ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

2014-ից շուտ աշխատավարձերի բարձրացումը կասկածելի է

2014-ից շուտ աշխատավարձերի  բարձրացումը կասկածելի է
26.04.2013 | 12:36

«Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կբարձրացնեն աշխատավարձերը։ Իշխանությունները խոստացան, որ այս տարի 20-30 %-ով այն կբարձրացվի»,- այս մասին են հարցնում քաղաքացիները, երբ խոսում են լրագրողիս հետ։ Սա բնական է, քանի որ աշխատավարձի հարցն ամենահրատապ թեման է։

Այն, որ փետրվարին նախագահական ընտրություններում իշխանությունները խոստացան աշխատավարձերի զգալի բարձրացում, ոչ ոք չի վիճարկում, սակայն ամենագլխավոր հարցը մնում է անպատասխան` ինչի՞ հաշվին։ Աշխատավարձի բարձրացում 2013-ի պետբյուջեով նախատեսված չէ և, բնականաբար, բոլոր հատկացումները ֆիքսված են։ Սա նշանակում է, որ մինչև 2014-ը աշխատավարձերի բարձրացումն անիրատեսական է։ Մենք ներողություն ենք խնդրում քաղաքացիներից մեր «տխուր» կանխատեսման համար։ Այն, որ մինչև 2014-ն աշխատավարձերի բարձրացումը իրատեսական չէ, փաստում է նաև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա լրատվամիջոցներին ասել է, որ դեռևս քննարկվում է այդ հարցը։ Միևնույն ժամանակ վստահեցրել է. «Երբ նորություն լինի` անպատճառ տեղյակ կպահենք»։ Այլ կերպ ասած, աշխատավարձի բարձրացման հարցի քննարկումը մինչև այս տարվա սեպտեմբեր կձգձգվի։ Այնուհետև կսկսվի 2014-ի պետբյուջեի նախագծի մշակման փուլը, և հավանաբար աշխատավարձերի բարձրացումը կներառվի այդ նախագծում։ Այսինքն, մենք մեր կանխատեսումներում, որ այս տարի աշխատավարձերի բարձրացումն անիրատեսական է, իրավացի կլինենք։ Իհարկե, դա չի նշանակում, որ իշխանություններն իրենց տված խոստումը չեն կատարի, ուղղակի այն կիրականացվի 2014-ին, ինչը ֆինանսատնտեսական առումով շատ բնական է։
Բայց մինչև 2014-ը համաշխարհային տնտեսական դաշտում ընթացող բացասական գործընթացները հնարավոր է բացասաբար ազդեն աշխատավարձերի բարձրացման կամ էլ դրանց արդյունավետության վրա։ Մեր մտավախության հիմքում այս տարվա մարտի արտահանման ցուցանիշներն են։ Վիճակագրությունը փաստում է, որ 2013-ի հունվար-փետրվար ամիսներին գրանցված արտահանման բարձր աճից հետո մարտին գրանցվել է տնտեսական խիստ պասիվություն արտաքին շուկաներում։ Բացասական տարբերությունը հասնում է 10 %-ի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա մարտին արտահանումը կրճատվել է 28 %-ով։ Վիճակագիրների վերլուծության համաձայն` արտահանման կրճատման պատճառը փետրվարի կեսերից արտաքին շուկաներում ընթացող բացասական զարգացումներն են։
Եթե նկատենք, որ հանքարդյունաբերությունը մեր արտահանման մեջ գլխավոր տեսակարար կշիռ ունի, և այն, որ համաշխարհային շուկաներում կտրուկ նվազել է պղնձի գինը, ապա ակնհայտ է, որ այդ ամենից Հայաստանի տնտեսությունը չի շահում։ Միջազգային վերլուծաբանները համաշխարհային շուկաներում նկատվող բացասական զարգացումներից տնտեսական գլոբալ ճգնաժամի «հոտ» են առնում։ Սա նշանակում է, որ ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը փոքր չէ։ Հատկապես, եթե հիշենք, որ 2008-ից գլոբալ ճգնաժամը ուղղակի մտավ հանքարդյունաբերության ոլորտ, և միջազգային շուկաներում կտրուկ նվազեցին մետաղի գները։ Ինչևէ։ Չնայած միջազգային փորձագետների մտավախություններին, մեր հայրենի պաշտոնյաները և հատկապես էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները մեզ հետ տարբեր զրույցներում խորհուրդ են տալիս այդ ահազանգը լուրջ չընկալել։ Թե որքանով այն լուրջ կլինի, ժամանակն իրեն շատ սպասել չի տա։ Բայց որ այս պահին հանքարդյունաբերության և ընդհանրապես արդյունաբերության ոլորտներում զգալիորեն նվազել է արտահանումը, դա արդեն փաստ է և` տխուր փաստ։
Չնայած արտահանումը կրճատվել է, այնուհանդերձ, վիճակագիրները փաստում են, որ Հայաստանում վերջին երեք ամսում, այդ թվում նաև` մարտին, ավելացել են արտադրության ծավալները. այն մոտենում է 16 %-ի։ Որոշ վերլուծաբանների կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մեր տնտեսավարողները հույս ունեն, որ առաջիկայում համաշխարհային շուկայում իրավիճակը կկարգավորվի, ինչն իրենց հնարավորություն կտա ակտիվացնելու արտահանումը։ Գուցե և այդպես լինի, սակայն, կարծում ենք, այն քիչ հավանական է։ Ինչ հիմքերի վրա է վերլուծաբանների այս ենթադրությունը, դժվարանում ենք ասել, սակայն կարծում ենք, որ ներքին արտադրության ծավալների աճն ավելի շատ պայմանավորված է վերջին երկու տարում և մասնավորապես 2013-ի հունվար-փետրվարին համաշխարհային շուկայում նկատվող դրական զարգացումներով, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ 2008-ից հետո 2011-ին շուկաներում աստիճանաբար հանքարդյունաբերությունն իր դիրքերը սկսեց վերականգնել, և գնալով պղնձի գինը զգալիորեն բարձրացավ, ինչն ուրախացրեց նաև մեր տեղական արտադրողներին և հիմք տվեց նրանց մեծացնելու արտադրության ծավալները։
Եթե միջազգային շուկաներում հանքարդյունաբերության ոլորտում գները գնալով չբարձրանան, այն կարող է «տխուր» հետևանքներ ունենալ մեր գործարարների և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար։ Հատկապես, եթե նկատենք, որ տնտեսության ակտիվացման մեկ այլ` շինարարական ոլորտը, անընդհատ հետաճ է գրանցում։ Հանքարդյունաբերության ոլորտում գների նվազեցումն առաջին հերթին փաստում է պահանջարկի նվազման մասին, ինչը լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ այդ նույն արտադրողների վրա, ովքեր ավելացրել են իրենց արտադրության ծավալները։
Այս ֆոնի վրա կանխատեսել տնտեսական էական աճ, որի պատճառով հնարավոր լինի բարձրացնել աշխատավարձերը, մի փոքր դժվար է պատկերացնել։ Եթե անգամ 2014-ին աշխատավարձերի բարձրացում տեղի ունենա, մենք դեռևս չգիտենք, թե համաշխարհային տնտեսությունն ի՞նչ դրսևորումներ կցուցաբերի, և որքանո՞վ արդեն բարձրացած աշխատավարձերը շոշափելի կլինեն մեր ժողովրդի համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ