Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԼՂ հակամարտության կողմերի միջև լարվածությունը շարունակվում է. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

ԼՂ հակամարտության կողմերի միջև լարվածությունը շարունակվում է. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը
03.07.2013 | 16:49

Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group, կենտրոնակայանը՝ Բրյուսել) հասարակական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների վերաբերյալ հերթական զեկույցը, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Crisisgroup.org կայքը տեղեկացնում է, որ ԼՂ հարցին վերաբերող հատվածում խմբի փորձագետներն ամփոփել են վերջին մեկ ամսվա զարգացումները:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, սպառազինության մեծացող մրցավազքի պայմաններում, շարունակում են լարված մնալ: Հունիսի 19-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Ռուսաստանից 1 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն է ձեռք բերել, այդ թվում՝ մոտ 100 միավոր T-90 տեսակի տանկեր, հրթիռային համակարգեր, ինքնագնաց հրետանային կայանքներ (տեղեկությունը տարածել էր ռուսական «Վեդեմոստի» պարբերականը՝ նշելով, որ սպառազինության մատակարարումը կատարվում է 2011-2012 թթ. Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերի հիման վրա):
Հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցավ մեծ զորահանդես, ցուցադրվեցին կործանիչ ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացավ, որ, անհրաժեշտության դեպքում, վերադարձնելու է կորցրած տարածքները և հայկական հողերը (Ալիևը իր ելույթում, ինչպես միշտ, օգտագործել է «զավթված տարածքներ» ու «ադրբեջանական հողեր» եզրույթը):
Հայաստանի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը ունի մեծ հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք ի զորու են խոցելու Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ, սակայն պարզ չէ՝ խոսքը Հայաստանի զինված ուժերին, թե ՞ Հայաստանում ռուսական ուժերին (խոսքը Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին է) մատակարարված ռուսական համակարգերի մասին է:
Հունիսի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարը (ՀԱՊԿ, Նիկոլայ Բորդյուժա) և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը (Նիկոլայ Պատրուշև) այցելեցին Երևան. այցի շրջանակում կողմերի միջև նորացվեց ռազմական ոլորտում համագործակցության դաշնագիրը, որով նախատեսվում է ավելի շատ օգնություն և զենք:
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի մասին համաձայնագիրը ժամանակ առ ժամանակ խախտվում է կրակոցներով և բախումներով:
Հունիսի 12-ին ԵԱՀԿ-ի նախագահի՝ սառեցված հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան զգուշացրեց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ է, կարող է պայթել. նա նաև մտահոգիչ համարեց Երևանի և Ղարաբաղի միջև կանոնավոր ավիահաղորդակցություն հաստատելու Հայաստանի մտադրությունը` հաշվի առնելով Ադրբեջանի արձագանքը, դժգոհեց, որ երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարները չեն ցանկանում երկկողմանի հանդիպում անցկացնել՝ լարվածությունը մեղմելու համար:
Զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աղբյուրները, հունիսին գրեցին, որ ձախողվել է երկու երկրների նախագահներին (Հայաստանի և Ադրբեջանի) բանակցությունների սեղանի շուրջ բերելու փորձերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հունիսի 18-ին իրենց մտահոգությունը հայտնեցին (հունիսի 17-ից 18-ը Մեծ Բրիտանիայի Էնիսկիլեն բնակավայրում անցկացված «Մեծ ությակի գագաթաժողովի ժամանակ) առ այն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը փակուղի է մտել և կողմերին կոչ արեցին ակտիվացնել խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Միջազգային ճգնաժամային խումբը հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների ուսումնասիրմամբ. խմբի փորձագետները վերլուծում, ուսումնասիրում են հակամարտությունների շուրջ զարգացումները, ժամանակ առ ժամանակ դրանց վերաբերյալ զեկույցներ, հաշվետվություններ հրապարակում, երբեմն էլ ներկայացնում կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկները:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ