Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ազգովին փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ

Ազգովին փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ
27.07.2012 | 02:41

Հայաստանի ստորերկրյա ջրի (տարեկան 4017 մլն խմ) պաշարների 74 տոկոսը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում, որից 691 մլն խմ-ն օգտագործվում է խմելու և ոռոգման նպատակներով, 550 մլն խմ-ն գոլորշանում է, իսկ մնացածն արտահոսում հանրապետությունից:

Ըստ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրի (ՋՌԿՀԾ)` հանրապետությունից տարեկան 1068 մլն խմ ստորերկրյա ջուր է հոսում (արևմտյան սահմանով) դեպի Թուրքիա, Նախիջևան և Իրան: Լրացուցիչ ստորերկրյա ջրերի հոսքը Արաքսի ավազան տարեկան 189 մլն խմ է, իսկ Կուրի ավազան` 106 մլն խմ:
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարներին, դրանք մոտ 19,733 մլրդ խմ են, որից 17,6 մլրդ խմ-ն առաջանում է տեղումներից, 0,94 մլրդ խմ-ն ներհոսող ջրերն են: Ընդ որում, քաղցրահամ ջրերից 11,5 մլրդ-ը գոլորշանում է, իսկ 5,150 մլրդ խմ-ն արտահոսում է հանրապետության սահմաններից դուրս: ՀՀ-ում տարեկան ծախսվում է 2,5-3 մլրդ խմ ջուր, որից 2 մլրդ խմ-ն միայն ոռոգման նպատակներով: Ոռոգման համար հաճախ օգտագործում են նաև խմելաջուրը:
Ըստ ՋՌԿՀԾ-ի, ստորերկրյա ջրերը բարձրորակ են և խմելու համար միանգամայն պիտանի, սակայն վատ են պաշտպանված և շուտ են աղտոտվում համարյա բոլոր աղբյուրներից վերև տեղակայված բակտերիոլոգիական, քիմիական աղտոտիչներից և կեղտաջրերից: Բացի դրանից, Հայաստանի ջրավազաններ (չափազանց խոցելի տեղանքներում լինելու պատճառով) հաճախ են ներթափանցում տարբեր բնույթի օրգանական նյութեր, ծանր մետաղներ, քլորիդներ, սուլֆատներ, որոնք ջրամաքրիչ սարքավորումների ոչ լիարժեքության պատճառով մաքրել հնարավոր չէ: Դրա հետևանքով հանրապետությունում տարեկան առաջանում է շուրջ 207,6 մլն խմ կեղտաջուր, որի 40 տոկոսը ենթարկվում է մեխանիկական մաքրման, իսկ 60 տոկոսն առանց մաքրման թափվում է բաց ջրավազաններ: Խողովակների մաշվածության պատճառով խմելաջրին հաճախ խառնվում են կեղտաջրեր` մերթընդմերթ առաջացնելով համաճարակի սպառնալիք:
Դեռևս 35-40 տարի առաջ հանրապետության մեծ բնակավայրերում կառուցվել է կեղտաջրերի մաքրման շուրջ 20 կայան, որոնք ներդրումների և շահագործման համար պահանջվող միջոցների բացակայության պատճառով շարքից դուրս են եկել և ներկայումս բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում են: Մասնակիորեն գործում է Երևանի «Աերացիա» մաքրման կայանը, որտեղ կատարվում է կեղտաջրերի ոչ լրիվ մեխանիկական մաքրում:
Վերջին 3-4 տարում Ֆրանսիայի կառավարությունը «Աերացիային» միջոցներ է հատկացրել մի շարք կոյուղագծերի վերանորոգման համար, որը կիրականացվի այս տարի և կավարտվի 2015 թվականին: Բացի դրանից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում արդեն կառուցման փուլում են կեղտաջրերի մաքրման կայանները, որոնք կշահագործվեն 2013 թվականին:
Սակայն, այնուամենայնիվ, ո՞վ պետք է պատասխան տա ջրերի աղտոտման համար:
ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարումը կանոնակարգվում է միջազգային և ազգային օրենքներով, հիմնական օրենքը ՀՀ ջրային օրենսգիրքն է: Բացի դրանից, ընդունվել են չափորոշիչային և իրավական 30 տարբեր փաստաթղթեր: Դրանցով կանոնակարգվում են ջրօգտագործման ամենատարբեր ոլորտները` բնապահպանման նպատակով ջրբացթողումների քանակը, ջրային օբյեկտների պաշտպանությունը, օգտագործումը, բնության հուշարձանների, ջրօգտագործման թույլտվությունների գործընթացը: Ներկայումս ջրակառավարման հիմնախնդիրներով զբաղվող հիմնական կառույցներն են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը և ջրային հարցերով Ազգային խորհուրդը: Սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կոնկրետ որևէ ձեռնարկություն ջրի աղտոտման համար պատասխանատվություն չի կրել:
Այսօր մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է և տարեցտարի դառնում է աշխարհի թիվ մեկ խնդիրը: Ըստ մասնագետների, ներկայումս ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան նավթի և գազի պաշարներ ունեցողները: Բանն այն է, որ խմելու ջուրը վաղուց արդեն շատ երկրների, այդ թվում` Հայաստանի համար շուկայական հանրաճանաչ «ապրանքներից» մեկն է: Այս պարագայում Հայաստանը քաղցրահամ ջրի պաշարների պահպանման և օգտագործման խնդիրն առավել ևս պետք է կարևորի, քանի որ երկրի ռելիեֆը և բարձրավանդակը շռայլ են գտնվել` մեզ համար կուտակելով ջուր, որը մենք ինքներս ենք շռայլորեն վատնում` թողնելով, որ այն հոսի դեպի հարևան երկրներ:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնամյակ հարևան Թուրքիան ստեղծել է հսկայական կասկադներ և կառուցել ջրամբարներ, որոնց միջոցով կարողանում են Տիգրիս, Եփրատ և Ճորոխ գետերի ջրերը պահպանել իրենց տարածքում, ավելին` Տիգրիսի և Եփրատի ջրերի միջոցով Թուրքիան իր քաղաքականությունն է թելադրում ամբողջ Մերձավոր Արևելքին։
Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում ներկա պահին շահագործվում է 70 ջրամբար, որտեղ յուրաքանչյուր տարի ամբարվում է 1,2 մլրդ խմ ջուր: «Առաջիկա 18 տարիներին, այսինքն` մինչև 2030 թվականը, նախատեսված է Հայաստանում կառուցել ևս 70 նոր ջրամբար, որոնք ներկայումս շահագործվող ջրամբարների հետ կամբարեն մոտ 2,4 մլրդ խմ ջուր»,- ասում են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության մասնագետները:
Իսկ մինչև 2030 թվակա՞նը, մինչև 70 նոր ջրամբարի կառուցո՞ւմը։ Ավելի լավ չէ՞, որ մինչ այդ ազգովին փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ և սրտացավությամբ տեր կանգնենք բնությունից մեզ տրված այդ կենսատու հրաշքին: Այո, քանի որ մեր հանրապետությունում իրական վտանգ կա, որ մինչև ջրի ճիշտ օգտագործման և պահպանման ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելը Հայաստանի ջրին որակական փոփոխություն կրելու, վերանալու վտանգ է սպառնում:
Օրերս այս տխուր իրողության ականատեսը եղա Սևանում, որի մակերեսը, Երևան բերող ճանապարհահատվածում, արդեն իսկ ծածված էր որոշ մարդկանց թեթև ձեռքով ջուրը նետված աղբով` պլաստմասսե շշերով, պոլիէթիլենային տոպրակներով և այլ անհասկանալի իրերով: Աղտոտում ենք, ջրի որակը փչացնում, վնաս կրում, հետո սկսում ենք մտածել դրա մաքրելու համար միջոց ու ժամանակ ծախսելու մասին: Վաղուց արդեն ակնհայտ է, որ ջրի աղտոտումն ու որակի վատթարացումը կանխել-կասեցնելն ավելի հեշտ ու ձեռնտու է, քան երբ վնասն արդեն հասցված է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 10182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ