Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այն ներդրողը, որը կմնա և կաշխատի, հետագայում առաջատար դիրք կգրավի շուկայում»

«Այն ներդրողը, որը կմնա և կաշխատի, հետագայում առաջատար դիրք կգրավի շուկայում»
24.02.2009 | 00:00

«ԳՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ՈՉ ՍՊԱՍՎԱԾԻ ՉԱՓ»
Դեռևս աշնան սկզբին, երբ Հայաստանի իշխանությունները հույս էին հայտնում, որ տնտեսական ճգնաժամն իր ողջ «կազմով» չի թափանցի Հայաստան, անշարժ գույքի շուկայում նկատվում էր գործարքների նվազման միտում։ Խոսքը սոսկ առուծախի մասին չէ, այլ ներդրումների։ Մյուս կողմից` մայրաքաղաքում տարեցտարի կապիտալ շինարարությունում ծրագրերն ընդլայնվում են, և 2009-ը, այս առումով, բացառություն չէ։ Ինչ ազդեցություն կունենա ֆինանսատնտեսական ճգնաժամը քաղաքապետարանի լայնածավալ շինարարական աշխատանքների վրա, և սրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցեցինք փոխքաղաքապետ ԿԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։
-Հուսով ենք, որ ազդեցությունը խիստ տեսանելի չի լինի, քանի որ քաղաքապետարանն արդեն իսկ իրականացնում է 2009 թ. նախատեսված շինարարական ծրագրերի մրցույթները։ Եվ այդ գործընթացը բնականոն հունով է ընթանում` ձևավորվում են հաղթող կազմակերպություններ, կնքվում են պայմանագրեր, և հուսով ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մենք մեր ծրագրերը հարյուր տոկոսով կկատարենք։ Այդ նպատակին հասնելու համար պետք է կարողանանք ապահովել բյուջեի մուտքերը,- նշում է պարոն Դավթյանը։
-Այս տարվա շինարարական ծրագրի ընդհանուր արժեքը որքա՞ն է, և քաղաքապետարանի բյուջեի ո՞ր մասն է լրացվելու պետբյուջեի հաշվից։
-Քաղաքապետարանի 2009 թ. բյուջեն 18 մլրդ դրամ է, որից 5 մլրդ դրամը հատկացվելու է պետբյուջեից, մնացածը հավաքագրվելու է իրականացված գործարքների հաշվին։ Ըստ նախատեսվածի, իրականացվող բոլոր ծրագրերի արժեքը կազմում է 18 մլրդ դրամ։ Նկատեմ, որ ծրագրերը բազմաբնույթ են` սկսած շենքերի, դպրոցների, մանկապարտեզների, կաթսայատների կառուցման և վերանորոգման, հենապատերի կառուցման, կենդանաբանական այգու նորոգման աշխատանքներից, վերջացրած վերգետնյա անցումների, փողոցների վերակառուցման և ճաքալցման աշխատանքներով։
Այդ ցանկը շատ մեծ է։ Բնակշինարարության ծրագրերի իրականացման համար նախատեսված է հատկացնել 835 մլն դրամ։
-Եթե համեմատենք 2007 թ. դեկտեմբերը 2008-ի նույն ժամանակահատվածի և 2008-ի հունվարը 2009-ի հունվարի հետ, ապա գործարքների (որոնցից հիմնականում ձևավորվում է քաղաքապետարանի բյուջեն) նվազում նկատվո՞ւմ է։
-Իհարկե, նկատվում է։
-Դա մե՞ծ տոկոս է կազմում։
-Այս պահին տոկոսային հարաբերակցության մասին չեմ կարող հստակ որևէ թիվ ասել, սակայն կարող եմ ընդգծել, որ բավականին նվազել է բնակչության հետաքրքրությունն աճուրդով վաճառվող հողերի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, անշարժ գույքի նկատմամբ։ Նկատվում է նաև ներդրողների հետաքրքրության անկում ներդրումային ծրագրերի նկատմամբ։ Բայց, կարծում եմ, երրորդ եռամսյակից սկսած շուկայում որոշակի աշխուժություն կնկատվի։ Այս պահի դրությամբ կա հետաքրքրություն, սակայն գործնական քայլեր անշարժ գույքի, հողի շուկայում դեռևս չկան։ Բոլորը կարծես սպասում են ինչ-որ ժամանակի, մասնավորապես ապրիլ, մայիս ամիսներին, սպասում են, որ այս շուկայում այդ ժամանակ գների կտրուկ սղաճ կարձանագրվի, ինչը թույլ կտա շատ էժան գներով գույք ձեռք բերել։ Սակայն չեմ կարծում, որ այդ հույսերը կարդարացվեն, դրանք սոսկ խոսակցություններ են։ Չեմ բացառում, որ գների որոշակի նվազում կլինի, բայց ոչ սպասվածի չափ։
-Եթե ներդրողների այդ սպասումն արդարացված չէ, ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը, ինչը թույլ է տալիս Ձեզ ասելու, որ կադաստրի անշարժ գույքի շուկայում աշխուժություն կզգացվի։
-Այն պայմանավորված է հիմնականում ներդրողների շրջանակներում նկատվող հետաքրքրությամբ։
-Այո, սակայն գումար պետք է ունենան այդ հետաքրքրությունը բավարարելու համար։
-Եթե մարդը բնակարանի կարիք ունի, ապա նա մի փոքր ավելի կամ պակաս գումարով այն ձեռք կբերի։ Այլ բան է, որ կարող է նվազել անշարժ գույքի շուկայում ներդրումներ անողների թիվը։ Սակայն կարծում եմ, որ բնակարանային կարիքներից ելնելով` բնակարան ձեռք բերողների թիվը չի նվազի։ Հատկապես, եթե բանկերն աշխուժացնեն հիպոթեքային դաշտում իրենց գործունեությունը։ Այդ դեպքում բնակարանների գների իջեցում կարող է լինել։ Պետք է նկատեմ, որ նվազել են նաև շինարարական նյութերի գները։ Օրինակ, նույն ամրանների գինն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է կրկնակի։ Այսօր տոննան արժե 700-800 դոլար` 1500-1600-ի դիմաց։ Այս ամենը, վերջին հաշվով, հանգեցնելու է շինության ինքնարժեքի էժանացմանը, ինչը կազդի բնակարանի վաճառքի գնի վրա։
-Քաղաքապետարանն այս պահին լրացուցիչ ծրագրեր իրականացնո՞ւմ է, մասնավորապես, բյուջեի կատարողականի առումով, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։
-Ծրագրեր մշակվում են, և մենք աշխատանք ենք տանում պոտենցիալ ներդրողներին ներգրավելու համար։ Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում նախկինում հող ձեռք բերած, սակայն կառուցապատում չիրականացրած ներդրողների հետ, որպեսզի այս տարի սկսեն իրենց աշխատանքները։ Դա կարևորվում է նաև աշխատատեղերի ապահովման, տեղական շինարարական ձեռնարկություններն աշխատեցնելու առումով։ Պետք է փորձենք ավելի հրապուրիչ ծրագրեր և ծառայություններ մատուցել մարդկանց։
-Եթե աճուրդներ չկայանան պահանջարկի բացակայության դեպքում, ապա քաղաքապետարանը կարո՞ղ է հողերն ուղղակի վաճառքով հատկացնել ներդրողին։
-Եթե հողը նախկինում տիրապետած չէ, ապա ուղղակի վաճառքով հողերը չեն կարող վաճառվել։ Օրենքը թույլ է տալիս միայն աճուրդի դրված հողի գինը որոշակի չափով իջեցնել կրկնաճուրդի ժամանակ` ելնելով պահանջարկի սակավությունից։
-Խոսակցություններ կան, որ Ֆիրդուսի թաղամասում իրացման գործընթացը սառեցված է` պայմանագրեր չեն կնքվում բնակիչների հետ, և որ «Արարատ» կոնյակի գործարանի հետնամասում նշված հատվածի բնակիչների համար կառուցվող շենքի աշխատանքները դադարեցված են։
-Հարցին հերթով պատասխանեմ։ Եթե որևէ, այդ թվում նաև` Ֆիրդուսի տարածքում իրացման աշխատանքներ չեն ընթանում, ապա դա պայմանավորված է միայն մեկ բանով։ Քանի որ համապատասխան որոշումներով և օրենքով կարգավորման խնդիր առաջ եկավ, այսինքն` սեփականություն ունեցողներին օրենքը թույլ չի տվել իրենց սեփականության հարակից տարածքները (նախկինում տիրապետող) օրինականացնելու, ապա այսօր իրացման գոտիներում այդ գործընթացն ենք իրականացնում։ Նշված գույքն օրինականացնելուց հետո իրացման գործընթացը կշարունակվի։ Այսինքն, ներդրողը պետք է պատկերացում կազմի, թե որքանով է ավելանում սեփական գույք ունեցողների քանակը նախնական ծրագրավորվածի համեմատ, որից հետո նոր կնքվում է պայմանագիր տվյալ բնակչի հետ։ Դա կնպաստի, որպեսզի հետագայում այլ խնդիրներ չառաջանան բնակչի մոտ։ Ինչ վերաբերում է գինու կոմբինատի հետնամասում կառուցվող շենքին, ապա աշխատանքներն ընթանում են և տեսանելի են անզեն աչքով, ինչին ամեն օր հետևում եմ նույնիսկ աշխատասենյակիս պատուհանից, քանի որ մեր հարևանությամբ է գտնվում կառույցը։ Պետք է նշեմ, որ ձմեռային ժամանակահատվածում աշխատանքները դանդաղել էին։ Մենք մեզ չխաբենք և ասենք, որ, այո՛, կար նաև որոշակի տնտեսական ազդեցություն։ Սակայն ընդգծեմ, որ բոլորի հետ զրուցել ենք, և եղած խնդիրները հաղթահարելի են։ Այսինքն, սկսված բոլոր ծրագրերը պետք է ժամանակին ավարտեն, քանի որ դրանք ամրագրված են քաղաքապետի որոշումներով և պայմանագրերով։ Գուցե այդ ընկերությունները նոր ծրագրեր չսկսեն, սակայն եղածը պարտավոր են կատարել։
-Ներդրողները, որոնց հետ աշխատանք եք իրականացնում, արտերկրի՞ց են, թե՞ ներքին պոտենցիալն է ներգրավված։
-Կարծում եմ, վերջին տարիների մեր հիմնական ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ տեղական ներդրողներն ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքաշինական ծրագրերում։ Այս պահի դրությամբ արտերկրի և տեղական ներդրողների համամասնությունը 50-50 % է։
-Ուզում եմ պարզաբանեք ներդրողների արտահոսք տնտեսական ճգնաժամում հայտնված երկրներից դեպի Հայաստան կա՞, թե՞ ոչ։
-Դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել։ Ամեն բան պայմանավորված է հետագա զարգացումներով տեղական անշարժ գույքի շուկայում։ Պետք է նշեմ, որ այն ներդրողը, որը կմնա և կաշխատի, հետագայում առաջատար դիրք է գրավելու շուկայում, և մենք մեր հանդիպումներում գործարարների հետ դա ընդգծում ենք։
-Եվ շատերը հավատո՞ւմ են։
-Շատերը հավատում են, և ես էլ եմ հավատում։ Հակված չեմ կարծելու, որ ամեն բան շատ վատ է լինելու։ Հուսով եմ, որ ամեն բան կհարթվի։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6217

Մեկնաբանություններ