«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի արևմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների աջակցությամբ ԼՂՀ Հադրութ քաղաքում սկսել է կառուցել խմելաջրի ներքին ցանց:
Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը, ծրագրի շրջանակներում, ջրամատակարարման բաշխիչ և կարգավորիչ հորերի տեղակայման աշխատանքներին զուգահեռ, կառուցվելու են նաև պոմպակայան և 2 ջրամբար:
«Նշված աշխատանքները հիմնադրամը սկսել է իրականացնել 2008 թվականից` խմելաջրի 22 կմ երկարությամբ գիծը Արջաղբյուրից հասցնելով մինչև Հադրութ: Իսկ ներքին ցանցի կառուցման աշխատանքները դեռևս անցած տարվանից ստանձնել են վերոհիշյալ բարերարները»,- տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Կարևորելով շրջանում իրականացվող ենթակառուցվածքների դերը, նա նշեց, որ կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կհեշտացնի լեռնային այդ գոտու բնակիչների կենցաղը:
Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքերով` քաղաքն օգտվում է 1976 թվականին կառուցված ներքին ցանցից։ «Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, ինչի պատճառով վթարներ հաճախ են լինում. մարդիկ օրերով զրկվում են ջրից», - ասաց նա: Մոտ 33 կմ ընդհանուր երկարությամբ ներքին ցանցի աշխատանքները, որոնց կեսից ավելին արդեն ավարտվել է, համաֆինանսավորում է նաև ԼՂՀ կառավարությունը: Ըստ նրա` գալիք տարվա գարնանից ավելի քան 3200 բնակչությամբ Հադրութ քաղաքը կունենա կանոնավոր ջրամատակարարում:
Հ. Գրիգորյանը նշեց, որ կառույցը Հադրութում նմանատիպ ծրագրեր իրականացնում է 2008 թվականից: Նշված ժամանակահատվածում հիմնադրամի միջոցներով կառուցվել է «Տող-Հադրութ» 20 կմ երկարությամբ գազատարը, որը կապույտ վառելիք է մատակարարում քաղաքին և նրան հարող յոթ գյուղերի շուրջ 5200 բնակիչների: Նշված ժամանակահատվածում վերակառուցվել է նաև տարածաշրջանի եռահարկ հիվանդանոցը, որը սպասարկում և հոգում է 12 հազար բնակչի բուժսպասարկման կարիքները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ