ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրանք չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում

Նրանք չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում
15.05.2024 | 15:56

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը:

Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականները, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունը, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների:

Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ:

Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայց և անչափ առաջադեմ կենտրոն:

Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական:

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ