Արցախի սուբեկտայնությունը օրեցօր նվազում է, պետականությունը՝ կասկածի տակ դրվում:
Արցախում պետական համակարգի ու ինստիտուտների խարխլման, իշխանությունների ապալեգիտիմացման պրոցեսի մեկնարկը տրված է:
Այս համատեքստում էլ հրաժարականների շքերթը շարունակվում է:
Եթե Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանի հրաժարականն Արայիկ Հարությունյանը բավարարեց, հետո իր ցանկությամբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Արթուր Թովմասյանը, ապա այսօր՝ ներքին որոշումների արդյունքում Արցախի նախագահն իր ու պետնախարարի հրաժարականները ներկայացրեց:
Շատերը կարծում են, անգամ ուրախանում, թե նման հրաժարականներով բան է փոխվելու կամ հարց է լուծվելու:
Բնավ:
Այն որ նա պարտության սիմվոլ է ու պետք է հեռանա՝ փաստ է:
Այն, որ նա որպես բանակցող սպառված է՝ դժվար է չհամաձայնել:
Այն որ, նա թե՛ իմ և թե՛ շատ-շատերի աչքի լույսը չէ՝ փաստ է:
Այն, որ իր փայ մեղքերն արդարացիորեն ընդունելով ու պարզապես ժողովրդից ներեղություն խնդրելով՝ գնալու է հանգիստ ու խաղաղ, արժանի թոշակի՝ դա էլ իր համար ճոխ կլինի:
Բայց այն, որ նման բեկումնային իրավիճակում երկրի ղեկավար չունենալը շատ լուրջ ու վտանգավոր խնդիրներով է հղի՝ ևս փաստ է:
Այստեղ ցանկալի է իմանալ, թե ինչն է ստիպել կամ ովքե՞ր են պարտադրել, դրդել նրան գնալ այդ քայլին:
Կա՞ արդյոք արտաքին ճնշում, միջամտություն կամ ներգործություն, թե՞ այն բացառապես ներքին որոշումների ու հաշվարկների արդյունք է:
Համենայն դեպս, ՀՀ իշխանությունների կողմից նման առաջարկ կամ պահանջ չի եղել, ՌԴ-ից կարծում եմ՝ ևս:
Հարությունյանը վստահեցնում է, որ դա ներքին որոշման արդյունք է և բացառապես իր ցանկությունն է:
Իսկ ո՞վ է նրան փոխարինելու:
Ո՞վ է լինելու այն ենթադրյալ քաղաքական ֆիգուրը, որն Արցախում հեղինակություն է, համաժողովրդական հարգանք ու վստահություն է վայլելում, որի նշանակումն այս ծանր պահին ավելի նպատակային է:
Եվ որ ամենակարևորն է. մարդ, ով ոչ թե շարքային բախտախնդիր-պոպուլիստ է, որը հերթական պաթոսով ու արկածախնդրությամբ «ջառմա» է դառնալու ժողովրդի գլխին, այլ ունի՝ տիրող քաոսային ու ողբերգական իրավիճակը փոխելու արժանահավատ տեսլական, խելամիտ առաջարկներ ու ռեալ հնարավորություններ:
Եթե անկեղծ՝ նման որակներով կերպար, ցավոք, ես Արցախում չեմ տեսնում:
Սակայն որոշակի ակնածանք ունեմ Ռուբեն Վարդանյանի հանդեպ:
Ինչևէ, կապրենք, կտեսնենք:
Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանը մի քանի ամիս առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:
Հետևաբար, ընտրողը ոչ թե ժողովուրդն է լինելու, այլ Ազգային ժողովը:
Շատ հավանական է, որ նա պարզապես սեփական կամքով է գնացել այդ քայլին:
Այսպիսի օրհասական ու ծանր պահին նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելը շատերին ցանկալի չէր լինի:
Դա ծանր փորձություն է և բեռ, որի տակ ամեն մարդ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի:
Համենայն դեպս, ով էլ այդ պատասխանատվությունը ստանձնի՝ պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:
Այս պահին դա է հրամայականը:
Ի դեպ, Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել:
Լենցովին այժմ էլ եկել է փոխարինելու գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը:
Տեսնենք՝ նրանից ինչ կարելի է սպասել:
Հարգելի հայրենակի՛ց, այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի անկախության օրը:
Շնորհավորե՛ք միմյանց հատկանշական օրվա կապակցությամբ:
Հրաժարվե՛ք ամբիցիաներից, տարաձայնություններից ու զորավիգ եղեք Արցախին ու արցախահայ մեր քույր ու եղբայրներին:
Հիշե՛ք՝ «եթե մենք կորցնեք Արցախը, մենք կշրջեք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:
Սրանք լոկ խոսքեր չեն:
Թույլ մի՛ տվեք մեզ բնորոշ՝ հաջորդ ճագատագրական ու անդառնալի սխալը:
Թույլ մի՛ տվեք պատմությունը ևս մեկ կարմիր էջով ներկել:
Սերունդները մեզ չեն ների:
Մենք, հույսը դնելով միայն մեր վրա, պետք է շարունակ պայքարենք, քանզի դա հայ ժողովրդի լինելիության պայքարն է:
Մեր բոլորի ճակատին, ցավոք դա է գրված… մինչև չփոխենք պատմության անիվը:
Ի հեճուկս թշնամու, տառապանքի, զրկանքների, կորստի, աղետի և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, արարելու՝ ի փառս հայրենիքի:
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,
Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,
Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ