաջին անգամ հայտարարեց, բացատրեց, թե ինչն էր պատճառը, որ ընտրեց Մաքսային միությանն անդամակցելու առաջարկը: Վերջինիս գնահատմամբ, նախագահը բավարար հիմնավորումներ ներկայացրեց, հերքեց Ռուսաստանի ճնշումները, ինչը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար կարևոր էր: Ըստ քաղաքագետի, Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ լուրջ խոսք եղավ տնտեսության զարգացման մասին. «Եվրոպայի հետ տնտեսական կապերը չեն խզվելու, այդ համագործակցությունը դրական կարող է անդրադառնալ նաև եվրառուսական հարաբերությունների վրա։ Մաքսային միություն մտնելուց հետո չի բացառվում, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանին խանգարում են լինել և՛ Եվրոպայի հետ, և՛ Մաքսային միությունում: Այժմ այդ հարցերն են քննարկվում, ու նման բան հնարավոր է»,-նշեց նա: Բանախոսը համոզված է, որ Հայաստանը հնարավորինս կանի քայլեր, որպեսզի Մաքսային միություն մտնելու համար պայմանագիր ստորագրելու դեպքում Եվրոպայի հետ կապերը չխզելու ուղղությամբ իր առաջարկները ներկայացնի: «Հայաստանը ոչինչ չի զիջել ՌԴ-ին, այլ դարձել է այդ միության մի մասը»,-ընդգծեց Հ.Մ.-Շահնազարյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ