«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Էլեկտրացանցային զվարճանքներ

Էլեկտրացանցային զվարճանքներ
25.06.2012 | 18:38

Բաց նամակ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՊՓԲ-ի առանձին ստորաբաժանումների առանձին պատասխանատուներ խիստ ուշագրավ աշխատելաոճ են որդեգրել` սպառողներիս հետ շփվելիս։
Ահա թե ինչ կատարվեց ինձ հետ վերջին ամիսներին։ Բնակարանիս էլեկտրական հաշվիչը սկսեց ամիս առ ամիս չափի զգացողությունը կորցնել։ Այսինքն, ներկայացնել թվեր, որոնք մեր գյուղնախարարների խոստումներին հարիր աճ են արձանագրում։ Մի խոսքով, պարզվեց, որ ապրիլ ամսվա ծախսը գումարային կծող արտահայտություն ունի` 13030 դրամ։ Նախկինում, հինգ խելահաս բնակչից կազմված ընտանիքս երբևէ չէր անցնում 7-8 հազարի սահմանագիծը։ Մի խոսքով, չարաբաստիկ 13000-ը ստիպեց անցնել հետախուզության։ Տուր և առը սպասարկող էլեկտրատեսուչի հետ բավականին տրամաբանական վախճան ունեցավ. շտապ փոխել «խարդախող» էլեկտրահաշվիչը։ Բնակարանի վարձակալ տիկինս մայիսի սկզբին եղավ սպասարկող ձեռնարկությունում, ներկայացրեց իր արդար բողոքը և սպառողների բողոքներն ու առաջարկությունները համակարգող ինչ-որ ծառայության պատասխանատու Արտուշից վերցրեց համապատասխանող հաշվեհամարը և պարտադրեց ինձ ներկայանալ «ՎՏԲ Հայաստան» բանկի գլխավոր գրասենյակը, մուծել 10000 դրամ` նոր հաշվիչ տեղադրելու նպատակով։ Անցան մի քանի հուզումնալից օրեր։ Հաշվիչը չտեղադրվեց։ Եվ ահա մեզ տեղեկացնում են, որ փոխանցված գումարը տեղ չի հասել։ Բանկում անձամբ եմ ճշտում, որ ամեն բան տեղը տեղին է արված, և գումարը «նստած» է ՀԷՑ ՓԲԸ-ի Մաշտոցի բաժանմունքի հաշվին։ Տիար Արտուշը տեղեկացնում է, որ ամեն բան բնականի և բարոյականի սահմաններում է, և 10000 դրամի իսկությունը ճշտող անդորրագրի դարձերեսին սեփական ձեռքով գրում սեփական բջջայինի համարը, որպեսզի ես ազատ կապվեմ իր հետ և ճշտեմ հաշվիչի ճակատագիրը։ Կապվում եմ և ուրախությամբ տեսնում, որ գործ ունեմ հմուտ մի մասնագետի և սթափ մի մարդու հետ։ Մեր բանակցությունները բարեկամական բնույթ են ստանում։ Տիար Արտուշը խնդրում է պարբերար տեղեկանալ, թե երբ կտեղադրվի հաշվիչը, սակայն տեղադրվելուց առաջ այն նախ պետք է ի հայտ գա ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի պահեստում։ Այստեղ փոքրիկ հիշեցում. գումարը մուծել եմ մայիսի 10-ին, այն նպատակավայր է հասել մեկ կամ երկու օր անց` համաձայն տիար Արտուշի հավաստիացման։ Անցավ մեկ ու կես ամիս, ու երբ սույն գործի «քառասունքը թամամեց», այսինքն` հունիսի 22-ին, չորրորդ թե հինգերորդ անգամ եմ կապվում տիար Արտուշի հետ և փորձում հասկանալ, ի վերջո, ինչո՞ւ հաշվիչը չի տեղադրվել։ Իմ հեռակա բարեկամ Արտուշը նախ ստուգում է հաշվիչների առկայությունը, աներեր փոխանցում ինձ, որ հաշվիչները առկա են, ձեր հաշվիչը կա ոչ։ Անկեղծ ասեմ, հայտնվեցի զայրույթի բարձրագույն սանդուղքի առաջին աստիճանին։ Եվ բարեկիրթ տեղեկանում եմ, թե բանն ի՞նչ է, պատասխանը նույնքան բարեկիրթ էր, սակայն գրոտեսկի բնագավառից։ Արտուշն ինձ խորհուրդ է տալիս պարզել, թե գումարը որտեղ է անհետացել, այսինքն, ո՞ր հաշվեհամարին է «նստած»։ Այսինքն, մարդը, որ անձամբ հավաստել էր գումարի առկայությունն իրենց հաշվի վրա, մեկուկես ամիս անց, հավանաբար ինձ կիսաֆաբրիկատի տեղ դնելով, նման պատասխան է տալիս։ Խոստովանում եմ, որ առաջին անգամ լրագրողական և հրապարակախոսական բազմատանջ իմ կյանքում կորցրի ինքնատիրապետումս, մի քանի բավականին թունդ արտահայտություններ տեղացի Արտուշի և նրա կազմակերպության հասցեին, ու նետեցի ընկալուչը։ Վայրկյաններ անց տիար Արտուշը հետ է զանգահարում և բավական անվրդով փորձում ինչ-որ բացատրություններ տալ։ Եվս մեկ-երկու համեմված արտահայտություն, և կրկին հեռախոսը վայր եմ նետում ու ձեռքս առնում փրկիչ կատվախոտը։ Բայց դե միամիտս խիստ թերագնահատել էր «հակառակորդիս»։ Տիար Արտուշը նույնքան անվրդով հայտնում է, որ ձայնագրել է իմ ոչ բարեկիրթ արտահայտությունները և ինձ պատասխանատվության է ենթարկելու։ Զարմանալի է, բայց շարունակեցինք խաղաղ զրուցել, որի ընթացքում, հայցելով նրա ներողամտությունը քիչ առաջ հնչեցրածս բառերի համար, խնդրեցի նաև հասկանալ, որ չի կարելի նման հետևողականությամբ անարգանքի ենթարկել սպառողին։ Եվ սա այն դեպքում, երբ ինքս էի նրանց ապօրինի գործունեությունը կանխող ելքը գտել և համաձայնության եկել հարցը «գեղական կարգով» լուծելու։ Նաև խնդրեցի բացատրելու, թե իր և իր ղեկավարած ծառայության ոչ պատշաճ աշխատանքի պատճառով ես ինչո՞ւ պետք է գլխացավանքի մեջ ընկնեմ, դիմեմ բանկ, ստիպեմ, որ նրանք վերստին ինչ-ինչ ստուգումներ կատարեն և այլն։ Չէ, Արտուշն իսկապես բարձրակարգ վարպետ է և ինձ միևնույն բարեկամական տոնայնությամբ ասում է, թե դա իր գործը չէ, թեկուզ տասն անգամ եղիր բանկում։ Միաժամանակ վստահաբար հավելում` ես երբևէ հաշվիչի երես չեմ տեսնելու։ Այո՜։
Իսկ ես հիշում եմ, որ 2005-ին այցելեցի տեղամաս խիստ կարիքավոր հարևանիս հոսանքը չանջատելու խնդրանքով։ Տեղամասի պետը ոչ միայն սիրալիր ընդունեց, այլև սեփական գրպանից փակեց հաշիվը` մինչև որ կարիքավոր սպառողը Ռուսաստանից գումարը կստանա։ Կասկած չունեմ, որ նման բարձր նկարագրի տեր մարդիկ շատ են ՀԷՑ-ում, սակայն զարմանալիորեն այս համակարգում տարօրինակ երևույթները շարունակվում են։
Վերջում էլ հավելեմ, որ մայիս ամսվա դիմաց, հաշվիչի ցուցմունքի համաձայն, վճարել եմ 5530 դրամ գումար։ Այս ամենի մասին, առանց մանրամասնությունների մեջ խորանալու, տեղեկացրել եմ 1-80 թեժ գծով։ Օպերատորը խոստացավ զեկուցել համապատասխան պատասխանատուին։ Իսկ ինձ մնում է սպասել և հուսալ, որ մի գեղեցիկ օր հաշվիչս տեղ կհասնի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ. - Ի դեպ, մի քանի ժամ առաջ հաշվիչը տեղադրել են:

Դիտվել է՝ 4952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ