ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Ալբերտ Պարսամյանը բեղուն պտուղ էր։ Բնությունը նրա նկատմամբ անսովոր բարեհաճ էր, ինչը փորձության ենթարկեց տակավին երիտասարդ նկարչին։ Նա դեռ մանկուց ջութակ էր նվագում, և շրջապտույտը նրան տեսնում էր նշանավոր բեմահարթակներում։ Երաժշտական լսողությունը բացառիկ էր, կատարողական տեխնիկան` փայլուն։ Մանուկ հասակում նա ջութակահար էր, պատանեկության շրջանում` արդեն կիթառի վարպետ։ Նրա նպատակասլացությունը գերում էր շատերին։ Ռուբեն Երկանյանը նրա ազգականն էր, Ալբերտը նրան ընկերակցելով ձայնագրեց ջութակի և կիթառի համար գրված Պագանինիի կոնցերտը։ Ընդ որում, ձայնագրեց դասական եղանակով, Պետռադիոյում։ Նրա ներաշխարհում գույների և ձայների դիմակայությունը որքան տևեց, անհայտ է, սակայն հայտնի է դիմակայության հաղթողը։ Դասական երաժշտության դեմքերից մեկը` Ալբերտ Շվայցերը, որոշ կոմպոզիտորների պատվում էր «գեղանկարիչ-երաժիշտներ» տիտղոսով։ Կոմիտասն օգտագործում էր «ձայնանկար» արտահայտությունը։ Պատանի Պարսամյանը ձայնանկարիչ էր։ Հասուն տարիքում նրա տարերքը գեղանկարչությունն էր, երաժշտությունը ստեղծագործական ողջ կյանքում եղավ նրա արվեստի հիմնանյութը։
Սովորաբար նկարիչն աշխատելիս ներամփոփվում է, հանգրվանում է միայն իրեն հայտնի «անմարդաբնակ կղզում»։ Ոմանք նկարում են նախընտրած երգի կամ մեղեդու ուղեկցությամբ։ Մանկության շրջանում պապից լսած ազգային ե՞րգն է դա, թե՞ Ազնավուրի «Լա բոհեմը», կարևոր չէ, նկարիչը արարում է, երգն ու մեղեդին նրա ուղեկիցն են, չէ՞ որ նկարչի, աշխարհի աչքի համար անտեսանելի այս կղզում նախշափետուր հավքն է կանչում գլխիդ վերևում, և դեղնաչք վայրագ վագրի մռնչյունն էր լսվում հեռու հեռվից։ Մայրաքաղաքային մշակույթով պարուրված գեղանկարիչ Ֆելիքս Եղիազարյանը (1947-2014) աշխատելիս միացնում էր ռադիոն, լսում էր ինչ-որ երկրորդական կարգի երաժշտություն։ Զարմանքս փարատեց, ասելով, որ իր նախընտրած դասական երաժշտությունը կամ ջազը կարող են շեղել ուշադրությունը կտավից, իսկ ոչ այնքան որակյալ մեղեդին չի խանգարում)։
Ալբերտ Պարսամյանի «անմարդաբնակ կղզում» նվագախմբի և երգչախմբի համերգ էր օրնիբուն։ Անհայտ մեկը ջութակ էր նվագում, մյուսը` կիթառ։ Եվ չէր կանչում հավքը գեղափետուր, և չէր լսվում վագրի ահարկու մռնչյունը։ Նա կրթյալ և բազմաշնորհ ընտանիքի զավակ էր։ Գյուղատնտես էին նրա ծնողները։ Հայրը կլառնետ էր նվագում և լավագույններից էր ջազբանդով տարված Երևանում։ Մայրը, որը ՀԽՍՀ-ի առաջին գյուղատնտեսներից էր, մինչև խոր ծերություն անգիր արտասանում էր հայ դասական պոեզիայի ընտիր նմուշները։
ԱՆՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿԸ
Դժվար է գտնել հայ կերպարվեստի հետսարյանական շրջանի մի այլ վարպետի, որին համառությամբ մատնել են մոռացության։ Ինչու՞ հարցի պատասխանը ո՞վ է տալու։ Միաժամանակ բոլորը։ Գուցե «Հայկական սովետական հանրագիտարան», պատկառելի հրատարակության 9-րդ հատո՞րը։ Պարսամյան ազգանվան տակ նշված են Անահիտ Պարսամյանը` հայ սովետական բանաստեղծուհին։ Մերուժան Պարսամյանը` սփյուռքահայ բանաստեղծը։ Մկրտիչ Պարսամյանը` սփյուռքահայ գրողն ու գրականագետը։ Ռուբեն Պարսամյանը` հայ սովետական արվեստաբանն ու 1959-67-ին ՀԽՍՀ նկարիչների միության նախագահը։ Վարդան Պարսամյանը` հայ սովետական պատմաբանը։ Ալբերտ Պարսամյանի մասին ոչ մի տող։ Այնինչ նա Հայաստանի վաստակավոր նկարիչ էր, և հանրագիտարանն ի պաշտոնե պարտավոր էր թեկուզ հպանցիկ ներկայացնելու այս տաղանդավոր մարդուն։
ՄԻՆԱՍԻ ՀԵՏ` ԶԳԱՍՏ ԼՍՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՄԲ
1970-ին Տրետյակովյան հռչակավոր պատկերասրահը գնեց նկարչի «Գյուղական բակում» կտավը։ Հետո բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներում նրա աշխատանքները պարբերաբար արժանանում են պարգևների։ Նա Մինասի մտերիմներից էր, և այսօր էլ ոչ մասնագետ արվեստասերը կարող է շփոթել նրանց կտավները։ Սակայն այստեղ դադար տանք և դրվագենք ճանաչված արվեստաբան, Հայաստանի նկարիչների միության արվեստաբանական բաժնի նախագահ Մարինա Ստեփանյանի «Ալբերտ Պարսամյանի արվեստը» հոդվածը, որը տպագրվել է «Հայ արվեստ» ամսագրում (թիվ 3, 2006 թվական)։ «Երբ Լենինգրադից եկավ Մինասը, նրանք մտերմացան` միմյանց մեջ զգալով հարազատ հոգի և ստեղծագործական ձգտումների ընդհանրություն։ «Ազատամիտ» երիտասարդությունը, կամենալով ընդարձակել գեղարվեստական արժեքների համակարգն ու նորոգել դրա գեղագիտությունը, սկսեց հավաքվել նրանց շուրջը։ Երիտասարդների ստեղծագործական շարժումը չէր պառակտում մշակույթը։ Այդ շարժումն ընդդիմադիր, բողոքավոր չէր, ժողովրդի համար ընդունելի ու սովորական արվեստին չէր հակադրվում։ Պարզապես այն տարիներին Ալբերտ Պարսամյանի ու նրա շուրջը համախմբված երիտասարդ նկարիչների մոտեցումները կյանքի երևույթներին նման էին։ Նրանցից յուրաքանչյուրն ազգային միասնական մշակույթի շրջանակում ուներ իր սեփական պոետական, կերպարների սեփական ընկալումը, սեփական ճակատագիրն ընդհանուր վերափոխիչ գործընթացում»։ Վերափոխիչ գործընթացն ամենայն հավանականությամբ խորհրդային ձնհալքի շրջանն էր, երբ ասպարեզ էր իջնում նախորդ դարի 70-ականներին ձևավորված երիտասարդական շնորհաշատ ներուժի կրող մի ամբողջ գեղանկարչական վաշտ` Զոհրաբ Միրզոյանն ու Վարուժան Վարդանյանը, Կարո Մկրտչյանը և Փարավոն Միրզոյանը, Ֆելիքս Եղիազարյանն ու Սուրեն Շահվերդյանը, Տիգրան Բաղդասարյանը և Արսեն Ղազարյանը, Արմեն Սավայանը և Նիկոլայ Մանուկյանը (Նիկօ), Սեդա Բեքարյանն ու Մարինա Վաղարշյանը...
Շարունակենք դրվագել. «Հողը, լեռները, աստղերը, տարվա եղանակները, վառ կապույտ երկինքը, գյուղի կյանքի ու կենցաղավարության կարգը, այս ամբողջը նկարչի աչքին ներկայանում էր այլ կերպ, այլ լույսի ներքո, արդեն ուրիշ երանգավորմամբ` ազատագրելով աչքը սահմանափակ, սովորական ու կենցաղային մեկնաբանությունից, ենթարկվում նրա ստեղծագործ կամքին։ Գյուղատնտես ծնողներն իրենց հարգանքը բնության հանդեպ վստահելի ձեռք էին հանձնել։ Նա կապվեց Բյուրականին, որը հայոց հողի բոլոր հատվածների նման, պահանջում էր նրբանկատ, երկյուղած ու մեծ ուշադրություն, զգաստ լսողություն ու տեսողություն»։
Նա Մինասից կրտսեր էր յոթ տարով։ Ապրեց նրա եղերական և առեղծվածային վախճանից հետո ևս քսան տարի, և մահացավ 1995-ին, 60 տարեկանում։ Ապրեց բարդ և զարմանալի մի կյանք։ Ի տարբերություն Մինասի, Ալբերտ Պարսամյանը սիրում էր ստեղծագործական ապրումի գինով վիճակը։ Նրա «անմարդաբնակ կղզում», որտեղ գլխի վերևում նախշափետուր հավքն էր կանչում, և հեռու հեռվից հասնում էր դեղնաչ վայրագ վագրի մռնչյունը, անապակ գինու կարասներ էին հորված։ Նկարիչը դեպքից դեպք էր բացում այս կամ այն կարասը։
Եվս երկու դրվագ. «Նկարիչը սիրում է այն նրբերանգները, որոնք նրա համար ստանում են փայլատ, խուլ, տտիպ, կտրուկ դիսոնանսներից զուրկ ձայնի հնչեղություն»։ «Խաղաղ, խորապես մտասույզ ինքնադիմանկարները (որոնց մեջ և Մինասի դիմանկարը) նկարված են ազատ, ուրվագծային, դինամիկ, շատ մոտ այն կյանքի ռիթմին ու զարկերակին, որով ապրում էին ինքն ու իր համախոհները։ Դրանք ձգում են մեզ իրենց տարօրինակ ու խորհրդավոր աչքերով։ Այդ անլուծելի ըմբռնմանն է ուղղված Ալբերտ Պարսամյանի հոգևոր ու գեղարվեստական ժառանգությունը»։ (Սա հավանաբար բավականին վիճարկելի կարծիք է, սակայն արժե այն նշել։ Ըստ որոշ արվեստագետների, ինչ-որ առումով Ալբերտ Պարսամյանը նախորդել է Մինաս Ավետիսյանին)։
Նրա համախոհներն էին նախորդ դարի 60-ականներին ասպարեզ իջած փայլուն տաղանդների գումարտակի ասպետները` Էդուարդ Արծրունյանը և Աշոտ Հովհաննիսյանը, Վրույր Գալստյանն ու Հովհաննես Մինասյանը, Մինաս Ավետիսյանը և Նիկոլայ Քոթանջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը և Մարտին Պետրոսյանը։ Այս պատվո ցանկը, բարեբախտաբար, շարունակելի է։
ՎԵՐՋԱԲԱՆԸ` ՎԵՐՋՆԱԳԻՐ
Այս տարի լրանում է Ալբերտ Պարսամյանի ծննդյան 85-ամյակը։ ՀՀ ԿԳՄՍ-ն արդյո՞ք ինչ-որ ձևով կանդրադառնա այս զարմանալի կերպարվեստային երևույթի հոբելյանին։ Կասկածում եմ և այն էլ խստորեն։
Այնուամենայնիվ, հատկանշենք անդրադարձի եղանակները` նախ հրատարակել մի շքեղ և գունազարդ պատկերագիրք, Հայաստանի ազգային պատկերասրահի գեղարվեստա-գիտական օժանդակությամբ։ Այնուհետև մայրաքաղաքի տեսանելի մի հատվածում տեղադրված վահանակի վրա վերատպել նրա ստեղծագործություններից մեկը։ Այլ կերպ ասած, եկեք քաղենք սարյանական ծառի պարսամյանական պտուղը։ Քաղենք և վայելենք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ