2013-ի հուլիսի 9-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը այցելել էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին:
Կարևորելով վարպետի մեծ ավանդը քաղաքացիական մտածողության ձևավորման և արվեստի զարգացման գործում` ԵՃՇՊՀ-ի գիտխորհրդի և ուսխորհրդի որոշմամբ` վարպետին շնորհվեց ճարտարապետության ոլորտի մեկ այլ մեծանուն ստեղծագործողի`«Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալը: ՀՀ վաստակավոր նկարիչ, ԵՃՇՊՀ-ի պատվավոր պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի նվերը` «Լոռվա խաշխաշներ» բնապատկերը, մի պահ արտիստին տեղափոխեց իր հայրենի դաշտերը:
«Աշխարհը հիմնված է սիրո վրա: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները իրենք իրենց հարցնեն` սիրո՞ւմ են իրենց հայրենիքը, թե՞ ոչ: Սերը պետք է արտահայտվի անգամ մանրուքներում` քաղաքը մաքուր պահելու մեջ նույնիսկ: Ինչպես մեծ զորավար Անդրանիկը կասեր` յուրաքանչյուրը քնելուց առաջ մի պահ թող մտածի` ինչ է արել երկրի համար:
Երիտասարդներին առաջին հերթին հարցնում եմ` ամուսնացած ես... այն երկրները, որոնք պահպանողական են ընտանիքի նկատմամբ, հավիտենապես կապրեն»,- իր խոսքում ասաց վարպետը և շնորհակալություն հայտնելով` անկեղծորեն հավելեց. «Մի քիչ ավելի են ինձ մեծարում»:
Հայ թատրոնի և կինոյի կենդանի լեգենդը, ինչպես բնորոշ է Լոռվա մարդու մեծահոգությանը, ներկաներին նվիրեց իր երկու` «Լակոտը» և «Разорванное время» գրքերը անձնական մակագրությամբ:
«Սոս Սարգսյան արվեստագետ և քաղաքացի մեծությունը դասվում է մեր մեծ դասականների` Չարենցի, Թումանյանի, Սևակի, Մհեր Մկրտչյանի և այլոց շարքին: Երևանի մայթերը կարոտել են Ձեր քայլերին: Մեր համալսարանի ողջ աշխատակազմը և ուսանողությունը Ձեզ սիրում են, և մաղթում շուտափույթ ապաքինում և ստեղծագործական նոր լիցքեր»,- երախտիքի իր խոսքում ասաց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Համալսարանցիները հույս հայտնեցին, որ մինչև տարեվերջ մեծանուն արտիստը կհյուրընկալվի համալսարանում` ուսանողների հետ հանդիպման ակնկալիքով:
ԵՃՇՊՀ մամլո քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ