Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչու ընտրեցի մաֆիոզ իշխանիկ Գագիկ Բեգլարյանին

Ինչու ընտրեցի մաֆիոզ իշխանիկ Գագիկ Բեգլարյանին
17.10.2008 | 00:00

ՆԵՐՍՈՒԶՈՒՄ
Մարդ է՞լ խիղճը կորցնի ու չսիրած թեկնածուին ընտրի. կզարմանաք դուք, իսկ ես կասեմ...
Ամեն օր մեր ապրած աննշան ու նշանավոր օրերից մի օր է անցնում։ Օր կա, որ մի երես ունի, օր կա, որ շատ խուճուճ ու աներես է լինում և անխղճորեն խճճում է քեզ իր ծալքերի մեջ։ Եթե շառ-փորձանք օր ու պահ է լինում, ասում են՝ օրն անցնի, իր շառ-փորձանքը հետը։ Շառ-փորձանք օրը հաճախ նույն մարդն է ստեղծում, էն էլ զուտ իր համար, իր նմանի համար։ Ամեն մի սորտի ընտրություն՝ գյուղապետից նախագահական, իր հետ բերում է նաև արյունլվիկություն։ Հարցաքննություններն ու ելիցմտիցություններն ու հազարումիբաներն էլ չհաշված։ Հիմա. Երևանի Կենտրոնի և Նորքի զանգվածի համայնքապետերի ընտրություններն օրվա պարգև շառ-փորձանքի նման եկան ու անցան։ Կենտրոնի բնակիչ եմ, պարտաճանաչ ընտրող, ամեն ընտրությունից հետո մի խոսք եմ ասում՝ իմ ներսում։ Ինչ-որ է, թվում է, թե օրն անցավ, փորձանքը հետը։ Կան մարդիկ, որ քիթը խոթում են ամեն տեղ։ Իբր մտերիմ են, մտերիմ-մտերմիկ քչփորում են հոգիդ, որ իմանան...
-Եթե գաղտնիք չէ, մեծ ախպեր, չիմանաս ուրիշ բանի համար եմ հարցնում, ձայնդ ո՞ւմ ես տվել, երկուսից ո՞ւմ ես ընտրել։
-Գաղտնիք չունեմ, ասեմ՝ երկուսից ընտրել եմ մեկին։
-Բայց ո՞ր մեկին։ Եթե գաղտնիք չէ։
-Գործողին ու արդեն ընտրված-գործողին։
-Ինչո՞ւ... Եթե, իհարկե, գաղտնիք չէ։
-Ո՞նց ասեմ, որ ավելի պարզ լինի։ Գաղտնի բան չկա։ Եթե ընտրեի երկրորդին, էլի պիտի քեզ նման մեկը ճարվեր, որը հարմար էր գտնելու հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ մյուսին։
-Հա՜... Հասկացա՝ ձայնդ հաստատ Գագիկ Բեգլարյանին ես տվել։ Եվ կարո՞ղ ես արդարացնել, ապացուցել, համոզել՝ ինչո՞ւ։
-Նախ՝ ձայնս տվել եմ Գագիկ Բեգլարյանին, որովհետև չեմ տվել Արարատ Զուրաբյանին։
-Ինչո՞ւ-ինչու, հետո՞-հետո։
-Ինչուն ո՞րն է, հետոն ո՞րն է։
-Ներող կլինեք հազար անգամ, հարցիս համար՝ անշահախնդի՞ր...
-Առաջվա միամիտը չեմ, անշահախնդի՜ր, չէ մի՝ պոզեր։
-Ձեզ նման մարդուն Բեգլարյանի արած լավությանը մեկին տասը կպատասխաներ Զուրաբյանը։
-Բայց ես ընդամենը մեկ խնդրանք ունեմ։ Երկուսը չէ, երեքը չէ՝ տասը ի՞նչ եմ անում։ Ես տասը պատվիրանը գիտեմ։ Ոչ մի պատվիրան տալու իրավունք չունեմ, իսկ խնդրանք՝ միայն մեկը։ Գիտեմ՝ մերժվելու եմ, բայց խնդրելու եմ։
-Ձայնդ որ տվել ես, թող ինքը խնդրի։
-Խնդրելու բան ինքը չունի, ես ունեմ։
-Արարատ Զուրաբյանին ընտրեիր, նրան խնդրեիր, առանց խնդրելու էլ հարցդ ու լիքը հարցերդ կլուծեր։
-Ես լիքը հարցեր չունեմ։ Բացի այդ՝ ես նրան և ոչ մի հարցով չեմ դիմի։
-Ինչո՞ւ, եթե գաղտնիք չէ։
-Հիշելը տհաճ է, բայց հիշեմ։ Հիշաչար չեմ, բայց հիշեմ։ Ժամ է նշանակում։ Գիտեմ՝ էս օրը, էս ժամին լինելու եմ Կենտրոնի համայնքապետ պարոն Արարատ Զուրաբյանի մոտ։ Հինգ րոպե շուտ եմ գնում, որ շունչս տեղը բերեմ, թաղապետի ընդունարանի մթնոլորտը զգամ, ասելիքս, թեև նաև գրավորել եմ, ժողվեմ... Բայց նա չկա։ Անցնում է կես ժամ, քառասուն րոպե, իսկ նա չկա։ Ինձ արդեն խեթ-խեթ նայող քարտուղարուհուն բան չի ասել, ոչ մեկին չի ասել։ Էսպես՝ երեք անգամ։ Նմանին ես չեմ կարող ձայն տալ։
-Ի՞նչ է, Գագիկ Բեգլարյանն աննմա՞ն է։
-Ոչ մեկը չի կարող աննման լինել։ Ավել-պակաս, բայց մի սանրի կտավ են։ Գագիկ Բեգլարյանին դիմել եմ մի քանի հարցով, տարբեր ժամանակներում։ Ասել եմ՝ երկու տղայիս հետ ապրում ենք մեկ բնակարանում, էդ տնից բացի ուրիշ տարածք չունենք, մի կտոր հող, մի կոշկակարի բուդկի, մի ավտոտնակի չափ մի թզաչափ տեղ։ Մարդը մերժել է։ Ասել եմ, խնդրել եմ՝ քաղաքի տղա ես, օր օրի քաղաքի հետ կենտրոնն է ձեռից գնում, թշնամություն է կատարվում, առաջն առ, ավերումի, հոշոտման առաջն առ... Բայց ո՞ւմ ես ասում։ Ընկել է քանդարարների խելքին ու... ձիավորված գնում է։ Ասել եմ՝ գրող մարդ եմ, որ խմբեր կազմած գնում եք հայոց բանակում ծառայող մեր զավակներին տեսության, ինձ էլ տարեք։ Ո՛չ ասել են, ո՛չ տարել։
-Եվ էդքանից հետո նրա՞ն եք ձայն տվել։
-Մեկն ասացի, տասը չասացի։ Բուզանդի փողոցի բնակիչների հետ երբ դաժանաբար էին վարվում՝ նրանց զրկելով մարդկայնորեն ապրելու տարրական իրավունքներից, մի հավաքի ժամանակ եղել եմ էնտեղ, ուր էին նաև ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, ոչ անհայտ Ռուզան Խաչատրյանը, որն ուզում էր համայնքապետ դառնալ և այլք։ Գագիկի լրտուները, որպես իրեղեն ապացույց, նկարահանում են նաև ինձ, հաղթականորեն ներկայացնում, ասում են, մի հինգ-վեց տեղ լավ էլ երևում եմ։ Է՜, ի՞նչ ասես, դիմակ են պատռում՝ բացելով հենց իրենց դիմակները։
-Էդքանից հետո ձայնդ էլի նրա՞ն ես տվել։
-Էդքանից ու տասն անգամ էդքանից հետո։ Ընտրությունների օրը, երբ գնում էի Նար-Դոսի անվան դպրոց՝ մաքուր, արդար, թափանցիկ ընտրատուփի մոտ, տեսա, թե ինչպես են կալանավորվում-թիթեղապատվում կանաչ տարածությունները։ Բայց... Սուտ խոսելը տուն է քանդում, երկիր է քանդում, մարդուն մահվան դուռն է տանում։
-Բայց հանուն ինչի՞, ինչո՞ւ Ձեր ձայնը տվեցիք հօգուտ Գագիկ Բեգլարյանի։
-Հօգուտ Գագիկ Բեգլարյանի չէ, հօգուտ մեր քաղաքի կենտրոնի... ավերմա՞ն ասեմ, ի՜նչ ասեմ։
-Ոչ մեկը հիմա ձրի գործ չի անում։ Ներող կլինեք, ի՞նչ խնդրով պիտի դիմեք Ձեր ընտրյալին և ի՞նչ ակնկալիք ունեք։
-Ասեմ,- զրուցակցիս աչքերը փայլեցին, փայլատակեցին։ Ինձ նեղն է լծել։ Համոզվում է, որ անկաշառ մարդ չկա։ ՈՒ ես ասում եմ՝ մեր համայնքում մի հրաշալի մանկապարտեզ կա՝ թիվ 19, հրաշալի դաստիարակներով, հրաշալի մանկավարժ Ժաննա Թադևոսյանի ազնիվ ղեկավարությամբ։ Մանկապարտեզն ունի հրաշալի այգի՝ պտղատու ծառերով։ Ծառերը չեն ջրվում։ Ոնց որ ծարավ երեխան՝ ջուր են ուզում։ Ոռոգման ջուր չկա, խմելու ջրով էլ չի կարելի։ Գագիկ Բեգլարյանին պիտի խնդրեմ, որ ինչ կանես, չես անի, դու գիտես ու քո խիղճը, բայց անջուր մի թող ծարավ-ծարավ, Աստծո հույսին մնացած երեխա-ծառերը։
-Հենց էդքան բա՞ն։
-Հենց էսքան բան, կրտսեր բարեկամ։
-Չեմ հավատում։
-Հավատը նաև չհավատալու մեջ պիտի լինի։
-Պի՜... Մարդիկ ձայնի դիմաց ի՞նչ են ստանում։ Իսկ դու՝ հեքիաթ։ Պիտի խնդրես, որ մատղաշ մրգատու ծառերին ջուր տա։ Ո՞նց կլինի, որ նման բան լինի։
-Պա՜... Եթե լինի, ուրեմն եղև՝ եղավ, եթե չլինի՝ էլ ոչ մի եղավ-չեղավ, ուրեմն չեղավ։ Կշարունակենք ապրել մեր եղյալ-չեղյալ աշխարհում, եղյալ-չեղյալ խնդրանքների, խոստումների ու մոռացումների մեջ։
-Քեզնից ի՞նչ օրինակ վերցնենք։
-Մի՛ վերցրեք։ Վերցրեք ձեր 5 հազարը, ինչքան հասնում է։ Թե չէ իմ օրը կընկնեք։ Իսկ իմ օրինակը... մեկ օրինակ է, էն էլ իմ օրինակն է...
-Պի՜...
-Բա՜...
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7846

Մեկնաբանություններ