Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պատկան կառույցները լռեցին, իսկ բնապահպանը կոչ արեց

Պատկան կառույցները լռեցին, իսկ բնապահպանը կոչ արեց
12.07.2012 | 19:00

«Գետառը վրեժ է լուծում» հոդվածում երգահան Վահրամ Թաթիկյանը երևանցիների անունից ահազանգ էր հնչեցրել՝ բողոքելով Գետառից կեղտաջրերի խողովակների միջոցով իրենց բնակարաններում հայտնված նոր տեսակի կրծողներից, որոնք, նրանց պատկերացմամբ, մուտացիայի ենթարկված առնետներ են։ Խնդիրը պարզելու համար դիմեցինք քաղաքապետարանի կոմունալ վարչությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ վարչության պետը տեղում չէ, և խոստացան նրա վերադառնալուց հետո կապվել մեզ հետ։ Կզանգահարի՞ արդյոք վարչության պետը, թե՞ ոչ, մինչև օրվա վերջը պարզ կլինի, իսկ մինչ այդ դիմեցինք Կենտրոն և Էրեբունի թաղապետարանների կոմունալ վարչության պետերին, սակայն նրանք ևս տեղում չէին։ Իսկ հանրապետության հակահամաճարակային ծառայության հեռախոսը վերցնող չկար։ Այն, որ նրանք տեղում չէին, չի նշանակում, թե խնդիր չկա, այն կա, և մենք դիմեցինք բնապահպանի օգնությանը։

«Համոզված եմ, որ այն, ինչ տեսել է բնակիչը, առնետ է, որը Գետառում լցված աղբով սնվելով շատ գիրացած է եղել։ Մուտացիան այս դեպքում բացառվում է, քանի որ այն ավելի բնորոշ է բարձր ռադիացիային»,- մեզ հետ հեռախոսազրույցում մուտացված առնետների վարկածը հերքեց էկոդաշինքի անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը։ Թող որ առնետները մուտացիայի ենթարկված չեն, սակայն դա չի նշանակում, որ Գետառում խնդիր չկա։ «Ընդհանրապես, Գետառը փակելը սխալ քայլ էր։ Խնդիրը մեծ է և լուրջ։ Մինչ Գետառի փակումը տարին մի քանի անգամ այն մաքրվում էր համապատասխան ծանր տեխնիկայի միջոցով, ինչն այս դեպքում այլևս հնարավոր չէ։ Այն լիարժեք մաքրելու համար քաղաքապետարանը պետք է ձեռք բերի թանկարժեք նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ»,- համոզված է Մանե Հակոբյանը։ Այն, որ Գետառի մաքրումն անհրաժեշտություն է, կարծում ենք, ոչ ոք չի ժխտի, պետական պաշտոնյաները նույնպես կհամաձայնեն, եթե չասենք, որ առաջիններից մեկը կլինեն։ Սակայն ինչպե՞ս. արդյոք քաղաքապետարանն այդքան ֆինանսական միջոցներ կունենա՞ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Բնապահպանների կարծիքով, տևական սելավների դեպքում Գետառի խնդիրը կարող է լուրջ վնաս հասցնել մայրաքաղաքին։ Հուսով ենք, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, այնուհանդերձ, կարձագանքի մեր այս հարցադրումներին։
Ի դեպ, մեր զրուցակից տիկին Հակոբյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ ինքը քաղաքային իշխանություններին առաջարկել էր բարձրացնել Գետառի մակարդակը` Հրազդանը պտտելով քաղաքի շուրջը։ Ամեն դեպքում, Մանե Հակոբյանը լավատես է և դիմեց կոչով. «Կոչ եմ անում մեր երիտասարդության ակտիվ հատվածին, որը պայքարում է մայրաքաղաքում ապօրինությունների դեմ, նույն եռանդով բարձրացնել նաև Գետառի խնդիրը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ