ՀՀ ՄԻՊ պարոն
Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
պատճենը`
ՀՀ արդարադատության նախարար պարոն
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Արդեն երկու տարի է (2010 թ. հոկտեմբերի 12-ից), կինս` ՀՀ քաղաքացի Գ. Ռ.-ն, բուժվում է Ֆրանսիայում` Մարի Կյուրի ինստիտուտի Ռենե Հյուգնան կլինիկայում։
Նա 2006-ից հաշմանդամության թոշակառու է։
2011-ի հունվարին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչի վավերացրած` Գ. Ռ.-ի դիմումի և կլինիկայի տված բժշկական փաստաթղթերի ու դեսպանության տված տեղեկանքի հիման վրա թիվ 2 (Ավան և Նոր Նորքի) ԲՍՓՀ-ն, հեռակա փորձաքննությամբ նրա հաշմանդամության 3-րդ կարգը դարձրել է 2-րդ, նույնատիպ փաստաթղթերի հիման վրա հաշմանդամության (2-րդ) կարգը պահպանել է 2012-ի հունվարին։
Սակայն Ավանի և Նոր Նորքի տարածքային սոցապբաժինը 2011-ի հունվարից կնոջս թոշակը չի վճարում (սին, անհիմն, տարտամ ու, ես կասեի, վիրավորական աստիճանի անփույթ-անգրագետ պատճառաբանությամբ)։
Դիմումներիս նույն փարիսեցիական պատասխանն են տվել և պիղատոսաբար ձեռքերն են լվանում սոցապպետծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարները։
Ներկայացրել եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչի կողմից 2011-ի ապրիլի 13-ին, երեք տարի ժամանակով վավերացված` կնոջս կողմից ինձ տրված լիազորագիրը, նույնիսկ լիազորագիրը հաստատող ՀՀ արտգործնախարարության տեղեկանքը, սակայն անօգուտ։ Պահանջս` մերժման դեպքում ընդունել համապատասխան վարչական ակտ, որպեսզի կարողանամ բողոքարկել ՀՀ վարչական դատարանում, չի կատարվել։
«Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը»։ Հայոց Մարգարեին (կամ գոնե նրա աֆորիզմները) կարդալ նրանց չենք պարտադրում (սակայն իզուր), բայց պարտավոր են ՀՀ Սահմանադրությունը և իրենց գծով ՀՀ օրենքներն ու մեր երկրի միջազգային պարտավորություններն իմանալ, կամ հնարավորինս գրագետ խորհրդական, օգնական կամ սրանց տեղակալ ունենալ... Թե՞ կարծում են` ՀՀ քաղաքացին էլ է թերուս (ի դեպ, ինչպես կինս, այնպես էլ որդիս ունեն իրավաբանական բարձրագույն կրթություն, ես էլ, ստիպված, մանրակրկիտ ուսումնասիրել եմ ինչպես մայր օրենքը, այնպես էլ խնդրին վերաբերող ՀՀ օրենքները, մեր երկրի միջազգային պարտավորությունները)։
Գրված է. «ՀՀ-ն սոցիալական պետություն է», «ՀՀ քաղաքացին ունի ապրելու... բուժվելու իրավունք...»։
Ստացվում է, որ մեր պետությունը (թե՞ պետական այրերը) իր մի լուրջ թերություն-թերացումը` կոռուպցիան, «շտկելու» ճանապարհին մի ծայրահեղությունից հայտնվում է մյուսում. մարդու իրավունքների անտեսում-ոտնահարում...
Գագիկ Այգեհատցի ՇԱՀՎԵՐԴՅԱՆ