Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պահանջվում են պավլիկ մորոզովներ

Պահանջվում են պավլիկ մորոզովներ
03.09.2013 | 12:00

«Կոկորդդ կքերեմ»,- այս արտահայտությունն երեկ ամբողջ օրը շրջանառվում էր սոցցանցերում՝ զուգորդվելով ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին ջերմեռանդորեն պաշտպանող մի կնոջ պատկերի հետ: Բանն այն է, որ օլիգարխին պաշտպանող կինը հենց այդ խոսքերով էր սպառնացել Փակ շուկայի մոտ տեղի ունեցող ակցիան լուսաբանող լրագրողին: Կինն, իհարկե, բացառություն չէ: Երեկ ես բախտ ունեցա տեսնելու Սամվել Ալեքսանյանին նույն կրքոտությամբ պաշտպանող ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց, որոնցից ոմանք չէին խորշում վեճի բռնվել լրագրողների հետ՝ բարձր տոնայնությամբ փորձելով ապացուցել սեփական ճշմարտությունը: Իսկ «ճշմարտությունն» այն էր, որ պետք է Փակ շուկայի տեղում կառուցվի «Սիթի», որն, ըստ օլիգարխ Ալեքսանյանի խոստման, ապահովելու է յոթ հարյուր աշխատատեղ, ինչը ներկայացվում է որպես մեծագույն բարերարություն մեր աղքատ երկրում: Թե ինչպիսի ոգևորությամբ էին Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները վանկարկում «բա-րե-րար», ավելորդ է նկարագրել. այդ ամենը շատ լավ երևում է տեսանյութերում:

Երբ օլիգարխի պաշտպաններից մեկին փորձեցի հակադարձել, որ «Սիթի»-ներում աշխատող հսկիչների մեծ մասն այսօր շուրջօրյա լարված աշխատանքի դիմաց ստանում է 60 հազար դրամը չգերազանցող աշխատավարձ, որով հնարավոր չէ ընտանիք պահել, ինչպես իրենք են ներկայացնում, նա էլ իր հերթին աչքս «խոթեց»՝ «ցույց տվե՛ք մի տեղ, որտեղ 500 հազար դրամ են վճարում: Դուք չգիտեք, թե աշխատանք ունենալն ինչ է նշանակում ընտանիք պահող մարդու համար»:
Խնդիրն, իհարկե, Սամվել Ալեքսանյանի պաշտպանները չեն: Խնդիրն ավելի խորքային է, որը ձևավորվել է վերջին տարիներին: Խնդիրն այն է, որ Հայաստանում որևէ շոշափելի արդյունքի հասնելու համար պահանջվում է բառիս բուն իմաստով պավլիկմորոզովություն. մի կերպար, որը խորհրդային քարոզչությունը ներկայացնում էր որպես հերոսականության ծայրահեղ դրսևորում, և ինքն էլ այդպիսին էր: Եվ հիմա հանուն սեփական աշխատատեղի՝ Սամվել Ալեքսանյանի պաշտպանները ստիպված են դիմել բոլոր ծայրահեղ քայլերին: Միջին տարիքի կինը կարող է սպառնալ լրագրողին, մյուսը՝ հայհոյել, կարող են ցույցի գալ պաստառներով, որոնք ուղղված են «ծախու ընդդիմադիրներին», «գրանտակերներին», «մասոններին», բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում Սամվել Ալեքսանյանի իշխանությունը և փորձում են պաշտպանել հանրային շահը:
«Հերոսականության» այս դրսևորումը, ցավոք, արտահայտվում է հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս: Սոցցանցերում հազվադեպ կարելի է հանդիպել երկխոսության, դիմացինի կարծիքը լսելու և հարգելու դեպքերի: Հաճախ համախոհներով հարձակվում և ծաղրում են իրենց «ճիշտը» չընդունողներին, պիտակավորում վերջին խոսքերով:
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարդում, թե ինչ են գրում իր մասին, ինքն արգելափակել է այն մարդկանց, որոնց հետ չի ուզում շփվել: Շուշանը, թերևս, օրիգինալ չէ: Այդպես են վարվում նաև նրանք, ովքեր այսօր ներկայանում են որպես ժողովրդավարության և ազատ խոսքի պաշտպաններ, իշխանության ընդդիմախոսներ: Հենց «Ֆեյսբուք»-ում ստեղծված տարբեր խմբերից հեռացնում կամ արգելափակում են այն մարդկանց, ովքեր փորձում են ներկայացնել խմբում ընդունված տեսակետներից տարբերվող տեսակետներ, տեղադրում են իրենց ոչ հաճո լրատվամիջոցների նյութերը, հարցեր են առաջ քաշում, փորձում բանավեճի մթնոլորտ ստեղծել, ոչ թե միայն «լայք» են տալիս ու դրվատում խմբի այս կամ այն անդամի գրառումները:
Եվ այսպիսիով էլ երկխոսության, բանավեճի մշակույթին փոխարինելու է գալիս սեփական «ճիշտն» ամեն գնով ապացուցելու, դիմացինի աչքը խոթելու մշակույթը, որը դրսևորվում է ոչ միայն հանրային վայրերում, այլև՝ վիրտուալ կյանքում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ