Միջազգային մրցանակ՝ առողջ ապրելակերպի քարոզման համար (տեսանյութ)
27.10.2012 | 15:41
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ, ֆիզկուլտուրայի և անվտանգ կենսագործունեության բաժնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանին շնորհել է մրցանակ՝ «Երեխաների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման և էկոլոգիական դաստիարակության ոլորտում կատարած աշխատանքների համար» անվանակարգում։ Այն Հովհաննես Գաբրիելյանին շնորհվել է հոկտեմբերի 15-ին Թուրքմենիայի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների մշակութային և գիտական մտավորականության 7-րդ համաժողովի ընթացքում։ Հեղինակավոր մրցանակը Հովհաննեսը ստացել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովից։ Մրցանակը Հովհաննես Գաբրիելյանը համարում է խիստ պարտավորեցնող հետագայում ավելի լավ աշխատելու համար։ Նա նշում է, որ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն ամեն տարի տարբեր ոլորտներում անցկացնում է մրցանակաբաշխություններ, խրախուսում երիտասարդ մասնագետներին, ինչը մեծ խթան է նրանց հետագա գործունեության համար։ Հովհաննես Գաբրիելյանն ընդգծում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասայականացման ուղղությամբ Հայաստանում մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն այդ ամենն է՜լ ավելի զարգացման անհրաժեշտություն կա, քանի որ այս ոլորտների նկատմամբ տածած մեծ ուշադրությունն ու կատարված ներդրումներն առողջ հասարակություն ունենալու գրավականն են։