Shamshyan.com-ի տեղեկացմամբ,այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 59-ամյա Զաբել Բաբայանը, 30-ամյա Նելի Նազարյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Անուշ Թարխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Գավառ քաղաքի «Գավառտրանս» ՍՊԸ–ի հաշվեկշռում: Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը Գավառի ոստկանապետ Կարեն Նիկոյանի գլխավորությամբ վթարի վայրում պարզում են վարորդի ինքնությունը:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Գավառի ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոբուսի մեջ էլի են մարդիկ եղել, ովքեր մեկնում էին գերեզմանոց: Բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չի ունեցել:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի աշխատակիցները, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: