Երևանի քաղաքապետարանի դիմաց երիտասարդների շուրջօրյա ակցիան` կապված տրանսպորտի սակագնի փոփոխման հետ, շարունակվում է: Հուլիսի 26-ին ակցիայի մասնակիցները հայտարարել են նստացույց, սակայն մինչ այսօր արձագանք չի եղել իշխանությունների կողմից: Քաղաքապետարանը, ի դեպ, շրջափակված էր ոստիկաններով: Ակցիայի մասնակիցներից Վահագն Մինասյանը հերքեց այն լուրերը, թե տեղի է ունեցել պառակտում: «Չկա շահերի բախում, ի սկզբանե շարժումը եղել է ապակենտրոն: Ամեն մի նախաձեռնող խումբ հանդես է եկել իր նախաձեռնությամբ, իր առաջարկներով, իրականացրել իր գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը: Նրանք շարունակում են պահանջել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսաք Համբարձումյանի հրաժարականները: Irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ արդյունք կտան այդ հրաժարականները, երբ նշյալ անձինք ընդամենը երկրորդական դերակատարում ունեցող պաշտոնյաներ են: «Անկախ այն բանից` չինովնիկը առաջնային է, երկրորդական, թե երրորդական, չինովնիկն իրավունք չունի ունենալու քրեածին արժեքային համակարգ և քրեական բարքեր տարածելու: Նման չինովնիկը իրավունք չունի մասնակցելու որոշումների կայացմանը»,- ասաց Վահագն Մինասյանը: «Բայց չէ՞ որ պետք է հենց գլխից բռնել ու պահանջել Երևանի քաղաքապետի հրաժարականը»,- հարցրինք Վահագն Մինասյանին: «Ես կարծում եմ, որ պետք է սկսել պոչերը մաքրելուց»,- հակադարձեց նա: Նա չբացառեց, որ հետագայում կարող են պահանջել ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ: «Չի բացառվում, որ պահանջը վերաձևակերպվի քաղաքապետի և բոլոր վարչության պետերի հրաժարականին»,- ասաց մեր զրուցակիցը: Վահագն Մինասյանը հերքեց նաև այն լուրերը, որ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ փորձել են երիտասարդական այս շարժումն օգտագործել քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակով: «Միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է եկել, իր համերաշխությունը հայտնել: Նա ասաց, որ մի օր մեր նպատակները կարող են համատեղվել»,- ասաց Վահագն Մինասյանը: Թարգմանչուհի Աշխեն Բախչինյանն այս ակցիային էր մասնակցում իր չորս մանկահասակ երեխաների հետ: Նա կարծիք հայտնեց, որ բոլոր քաղաքացիներն էլ պետք է ժամանակ գտնեն և գան ու մասնակցեն այս ակցիաներին: «Հայտնի խոսք կա. ոչինչ այնպես չի այլասերում իշխանություններին, որքան ժողովրդի հանդուրժողականությունը: Հիմա ինձ ոգևորում է, որ ժողովրդի գիտակցությունը քիչ-քիչ բարձրանում է, զգում են, որ պետք է մասնակցեն այսպիսի ակցիաների, իրենց կենցաղային հոգսերից բացի, պետք է ժամանակ գտնեն նաև մասնակցելու հանրօգուտ գործունեության»,- ասաց Աշխեն Բախչինյանը: Գայանե Աշուղյանը արդեն տասը տարի մասնակցում է ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին ու ակցիաներին: Նա վստահ է, որ երիտասարդները չեն հոգնի ու կշարունակեն պայքարել: «Մենք հետ կանգնելու տեղ չունենք, պետք է գանք ու աջակցենք երիտասարդներին: Իմ երեխաները չեն դիմանում, չեն ուզում ապրել այսպիսի երկրում, ու պետք է պայքարենք ամեն գնով: Ինձ ոգևորում է, որ հիմա երիտասարդներն են ոտքի կանգնել ու պայքարում, իսկ դա մեր ապագան է»,- ասաց նա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ