ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում

Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում
21.06.2019 | 00:30

Մի քանի միմյանց չկապված փաստեր:

Արդեն ունենք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյան, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էր: Նա Հայաստանում է, սկսել է աշխատել ու հարցազրույցներ տալ: Արդեն հայտարարել է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր երկրներում հայկական սփյուռքները: Նաև ասել է, որ սխալ կլիներ՝ սփյուռքի հանձնակատարը նշանակվեր Հայաստանից. «Փորձ կա, նման նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են»։ «Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում, կարող է հայաստանցիներին սա այդքան էլ դուր չգալ, բայց սփյուռքահայը պետք է հասկանա, որ ինքը ներգրավված է Հայաստանում, որ եթե Հայաստանում ինչ-որ բան սխալ է գնում, ինքն էլ է դրանից տուժում, որ եթե Հայաստանը թուլանում է, ինքն էլ է թուլանում, ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղ սփյուռք»: Նա ավելի շատ լինելու է «սփյուռքներում» ու սկսելու է Ռուսաստանից: Տարօրինակ չէ՞, որ դեռ չաշխատած՝ նոր պաշտոնյան գնահատականներ է տալիս ու գիտակցելով նաև, որ կարող է «հայաստանցիներին» (այսինքն՝ ինքն իրեն դեռ հայաստանցի չի զգում) դուր չգալ, գերխնդիր է դնում, որ «սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում»: Ի՞նչ է դա նշանակում: Պաշտոննե՞ր ունենան ու մասնակցեն որոշումների կայացմա՞նը: Իբրև ո՞ր երկրի քաղաքացի՝ որտեղ բնակվու՞մ են, թե՞ Հայաստանի: Միանշանակ է, որ հայկական «սփյուռքները», կամ հայերեն՝ հայերը արտասահմանում ընդգրկուն ու մշտապես ուսումնասիրման պահանջ ունեցող թեմա է:

Միանշանակ է նաև, որ խնդիրը ոչ միայն նրանց Հայաստանին կապելն է, այլև միմյանց: Եվ, վերջապես, ցեղասպանությունից հետո ստեղծված սփյուռքն ու վերջին տասնամյակներում արտագաղթածները բոլորովին տարբեր խնդիրներ ու ընկալումներ ունեն: Փոխելու՞ է Զարեհ Սինանյանը գլխավոր հարցը՝ տեսնել ոչ միայն Հայաստանի անցյալի խնդիրները, այլև ներկա Հայաստանը իր խնդիրներով: Ցեղասպանության ճանաչումը կարևորագույն հարց է, բայց սփյուռքի օրակարգի միակ հարցը չի կարող լինել: Զարեհ Սինանյանը՝ սկսելով իր ճանաչողական հանդիպումները «սփյուռքներում»՝ ի՞նչ օրակարգով է նրանց ներկայանալու: Համահայկական ներուժը ներկային ուղղելու ի՞նչ միջոցներ ունի նա: Ինչպե՞ս է աշխատելու Հայ առաքելական եկեղեցու հետ, որ սփյուռքում կենտրոնական դեր ունի, և ինչու՞ մինչև հիմա չի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ աշխատակարգային ճշտումների համար գոնե, եթե նրա օրհնությունը ստանալու կարիք չունի: Ինչպե՞ս է աշխատելու կուսակցությունների հետ, որ սփյուռքում համախմբող ուժ են նաև: Եվս մի քանի տասնյակ հարցեր կան, որ բխում են պաշտոնի նրա ընկալումից։ Հաջողության համար Զարեհ Սինանյանը այդ հարցերի պատասխանները պետք է Հայաստանում տա, հետո սկսի շրջել՝ նա Հայաստանի Հանրապետության պաշտոնյա է:

ՈՒնենք արդարադատության նոր նախարար՝ Ռուստամ Բադասյան: ՊԵԿ-ի նախկին փոխնախագահը: Վարչապետը նրանից պահանջեց լինել պոզիտիվ, կրեատիվ, իննովացիոն: Նա խոստացավ: Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել, նույն օրը Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանի և Ռուստամ Բադասյանի լուսանկարները և գրել, որ Ռուստամ Բադասյանն է նշանակվելու նախարար: Նշանակվեց:

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը տեղեկացրել է. «Շահ Դենիզի գազը, որի առաջին խմբաքանակը 2018-ի հունվարի 23-ին էր արտամղվել TANAP խողովակաշար, հունիսի 15-ին հասել է Եվրոպայի սահմանին»:

Ալբանիայում մի քանի տարի առաջ սկսված դատական բարեփոխումներից ու վեթինգից հետո Գերագույն դատարանի 17 դատավորներից երկուսն են մնացել: «Դատարանի բարձրադիր ամբիոնը հիմա ստվարաթղթե տուփերով է լցված, պատի ժամացույցը կանգնած է, նիստերի դահլիճը վերածվել է պահեստի»,- պատմում է Financial Times-ի թղթակիցը, հավելելով՝ դատարանը գրեթե դադարեցրել է աշխատանքը, 30000 գործերը սառեցվել են ու մնացել չքննված:

Հենց այս դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումներով էր Ալբանիան փորձում ամրապնդել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունները: «Անցյալում լինելով Եվրոպայի ամենաբռնապետական, կոմունիստական երկրներից մեկը՝ Ալբանիան այժմ պայքարում է արդար ու անկախ ինստիտուտներ կառուցելու համար»,- գրում է FT-ն։ «Ալբանիայում դատարան գնալը նման էր Sotheby’s-ի աճուրդ այցելելուն. վճիռը հրապարակվում էր հօգուտ այն կողմի, որն ավելի մեծ գումար էր առաջարկում»,- FT-ին ասել է Տիրանայի քաղաքապետ Էրիոն Վելիայը: Տարիներ առաջ Ալբանիայի խորհրդարանը միաձայն հավանություն տվեց երկրի դատավորներին ու դատախազներին ստուգելու, նրանց կարողությունները, հանցավոր աշխարհի հետ կապերն ու մասնագիտական հմտությունները քննելու օրինագծին: «Այսօրվա դրությամբ վեթինգի ենթարկված 150 անձանց 60 տոկոսը աշխատանքից ազատվել է կամ հրաժարական ներկայացրել, հարյուրավորներն էլ սպասում են քննության իրենց հերթին»,- գրում է FT-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող սարքեր և հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ, 1000 զինծառայող:
«ԱՄՆ-ը Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք զորքեր Մերձավոր Արևելքում և պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում: ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին The Guardian-ը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մայքլ Էյջ Ֆաչսի հոդվածը Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ: «Թրամփի վարչակազմն Իրանի հարցով մոլեգին տենդի մեջ է, և այդ տենդն ավելի վտանգավոր է դառնում: Օմանի ծոցում նավթային լցանավերի դեմ հարձակումից հետո (ԱՄՆ-ն այդ ամենի համար մեղադրում է Իրանին) Իրանի դեմ հռետորաբանությունը հասնում է գագաթնակետին: Սենատոր Թոմ Քոթոնը կոչ է արել վրեժ լուծել ռազմական հարվածով, իսկ The New York Times-ի հոդվածագիր Բրեթ Ստեֆենսը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է Իրանի նավատորմը կործանելու սպառնալիք հնչեցնի: Սա զարմանալի չէ որևէ մեկի համար, ով հետևում է Վաշինգտոնում Իրանի հարցով իրականությունից կտրված «բանավեճին»»՝ գրում է Ֆաչսը: Stratfor-ի վերլուծաբանները ևս փորձել են կանխատեսել ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունները 2019-ին և եզրակացրել են՝ թեպետ Իրանում ու ԱՄՆ-ում կան ազդեցիկ խմբեր, որ կոշտ գծի կողմնակից են ու դեմ չեն առճակատման, երկու երկրներն էլ կձգտեն խուսափել ռազմական մեծ կոնֆլիկտից: Այնուհանդերձ, դատելով Իրանում ուժերի դասավորությունից և կոնֆլիկտային իրավիճակներում մարտավարությունից, փաստից, որ երկու երկրներն էլ արագացնում են ռազմական պատրաստությունները, սխալ հաշվարկի ու էսկալացիայի ռիսկը բարձր կմնա: Կապի նշանակալից ալիքների բացակայությունը նույնպես կսահմանափակի կողմերի հնարավորությունները, երբ այս կամ այն միջադեպի դեպքում հարկ կլինի լարումը նվազեցնել:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության աճի կապակցությամբ և երկխոսության ու խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում: «Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում աճող լարվածությանը: Բոլորին կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները Մերձավոր Արևելքում հակամարտությունների, բարդ խնդիրների լուծման համար: Կրկին միջազգային հանրությանը կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել երկխոսության և խաղաղության հասնելու համար»,- ասել է պապը պատարագից հետո Կամերինո քաղաքում: Իրանը մեր հարևանն է, ու Իրանին առնչվող իրադարձությունները անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի վրա: Մենք ունե՞նք իրավիճակի գնահատման ու դիմակայման մեր տարբերակները՝ ԱՄՆ-ԻԻՀ հնարավոր ռազմական բախման դեպքում: Հարկ չկա՞, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությունը չվտանգելու ու բանակցությունների կոչ անի կողմերին՝ իբրև հարևան երկիր, թե՞ մենք գերադասում ենք «մեծերի» ոտատակ չընկնել: Առավել ևս, երբ ՌԴ-ն ձեռնպահ է մնում Թեհրան-Վաշինգտոն նոր կոնֆլիկտում որևէ դերակատարությունից: Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը հրշեջ ջոկատ չէ, որ ամեն տեղ հրդեհ հանգցնի: Բլումբերգն էլ տեղեկացրեց, որ Մոսկվան մերժել է Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառել՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չխախտելու համար, թեպետ հաճույքով Ս-400 է տվել Անկարային:
Փաստերը թվում են անկապ, բայց մղում են մտածելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Մենք խրվել ենք դատավարությունների մեջ, որ ընդմիջում ենք Աժ «թատրոնով»: Խորհրդարանը վերջապես Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ ընտրեց: Այն տպավորությունն էր, որ Սահմանադրական դատարանը Նոյի տապանն է, որ փրկելու է Հայաստանը համաշխարհային ջրհեղեղից, Վահե Գրիգորյանն էլ Նոյն է: Թեպետ փրկիչը պիտի որ Նիկոլ Փաշինյանը լիներ: Համենայն դեպս՝ ՔՊ-ականները իրենց Նոյին առանձնապես հարցեր չունեին, փոխարենը այնպես էին գովերգում ու փառաբանում, որ նույնիսկ վարչապետի ընտրության ժամանակ չէին արել: Թերևս դա ՔՊԿ համաժողովից հետո վարչապետին հավատարմության երդում տալու նոր ձև էր: Հավատարմության երդում վարչապետին, ՔՊ-ից բացի, տվեցին նաև ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն՝ հայտարարելով, որ ազատ քվեարկություն են անելու: Եվ Վահե Գրիգորյանը 99 կողմ, 23 դեմ ձայներով ընտրվեց: Թեպետ ոչ ոք չէր կասկածում, որ ընտրվելու է ու որոշ ժամանակից նաև ՍԴ նախագահ է դառնալու: Դա է պահանջում նորին մեծություն վեթինգը: Այսինքն՝ դեռ չսկսված վեթինգը վերածվում է իշխանության համակրանքը, եթե ոչ պատվերը, ունեցող յուրայինների ներմուծման դատական համակարգ:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԲԴԽ 5 անդամներ հրաժարական տվեցին: Ինչու՞: «ԲԴԽ անդամները, գիտակցելով, որ վստահությունը այն կարևորագույն հենարանն է, որը նրանց անհրաժեշտ է գործելու համար՝ չունեն, և բնականաբար, որպեսզի այդ կառույցը լինի լեգիտիմ և կենսունակ, պետք է նոր անդամներ ընտրվեն Ազգային ժողովի կողմից»՝ ըստ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի: Ավելին՝ երբ փոխվի ԲԴԽ կազմը, չի բացառվում, որ ԲԴԽ-ին վերապահվի վեթինգի իրականացումը՝ դարձյալ ըստ Լենա Նազարյանի: Փաստացի՝ հեղափոխական նպատակահարմարությունը գերակայում է, ու դա չէ այն երաշխիքը, որ անկախություն է տալու երրորդ իշխանությանը: Վահե Գրիգորյանը Աժ-ում մեջբերեց միջնադարյան փիլիսոփաներին. «Դատարանը պետք է քննի իշխանության երիկամները»: Ի՞նչ կքննի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, 64-րդական խնդիր է իրականում, որովհետև ՍԴ-ի գործառույթները բնավ էլ Նոյի տապանի խնդիրը չունեն: Սա ուժի ցուցադրություն էր, որ սկսել է վկայել իշխանության թուլությունը և նահանջը իր իսկ հայտարարություններից: Երեկվա և այսօրվա միջև նրանք ընտրում են երեկ չէ առաջին օրը: Մինչդեռ կա վաղվա օրը:
Իսկ այսօրվա մեջ դեռ կա Արցախի հարցը: ՈՒ այն տպավորությունն է, որ Արցախում հիմնական փոփոխությունները լինելու են մինչև 2020-ի մարտին նախագահի ու խորհրդարանի ընտրությունները: Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Ալիևը զրոյացրեց Դուշանբեի «վերելակային» պայմանավորվածությունները, ու իր համար ելակետ հայտարարեց սուբստանտիվը՝ ակնարկելով «Բոլթոնի պլանի» մասին, որ եթե գոյություն ունի, նույն «Լավրովի պլանն» է: 2020-ի նախագահական ընտրությունների ընտրարշավը սկսած Դոնալդ Թրամփը «ոտնձգություն» կանի՞ «ռուսական ազդեցության գոտի» համարվող Հարավային Կովկասում՝ Օսակայում հունիսի վերջին G20-ի սամիթում Պուտինի հետ հանդիպումից առաջ: Սպասենք Զոհրաբ Մնացականյանի վերադարձին:

Դիտվել է՝ 2620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ