Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը լավ թե վատ հորով-մորով արեցին քարոզարշավը: Ընդդիմադիր ուժերի համար առաջիկա հինգ տարիներին իշխանության քաղաքական անդորրը խախտելու վերջին հույսը այս ընտրություններով, կարծես, փակվում է, ու սա է պատճառը նաև, որ մրցավազքը իրար ձեռքից քվե փախցնելու հնարքներով հարուստ էր:
Բավականին օրիգինալ մտքեր հնչեցին: Օրինակ, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը զվարճացրեց հանրությանը սեռական փոքրամասնությունների «հարցերը լուծելու» իր յուրօրինակ գաղափարով, որն իրականում բավականին զավեշտալի է՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ֆոնին:
«Ուշագրավ» հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը, երբ ասաց, թե ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու հարցում իշխանությունն է մեղավոր: Չնայած պետք է ընդունել, որ սրա մեջ ճշմարտության հատիկ կա: Իշխանությունը Ծառուկյանին և նրա նմաններին վաղուց պիտի հարկային դաշտ տարած լիներ, որպեսզի ժողովրդի աղքատության հաշվին հարստանալը խաղուպար չդառնար, թեև Զուրաբյանը, կարծես թե, սա նկատի չուներ:
«Բարև, Երևանի» քարոզարշավը, մարզային ու բակային այցելություններով, նորություն չէր: Դաշինքի վերջին ամփոփիչ հանրահավաքն էլ նոր բան չտվեց ընտրողին: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ռեսուրսը մարզային սարերի քամուն տվեց ու մայրաքաղաքում արդեն ռեսուրսաթափ հանրահավաք արեց, որի մասնակիցները զգալիորեն քիչ էի՝ նախագական ընտրությունների հետընտրական հանրահավաքների համեմատ: Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական քարոզարշավը, սակայն, մի նոր մշակութ մտցրեց մեր քարոզարշավային «վարքականոնի» մեջ, որից օգտվեցին բոլոր կուսակցությունները` յուրաքանչյուրն իր տաղանդին համապատասխան:
Կարկառուն դաշնակցականների թաքնված շնորհները, օրինակ, երևան եկան մի առանձնակի հումորով: Երեկ, օրինակ, ՀՅԴ առաջնորդները Ջրվեժում աշխույժ ասել-խոսել են ընտրողների հետ, մտել կոշկակարանոցներ ու վարսավիրանոցներ, պատշգամբներից դուրս նայողների հետ խոսքի բռնվել, իսկ Աղվան Վարդանյանը համոզելու բացառիկ ունակություններ է դրսևորել. «Անունդ ինչ է, նայիր աչքերիս մեջ: Խնդրում եմ ձայնդ տուր դաշնակցությանը, ամուսնուդ, հարևաններիդ էլ ասա»: Հումոր չէ, ի՞նչ է:
ԲՀԿ-ի մասին կարելի է ընդամենն ասել, որ կրկին հինգհազարանոցների տարերքի մեջ էր: Երեկվա հանրահավաքին ներկա լինելով համոզվեցի, որ մեղք է ԲՀԿ-ին կուսակցություն անվանելը: Փողով հրապարակ լցրած կուսակցությունը չի կարող գաղափարախոսություն ունենալ ու չունի: Հանրահավաքի մասնակիցներն ընդհանրապես կապ չունեին ԲՀԿ-ի հետ: Նրանք կապ չունեին նաև ընտրությունների հետ: Սա հասարակության այն շերտն է, որն ընտրությունների ժամանակ հստակ պատասխան ունի` ով փող կտա, նրան էլ կընտրեմ: Սա չքավոր, բայց նաև քաղաքականապես ոչ գրագետ շերտն է: ԲՀԿ-ի հանրահավաքը, ՀԱԿ կուսակցության ու «Բարև, Երևան» դաշինքի հանրահավաքների համեմատությամբ, ամենամարդաշատն էր: Ցավալի է, բայց մեզանում քաղաքացիական գիտակցություն չունեցող այս տեսակն իսկապես շատ է: Նրանք, կարծես, աշխատանքի էին եկել` հինգ հազարի դիմաց դրոշակներ թափահարեցին, մի քանի անգամ ծափահարեցին, Ազատության հրապարակն էլ ապականեցին արևածաղկի սերմի կճեպներով, դատարկ շշերով ու գոհ գնացին:
ՀՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` բնակիչներին ուղղված նամակներով, որը սոցցանցերում շատերը նմանեցրին 2012-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի` ընտրողներին հղված նամակների գաղափարին: Իր նամակում քաղաքապետը թվարկում է նախորդ տարիներին «մայրաքաղաքում իրականացված մեծածավալ ծրագրերը» ու նշում, թե դրանք հեռու են բավարար լինելուց: Կուզենայի հավատալ, որ վերընտրվելու դեպքում Մարգարյանն այդ ծրագրերը կիրականացնի քաղաքի պատմամշակութային ու ճարտարապետական դեմքի պահպանման սկզբունքներից ելնելով:
Միով բանիվ, ով էլ լինի մեր ապագա քաղաքապետը, լուրջ գործ ունի անելու Երևանում հենց թեկուզ այն պատճառով, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, ուրեմն և՝ Հայաստանի դեմքը: Միաժամանակ վաղուց ժամանակն է հիշել, որ Երևանը միայն քաղաքի կենտրոնը չէ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ