Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՊՐԵՆՔ ՈՉ ԹԵ «ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ», ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՊՐԵՆՔ ՈՉ ԹԵ «ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ», ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
16.03.2012 | 00:00

Փետրվարի 10-ից մենք ականատես ենք «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության շուրջ միավորված բնապահպանների խմբի և Երևանի քաղաքապետարանի միջև հակամարտությանը: Բնապահպանների և քաղաքապետարանի ղեկավարության միջև հակամարտության առիթը Աբովյան փողոցի առևտրային կրպակները Մաշտոց-Կողբացի հատվածի ճեմուղի տեղափոխելու մասին որոշումն է:
Ցուցարարների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետի հետ: Իմ կարծիքով, սկզբում քաղաքապետը չհասկացավ էլ, թե որն է խնդիրը: Թվում է, թե բարի գործ արեց. վերջապես մաքրեց քաղաքի կենտրոնական փողոցը, կարելի է ասել, քաղաքի դեմքը հանդիսացող Աբովյան փողոցը ուղիղ գազոնների վրա տեղակայված առևտրային տաղավարների կույտերից: Իսկ մարդիկ դժգոհ են:
Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ այլևս չեն կարող համակերպվել քաղաքաշինական կամայականության, քաղաքաշինական նորմերի և կանոնների զանգվածային խախտումների հետ, որոնք վերջին քսան տարում անպակաս են Երևանից: Քաղաքը կորցրել է իր դեմքը՝ ի դեմս մեծ ու փոքր բազմաթիվ կրպակների, օժանդակ կցակառույցների, վերնաշենքերի և տների ֆունդամենտների փորվածքների: Քաղաքի կենտրոնում կանաչ գոտիները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են, բակերի մեծ մասը կառուցապատված է: Խորհրդային ժամանակաշրջանում մեծ ջանքերի գնով Երևանում մեկ անձին բաժին ընկնող կանաչ գոտիները հասցվեցին 15 քմ-ի 31 քմ նորմի դեպքում: Ըստ որոշ տվյալների՝ այժմ դրանք մեկ անձի համար կազմում են 2,2 քմ և շարունակում են կրճատվել:
Երիտասարդները չէին եկել քաղաքապետից ողորմություն խնդրելու, նրանք պահանջում էին վերջինիցս հետևել գործող օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերին: Երիտասարդ հանրապետական քաղաքապետը, ինչպես երևում է, լիովին պատրաստ չի եղել իրավական հարթության մեջ տարվող խոսակցությանը՝ միամտորեն ասելով՝ «ինձ հետ օրենքից չխոսեք»: Ըստ երևույթին, մինչ այս նա նման դեպքերի դեռ չէր առնչվել: Այնուհետև բնապահպանները նամակ գրեցին քաղաքապետին, որտեղ, ըստ իս, իրավական հարթության մեջ համոզիչ կերպով նկարագրել էին իրենց առարկությունների էությունը, նշել էին այն օրենքներն ու կառավարության որոշումները, որոնք խախտվել էին քաղաքապետարանի կողմից՝ պուրակում շինարարությունը թույլատրելով: Նրանք պահանջեցին դադարեցնել շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված տաղավարները: Այս պահանջներին ես կավելացնեի նաև գործող օրենքները, քաղաքաշինական նորմերը խախտող մեղավոր չինովնիկներին պատժելու պահանջը, որոնք Աբովյան փողոցում նշված տաղավարները կառուցելու որոշման թույլտվություն են տվել: Սա կնպաստեր հետագայում նման խախտումների կանխմանը:
Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության զանգվածային խախտումների համատեքստում քաղաքի կենտրոնի պուրակում մի քանի տաղավարների տեղադրումը ինչ-որ մեկին կարող է անմեղ չարաճճիություն թվալ: Սակայն եկան ուսյալ երիտասարդների նոր սերունդ, քաղաքացիական ինքնագիտակցությամբ մարդիկ, որոնք այլևս չեն ուզում համակերպվել կամայականության հետ, այն կամայականության, որը ոտնահարում է քաղաքի և առհասարակ հանրապետության քաղաքացու իրավունքները: Համացանցի, սոցիալական ցանցերի շնորհիվ երիտասարդները ինքնակազմակերպվեցին և սկսեցին ակտիվորեն հանդես գալ ընդդեմ կամայականության, որը նախ և առաջ կապված էր շրջակա միջավայրի աղտոտվածության հետ: Եվ այս ամենը առավել արդիական է բնապահպանության նախարարության անգործության պարագայում, որն իրականում կոչված է ապահովելու շրջակա միջավայրի անխաթարությունը:
Շարժման վերջին նշանակալից հաջողությունը, երբ հնարավոր դարձավ պահպանել բնության հուշարձան՝ Թռչկանի ջրվեժը, ոգևորեց բնապահպաններին՝ իշխանության հետագա գործողությունները վերահսկելու հարցում:
Իշխանության և իշխանական շրջանակների կողմից երբեմն կարելի է մեղադրանքներ լսել երիտասարդ բնապահպանների հասցեին, թե նրանք ֆինանսավորվում են արտերկրից, դրսից դրամաշնորհներ են ստանում և դրանք օգտագործելով՝ կործանարար աշխատանք են տանում հանրապետությունում արդյունաբերության զարգացումը կանխելու համար: Նախ և առաջ, շարժման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ոչ մի դրամաշնորհ չի ստանում և գործում է բացառապես խղճի դրդմամբ: Իսկ եթե կան մասնակիցներ, որ միջազգային կազմակերպություններից փոքր գումարներ են ստանում, ապա զուտ այն պատճառով, որ մեր հարուստները դեռ չեն հասունացել իշխանության նկատմամբ վերահսկողության և ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության կայացման հարցերում հասարակական կազմակերպությունների աշխատանքի կարևորությունը հասկանալու համար: Իսկ ահա ընտրություններից առաջ ածուխ, կարտոֆիլ և փող բաժանել՝ խնդրե՜մ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ստացած տարեկան ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլարը որևէ համեմատության մեջ չի կարող մտնել այն գումարների հետ, որ արտերկրից ստանում են մեր կառավարությունն ու Կենտրոնական բանկը դրամաշնորհների և վարկերի տեսքով՝ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար: Նրանց պարտքը արտերկրի դոնորներին արդեն հասել է 4 միլիարդ դոլարի: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ նախ և առաջ կառավարությունն է պարում արտերկրի դուդուկի տակ՝ ի վնաս երկրի զարգացման:
2012 թվականի փետրվարի 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մաշտոց-Կողբացի հատվածի ճեմուղում առևտրային տաղավարների շինարարության թեմային: Նա հայտարարեց, որ երկրի նախագահից հանձնարարական է ստացել՝ զբաղվելու այդ հարցերով, և իր անձնական բացասական կարծիքն արտահայտեց կանաչ տարածքներում անընդմեջ շինարարական օբյեկտներ կառուցելու հարցի շուրջ: Եվ այստեղ միանգամից հարց է ծագում` իսկ ի՞նչ կապ ունեն նախագահն ու վարչապետը այս գործի հետ: Չէ՞ որ կան այս հարցը կարգավորող օրենքներ և կառավարության որոշումներ, և քաղաքապետը պարտավոր է ուղղակի հետևել դրանց: Նախագահն ու վարչապետն ունեն սահմանադրորեն ամրագրված իրենց գործառույթները, և քաղաքում առևտրային տաղավարների տեղափոխման հարցը դրանց մեջ չի մտնում: Այլ բան է, եթե նախագահը, որպես սահմանադրության երաշխավոր և ուժային բլոկի հսկիչ, ժամանակին հոգ տաներ Աբովյան փողոցում առևտրային տաղավարների շինարարության համար իրավական հիմքերով թույլտվություն տալու մասին և դատախազությանը հանձնարարեր զբաղվել այս հարցերով:
Որպես վերջաբան ուզում եմ հույս հայտնել, որ մեր չինովնիկները, ի վերջո, կսկսեն առաջնորդվել ոչ թե տարբեր տիպի «հասկացություններով», այլ օրենքով: Եվ այստեղ մեծ է ծնունդ առնող քաղաքացիական հասարակության դերը:
Նիկիտա ԶԱՐՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ