ՀՀ ԳԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն ամռան ամիսներին պատրաստվում է էկոկրթական դասընթացների:
Առաջին գործնական դասընթացի մեկնարկն արդեն տրված է: Այն նվիրված էր Հայաստանի բուսական աշխարհին, սկսվել է թանգարանում և ավարտվել բուսաբանական այգում:
Թանգարանում սաները ծանոթացան հայտնի բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հավաքածուին, որը ներկայացված է վաղ պլիոցենի բուսական աշխարհի բրածո մնացորդներով` կրաքարի նստվածքի վրա: «Այդ մնացորդները, որպես անցյալի վաղ երկրաբանական դարաշրջանի լուռ վկաներ, ունեն շուրջ 3 մլն տարվա վաղեմություն և երկրաբանական տեսակետից ներկայացնում են բացառիկ հետաքրքրություն»,- մեզ հետ զրույցում ասաց երկրաբանական թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Բուսաբանական այգում կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանը սաներին ծանոթացրեց ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված մի շարք բուսատեսակների (դեղին ծաղիկներով մասրենի, խոլորձ, հասմիկ, հովտաշուշաններ, վայրի տանձենի), արևադարձային բույսերի (ջրաշուշաններ, լիանաների տեսակներ, ճապոնական դեկորատիվ թփեր) և այլ հետաքրքիր բուսատեսակների: Նշենք, որ այգու տարածքում ստեղծվել է կենսաբազմազանության պահպանության կենտրոն: Ներկայումս Երևան քաղաքի և հանրապետության մյուս բնակավայրերի կանաչ տնկարկներում աճեցվող շուրջ 350 տեսակի ծառերն ու թփերը և մոտ 200 անվանում ունեցող ծաղկային բույսերը ներմուծվել, ուսումնասիրվել և առաջարկվել են բուսաբանական այգիների գիտնականների կողմից: Անցումային տարիներին այգու տեսականին մեծ վնաս է կրել, այսօր, սակայն, աշխատակիցների շնորհիվ այցելուներին ներկայանալի է դառնում։ «Բնության գրկում գիտելիքներ ձեռք բերելը և այն կիրառելը շատ ավելի արդյունավետ է և խթանում է ուսումնական աշխատանքների ճիշտ կազմակերպումը, որն էլ այցի հիմնական նպատակն էր»,- ասաց Գայանե Գրիգորյանը, հավելելով, որ էկոակումբի սաները որոշել են անհրաժեշտության դեպքում իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ այգու մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ