ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ու՞ր է կորել Ուրիխանյանը

Ու՞ր է կորել Ուրիխանյանը
19.06.2019 | 11:18

Ոչ մի տեղ: Ոչ էլ մանդատն է վայր դնելու, ոչ էլ արժի նրան ուշադրություն դարձնել: Որովհետև իր բոլոր քայլերի հիմքում Տիգրան Ուրիխանյանը դնում է նախ իր պայծառ անձի պանծացումը, հետո որևէ հարցի արծարծումը: Դեռ հունիսի 14-ին նա ֆեյսբուքում գրել էր. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Եվ քանի որ հանրությունը նրան գիտի որպես Աժ պատգամավոր, ընկալվեց մանդատը վայր դնել, բայց ոչ խմբակցությունը, ոչ ԱԺ քարտուղարությունը որևէ դիմում նրանից չեն ստացել: Ուրեմն՝ ի՞նչն է դադարեցնում մեծարգո պարոն Ուրիխանյանը: Աշխատանքը «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ վարում էր «Ճշմարտության պահը» հաղորդաշարը: Ոչ իր կամքով: Պարզվում է՝ պատճառը նրա հաղորդման հյուր Արմեն Աշոտյանն է: Նրան զգուշացված էր, որ Արմեն Աշոտյանը «Կենտրոնում» անցանկալի անձ է, բայց Տիգրան Ուրիխանյանը շրջանցել է արգելքը և … Եվ Գագիկ Ծառուկյանը զայրացել ու պահանջել է վայր դնել մանդատը և փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է: Ուրիխանյանը որոշել է… մանդատի համար պայքարել Ֆեյսբուքում՝ ակնկալելով, որ հազարավոր խնդրանքներ կստանա՝ առանց Ձեզ ԱԺ-ն ԱԺ չէ, մի գնացեք, մեզ որբ ու անտեր մի թողեք, էլի: Բա մենք առանց Ձեզ ո՞նց ապրենք: Խնդրանքները ցանկալի թվին չհասան, ու հիմա «չարություն արած» պատգամավորը սուսուփուս սպասում է, որ Գագիկ Ծառուկյանի զայրույթն անցնի ու մանդատը վայր դնելու հարցը փակվի: Տաղտկալի, ձանձրալի պատմություն՝ մանրիկ մարդկանց կյանքից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արժե՞ր գրել այս պատմության մասին: Տրամաբանորեն՝ ոչ: Բայց գալիս է պահ, երբ դու ապավինում ես տրամաբանությանը, իսկ շուրջբոլորը գործում են բոլորովին այլ հարթության մեջ՝ օգտվելով նաև քո լռության տրամաբանությունից: Ուստի պետք է իրերին ու երևույթներին, անձերին ու նրանց քայլերին տալ իրենց անունները: Գոնե մեկ անգամ: Գուցե հասկանան, որ մութ չի՝ ամեն ինչ պարզ է ու …արգահատելի:

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ