«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո երկրում որակական բարեփոխումներ պետք է տեղի ունենան»

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո երկրում որակական բարեփոխումներ պետք է տեղի ունենան»
06.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության վարչության ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
-Պարոն Սուրենյանց, այն, որ հայ-թուրքական արձանագրություններն ստորագրվելու են, կասկած լինել չի կարող, սակայն տեսակետ կա, որ ամեն ինչ սկսվելու է արձանագրությունների ստորագրումից հետո:
-Այո, կիսում եմ այդ տեսակետը, որովհետև արձանագրությունների ստորագրումն ու վավերացումը, որոնք, իսկապես, անխուսափելի են, ստեղծելու են նոր իրականություն: Խոսեմ կոնկրետ մեր մասով. արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանը դուրս է գալու խրամատային վիճակից, դառնալու է բաց սահմաններով, բաց համակարգով երկիր: Եվ Հայաստանը, որն ունի բաց սահմաններ, պետք է ունենա միանգամայն այլ համակարգ իր երկրի ներսում նույնպես:
-Ցավո՞տ է լինելու այդ պրոցեսը:
-Ցանկացած նման բարդ պրոցես միշտ էլ ցավոտ է լինում: Ամենացավոտ հարցն այս դեպքում այն է, որ մեր քաղաքական համակարգը պատրաստ չէ ոչ խրամատային Հայաստանի կարգավիճակին, երբ պետք է հիմնովին փոփոխվի համակարգի փիլիսոփայությունը:
-Պատրա՞ստ է մեր հասարակությունը (չեմ ասում` էլիտան) դրան:
-Ես կարծում եմ, որ հասարակությունը միշտ էլ մեկ քայլ առաջ է իր էլիտայից: Եվ, ի տարբերություն պոպուլիստական կարգախոսներով առաջնորդվող էլիտայի, հասարակության համար մեկ բան միշտ ակնհայտ է` հասարակությունը չի ուզում պատերազմ. երազում է բարեկեցիկ-անվտանգ կյանք:
-Եվ, այնուհանդերձ, անցնող դարերի ընթացքում թուրքի կերպարն այնքան պինդ է նստել հայի կոդում, որ այդ գենեզիսը քանդելու համար առնվազն «միջուկային զենք» է պետք:
-Դա, իհարկե, այդպես է, բայց, միևնույն է, քաղաքական համակարգը պետք է սովորի և որդեգրի այդ նոր վարքագիծը, կարողանա արժեքային նոր համակարգը մատուցել հասարակությանը և ոչ թե մեխանիկորեն կրկնել մեռած արտահայտություններ` ակնկալելով հասարակական ծափահարություններ:
-Ինչպե՞ս եք այդ «կարողանալը» պատկերացնում:
-Շատ պարզ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո որակական բարեփոխումներ պետք է տեղի ունենան երկրում: Այսինքն, իշխանական համակարգը պետք է դառնա ավելի թափանցիկ և համապատասխանի համաշխարհային զարգացման համատեքստին:
-Ինչպիսի՜ ռոմանտիզմ:
-Ոչ, ռոմանտիզմ չէ:
-Կարծում եք` Սերժ Սարգսյանը, ավարտելով արտաքին քաղաքականության «գետնին» վրա իր «նախաձեռնողականությունը», վերադառնալու է ներհայաստանյա՞ն «նախաձեռնողականությանը»:
-Գիտե՞ք, նա դրանք պետք է զուգահեռ անի: Եթե որևէ նախագահ արտաքին քաղաքականությունում առաջնորդվում է բաց սահմանների թեզով, առաջին հերթին, պետք է խրամատները վերացնի իր երկրի ներսում:
-Բայց չէ՞ որ արտաքին «նախաձեռնողականությունն» ինչ-որ առումով մեզ պարտադրված «խրամատ» է:
-Եթե նույնիսկ արտաքին ուժեր կան, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ասենք, Միացյալ Նահանգները չի թաքցնում այդ հանգամանքը կամ Եվրամիությունը, վերջին շրջանում նույնիսկ Ռուսաստանն է այդ կարծիքին, դա բացարձակապես չի նշանակում, որ բաց սահմանների առկայության դեպքում արտաքին այդ ուժերին բավարարելու է այն համակարգը, որն այսօր կա Հայաստանում: Համակարգը, որը տասը տարի շարունակ կառուցել է Ռոբերտ Քոչարյանը, կոնֆրոնտացիոն է և նախատեսված էր խրամատային Հայաստանի համար։ Հայաստան, որի համար պարտադիր պետք է լինի թշնամի` ի դեմս արտաքին որևէ պետության կամ միջազգային կազմակերպության, և այդ հակադրությունն «ապահովելու» համար պետք է ռեսուրսներ ստանա մեկ այլ` երրորդ երկրից, կոնկրետ դեպքում` Ռուսաստանից, ի հաշիվ իր անկախության: Գործող փիլիսոփայությունը սա է: Իսկ եթե մենք գնում ենք բաց հարաբերությունների, բաց սահմանների, այդպիսի համակարգը չի կարող ձևակերպել և լուծել որևէ խնդիր: Այդ համակարգի կենսունակ չլինելն արդեն ապացուցվեց վերջին շրջանում ընթացող բոլոր կարգի քննարկումների ժամանակ: Դուք չեք կարող նշել Սերժ Սարգսյանի թիմից որևէ մեկին, ով կարողանում է հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Միայն շաբլոն նախադասություններ, պրիմիտիվ ձևակերպումներ, որոնք գործընթացին շատ ավելի խանգարում, քան օգնում են:
-Բայց, դե, ընդդիմությունը (լիբերալ թևը նկատի ունեմ) նույնպես առաջնորդվում է «որքան վատ, այնքան լավ սկզբունքով», և ազգի համար այսքան կարևոր պահին պատմությունն իր նույն «պատկերին» է վերադառնում` ազգային անմիասնության տեսքով:
-Համաձայն չեմ։ Իհարկե, ինձ համար ցավալի է, որ ՀԱԿ-ը միասնական դիրքորոշում չունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Մյուս կողմից էլ` այդ բազմաշերտությունը նույնպես բնական է: Դուք չեք նշում, բայց ՀԱԿ-ը նաև ակնհայտորեն չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին:
-Դուք նկատի ունեք, որ հայ-թուրքական պրոցեսում կա նաև Ղարաբաղի՞ հարցը:
-Միանշանակ: Եվ անհեթեթ կլինի, եթե ասենք, որ նման կապ չկա ռեգիոնալ այդ երկու գործընթացների միջև: Եվ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, չի կարող ազդեցություն չունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Առավել ևս` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: ՈՒղղակի, ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ այդ կարգավորումը դրականորեն է ազդելու նաև ԼՂ խնդրի վրա, որովհետև այն երկիրը, որը ձգտում է ռեգիոնալ լիդերության, իսկ ակնհայտ է, որ Թուրքիան հիմա նման նպատակներ ունի, այդ նույն Թուրքիան պետք է փորձի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում որդեգրել ռեգիոնում առկա հակամարտությունների կարգավորման նկատմամբ: Այսինքն, այն Թուրքիան, որը բնականոն հարաբերություններ կունենա Հայաստանի հետ, շատ ավելի հավասարակշիռ կլինի Ղարաբաղի հարցում, քան այսօրվա Թուրքիան: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունն իսկապես ունի մտավոր բավականին մեծ պոտենցիալ, և մենք ինքնանպատակ չենք համարում իշխանափոխությունը կամ որևէ ներքին պրոցես: Մենք, ի մասնավորի, արտաքին քաղաքական հարցերում պատրաստ ենք մտավոր ներուժով աջակցելու հայ-թուրքական հաշտեցման, Ղարաբաղի կարգավորման գործընթացներին, եթե իշխանությունը հասարակության մեջ համաձայնության միջավայր ստեղծի:
-Ի՞նչ քայլերով:
-Ընդամենը մեկ խնդիր կա. եթե ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող մեր մյուս ընկերները, ես տեսականորեն չեմ բացառում, որ հենց հաջորդ օրը կարող է տեղի ունենալ ընդդիմության և իշխանության հանդիպումը` առաջին դեմքերի մակարդակով:
-Զարմանալի է, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գնում դրան:
-Սերժ Սարգսյանը միշտ սխալ է հասկացել արտաքին աշխարհի կողմից իրեն տրված քարտ-բլանշը: Ժամանակային առումով իրեն տրված այդ քարտ-բլանշը, ցավոք, նա օգտագործել է իր ռեժիմի ավտորիտար միտումներն ուժեղացնելու համար, մինչդեռ խելամիտ ղեկավարն այդ ժամանակահատվածը կօգտագործեր ընդդիմության հետ քաղաքակիրթ երկխոսության համար:
-Իսկ հնարավո՞ր է, որ նա խիստ մտածված է այդպես վարվում, որպեսզի այդ քայլի արդյունքում ընդդիմությունն այնքան թուլանա, որ շարժումը գնալով մարի, և այլևս հնարավոր չլինի հավասարը հավասարի հետ խոսել:
-Եթե Սերժ Սարգսյանին նման խորհուրդներ տվողներ կան, ապա հաստատապես արջի ծառայություն են մատուցում նրան, որովհետև, եթե նույնիսկ ընդունենք, որ ՀԱԿ-ը թուլացել է, ապա հասարակական դժգոհությունը չի թուլացել: Եվ եթե այսօր, ի դեմս ՀԱԿ-ի, Սերժ Սարգսյանն ունի քաղաքակիրթ ընդդիմություն, վաղը հասարակական դժգոհությունը ծնելու է ավելի արմատական ընդդիմություն: Եվ ինքը ճիշտ կանի, որ հասարակությունում առկա դժգոհությունը փորձի մեղմել:
-Կանի՞ նման քայլ:
-Նա ունի երեք տարբերակ։ Առաջին` ոչինչ չփոխել մեր հարաբերություններում։ Այդ դեպքում նրա արտաքին բոլոր նախագծերը բովանդակային առումով դատապարտված են։ Կարող է սահմանը բացվել, Ղարաբաղի խնդիրը լուծվել, բայց Հայաստանը, որպես պետություն, մրցունակ չի լինելու: Երկրորդ տարբերակը համակարգային բարեփոխումներն են, ընդդիմություն-իշխանություն խաղի կանոնների հաստատումը, կոնֆրոնտացիոն մթնոլորտի վերացումը։ Այս դեպքում թե՛ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, թե՛ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, և Սերժ Սարգսյանը կարող է շահեկանորեն մնալ Հայաստանի պատմության մեջ: Եվ կա երրորդ ճանապարհը։ Դա իմիտացիոն քայլերն են, որոնք գուցե շատ կարճ ժամանակով կամրապնդեն Սերժ Սարգսյանի իշխանությունը կամ արտաքին էֆեկտ կունենան նրա իշխանության համար, սակայն ֆունդամենտալ խնդիրներ չեն լուծի: Նույնիսկ այս պահին Սերժ Սարգսյանը հայտնվել է մենության մեջ, որովհետև նրա թիմը չունի համաշխարհային գլոբալ պրոցեսների ընկալում:
-Սերժ Սարգսյանն ընդհանրապես թիմային խաղացող չէ, նա միայնակ խաղացող է, և, ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել, որ միայն դրա համար նա գնա թիմային «փոփոխությունների»: Անցնելով առաջ, հետաքրքիր է` կլինի՞ ֆորս-մաժոր հայ-թուրքական զարգացումների համատեքստում. ֆորս-մաժորի մեջ նկատի ունենանք Քոչարյանին, նաև` ազգայնական ուժերին: Եվ, իհարկե, չմոռանանք Ռուսաստանը:
-Ինչ վերաբերում է թիմային խաղացող լինելուն, ժամանակակից աշխարհում թիմային սկզբունքով չեն խաղում միայն ավտորիտար լիդերները։ Հայաստանն ուղղակիորեն և երկարաժամկետ կտրվածքով նման ռեսուրս չունի: Ինչ վերաբերում է ֆորս-մաժորին, կարծում եմ` դաշնակցականներն ու ազգայնական ուժերը, նաև երկրորդ նախագահի թիմը, որոնք հրապարակավ դեմ են արտահայտվում արձանագրությունների ստորագրմանը, այնուամենայնիվ, բեկումնային գործընթաց առաջացնելու հնարավորություններ չունեն:
-Գիտե՞ք, մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանը որևէ տեսակետ հայ-թուրքական զարգացումների առնչությամբ չի հայտնել, իրեն հատուկ` «մարաղ մտած սպասում է»։ Ինչո՞ւ նրա ձեն-ձունը չի լսվում:
-Շատ պարզ պատճառով։ Արտաքին կոնյունկտուրան բացարձակապես չի նպաստում, որ Ռոբերտ Քոչարյանը չափից առավել ակտիվություն ցուցաբերի: Երկրորդ` նա շատ լավ հասկանում է, որ պրոցեսը գեներացնելու համար, բացի կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսներից, անհրաժեշտ է նաև որոշակի հանրային ռեսուրս, որն ինքը չունի: Երրորդ գործոն էլ կա, ինչի մասին «մոդայիկ» չէ խոսել. ինքը վախենում է, որ իր ուղղակի ակտիվությունը Սերժ Սարգսյանի մոտ արթնացնելու է ինքնապաշտպանության բնազդ, և, սեփական իշխանության պահպանության նկատառումներից ելնելով, Սարգսյանը կարող է որոշակի կոնտակտի մեջ մտնել գործող ընդդիմության հետ:
-Վերադառնանք ֆորս-մաժորին Ռուսաստանի կտրվածքով:
-Հայաստանի համար բարեբախտություն է, որ այս պահին Ռուսաստանը գտնվում է ֆինանսական ճգնաժամի տոտալ ազդեցության ներքո և չի կարող իր դեստրուկտիվ ողջ պոտենցիալն օգտագործել մեր ռեգիոնում և, ընդհանրապես, աշխարհում։ Եվ սա երևի մեր 18-ամյա կենսագրության մեջ այն սակավ դեպքերից է, երբ Ռուսաստանը չի կարողանում ապակառուցողական ամենամեծ արդյունավետությամբ աշխատել մեր երկրում: Համաշխարհային ճգնաժամից ազդված Ռուսաստանը, իր դեմքը փրկելու համար, ստիպված է լինելու մասնակցել ռեգիոնում նոր կոնֆիգուրացիայի ստեղծմանը, և ես խորապես համոզված եմ, որ արտաքուստ նպաստելու է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, իսկ ստվերային մասով չի կարողանալու ոչինչ անել:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ