Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ճամփաբաժան

Ճամփաբաժան
28.07.2009 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՊԱՐԱԴԻԳՄԸ
«Сетевое издание «Сегодня.ру» ինտերնետային կայքում է տեղակայված ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ստորագրությամբ այս հոդվածը։ Հաշվի առնելով արծարծված խնդիրների կարևորությունը, այն մեր ընթերցողին ենք ներկայացնում թարգմանաբար, առանց կրճատումների։ Քանզի յուրաքանչյուր տեսակետ ունի գոյության, իսկ հանրությունը` դրան ծանոթանալու իրավունք` անկախ ներկայացված դիրքորոշման հետ համաձայն լինելու կամ չլինելու հանգամանքից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջնորդների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին նոր որակ հաղորդեց և արդեն հանգեցրել է լարվածության մեծացման հայկական հասարակության մեջ։ Զարգացման գործընթացների ճգնաժամային կարևորությունը պահանջում է ստեղծված իրավիճակի հանգիստ ու սթափ գնահատական։ Քաղաքական կոնտեքստի և ընդհանուր առմամբ անվտանգության միջավայրի իմաստավորումն ու գիտակցումը, որոնց շրջանակներում զարգանում է բանակցային գործընթացը, կարևոր փուլ են։ Սակայն խոր մոլորություն կլինի սահմանափակվել անհաջող դասավորված կամ նույնիսկ ճակատագրական հանգամանքների մասին հետևություններով, որոնք կրկին Հայկական աշխարհը կանգնեցրել են ազգային աղետի եզրին։ Անհրաժեշտ է արիություն դրսևորել և ընդունել, որ վերջին շրջանի իրադարձությունները պտուղներն են հայկական քաղաքականության ու ռազմավարության, որոնք ձևավորվել և գործնականում իրականացվել են Երրորդ Հանրապետության հիմնադրման օրից։ Հենց դա կանգնեցրեց հայ ժողովրդին քաղաքական պարտության առջև Լիսաբոնում, հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին, որին հաջորդեց անդունդի եզրին քաղաքական մանևրների վերջին տասնամյակը։
Այդ մանևրների արդյունքները կարելի է լուսաբանել ու գնահատել տարբեր կերպ։ Ոմանք խոսում են մեծ հաջողության մասին, քանի որ հայկական երիտասարդ պետականությունը չի հայտնվել անգործունակ պետությանը բնորոշ քաոսում և նույնիսկ մի քիչ առաջ է եկել քաոսի եզրագծից։ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն իներցիայով այսօր էլ փորձում է խոսել նույն լեզվով, դրանով իսկ ցույց տալով տեկտոնական տեղաշարժերը տեսնելու իր անընդունակությունը, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում ու Հայկական աշխարհում։ Վերջին տասնամյակների քաղաքականությունը կարելի է գնահատել նաև իբրև մեծ պարտություն, քանի որ անցած տարիների ընթացքում այդպես էլ չմշակվեցին ազգային ռազմավարություն և հայկական պետությունների արտաքին քաղաքականության դոկտրին, որոնք հայությանը թույլ կտային հեռանալ «ազգային աղետ» կամ «մանևրներ անդունդի եզրին» երկընտրանքից։ Ավելին, անկախ անձերից, բարձրագույն քաղաքական ղեկավարությունը համարել և համարում է, որ Հայաստանը որևէ դոկտրինի կարիք չունի։ Արտաքին քաղաքականությունը կարելի է վերածել խաղի, իսկ դրա իրականացման ռազմավարությունը` գլխում ծագած հերթական քայլի։ Մասնագետները, փորձագիտական հանրությունը, ժողովուրդը չպետք է տեղյակ լինեն, թե ինչ սկզբունքների վրա է ձևավորվում և իրականացվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և, առհասարակ, գոյություն ունե՞ն այդպիսի սկզբունքներ ընդհանրապես։
Այսօր հարկ է ընդունել, որ «հաջողության» մասին ողջ փաստարկումը, ինչպես նաև քաղաքական գործընթացներից կտրված քաղաքականության իրականացումը Հայկական աշխարհի որոշիչ հիմնախնդիրների վերաբերյալ, առանց ժողովրդի մասնակցության դրա կենտրոնացումը մի քանի պետական գործիչների ձեռքում կոպտագույն սխալ էր։ Ավելին, անհրաժեշտ է խոսել ոչ միայն քաղաքականության սխալականության, այլև վնասակար ռազմավարության և դրա իրագործման նույնքան վնասակար մարտավարության մասին, որը հենված է բացառապես անձնական գործոնի վրա և ենթադրում է հայկական քաղաքականության կենտրոնացում կամային, ուժեղ ու բանիմաց ձեռքերում։ Հայկական քաղաքականությունը բացարձակապես անպատրաստ է այն սցենարին, երբ քաղաքական լծակները կարող են հայտնվել վերոնշյալ հատկություններից զուրկ ձեռքերում։ Հորինելով անդունդի եզրին հավասարակշռելու քաղաքականությունը, դրա «ճարտարապետները» չնախատեսեցին որևէ պաշտպանություն հիմարությունից։ Այսինքն` մի իրավիճակից, երբ քաղաքական ղեկավարության ոչ կոմպետենտությունը կարող է հանգեցնել Հայկական աշխարհի համար ինքնասպանությանը համազոր քաղաքականության իրագործման։ Այստեղ նոր բան չկա, և ոչ միայն հայկական քաղաքական գործիչներն են գայթակղվում` կտրելու բազմադարյան հիմնախնդիրների «գորդյան հանգույցը» հասարակ, պարզ ու արագ որոշումներով։ Բարբարա Տուչմանը «Հիմարության շքերթ» գրքում ներկայացնում է պատմական օրինակների մի ամբողջ շարք, թե ինչպես որոշում ընդունող առաջնորդները հայտնվել են միջավայրի կտրուկ փոփոխություններին անպատրաստ վիճակում, խուսափել քաղաքական կուրսի փոփոխության անհրաժեշտությունից, նորամուծություններից, որ հնարավորություն կտային դիմագրավել նոր և անծանոթ մարտահրավերներին։ Արդյունքում բոլոր հնարավոր տարբերակներից իրագործվել են ինքնաքայքայման ամենավատ ռազմավարությունն ու քաղաքականությունը։
Անհրաժեշտ է արձանագրել, որ արդի հայկական քաղաքականության և դիվանագիտության մեջ բացակայում են ապահովագրական գոտին ու պարանը, որոնք կօգնեին նրան դիմանալ անդունդի եզրին` քաղաքական կոնտեքստի և անվտանգության միջավայրի կտրուկ փոփոխության դեպքում, որոնց քողի ներքո էլ ընթանում են բանակցությունները։ Հայության քաղաքականությունն ու դիվանագիտությունը, պարզվեց, միակողմանի ու միաչափ են` անպատրաստ կտրուկ շրջադարձերի ու փոփոխությունների։ Ավելին, հայկական պետականությունը չդիմացավ գայթակղությանը, որպեսզի «քաոսի եզրին» գոյությունը չներկայացվեր իբրև կայունություն։ Այդպիսի հայեցակետը ստեղծում է ընդունելի համարվող ռիսկերի պատրանք և պահանջում է անհամեմատ ավելի նվազ հոգևոր, ինտելեկտուալ, կազմակերպչական ծախսեր` ստեղծված իրավիճակն իմաստավորելու և որոշումներ մշակելու համար։ Զարգացող գործընթացների գնահատման, նրանց իմաստավորման և մշակվող որոշումների թեթևությունն ամեն ինչում հասնում է թեթևամտության` հաճախակի հանգելով միայն «հրաշքի» սպասման։ Այսօր պետք է արիություն ունենալ ու խոստովանել, որ այդ վատ ռազմավարությունը, տապալված քաղաքականությունն ու դիվանագիտությունը ճակատագրական հետևանքներ կունենան ինչպես Հայկական աշխարհի համար ընդհանուր առմամբ, այնպես էլ արդի քաղաքական էլիտայի, որն իրեն թույլ տվեց կտավի վրա նկարել խաղաղ օջախ ու սկսեց հավատալ, որ հենց դա էլ իրականությունն է։
Հայկական քաղաքական էլիտայի մեկ ուրիշ սկզբունքային սխալն այն է, որ նա թույլ տվեց Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանն ինքնավստահորեն իր վրա վերցնել բոլոր հայկական պրոբլեմները, պատասխանատվություն ստանձնելով ոչ միայն Երրորդ Հանրապետության ճակատագրի, այլև Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև Մեծ եղեռնը համաշխարհային քաղաքական տարածության մեջ ներկայացնելու առումով։ Թեպետ ի սկզբանե ակնհայտ էր, որ Երրորդ Հանրապետության փորձն ու ներուժը թույլ չեն տա նրան լուծել այդպիսի քանակությամբ բարդ, փոխկապակցված հիմնախնդիրներ, որոնք ունեն բազմադարյա պատմություն։ Դա ուժերից վեր բեռ էր, և այսօր մենք ականատեսն ենք, որ Հայաստանի իշխանություններն օբյեկտիվորեն հայտնվել են մի իրավիճակում, երբ չեն կարողանում արտաքին ճնշմանը դիմագրավել։
Վերն ասվածը թույլ է տալիս պնդել, որ Հայկական աշխարհը գտնվում է ամբողջական ու համակարգային ճգնաժամի մեջ, որը զարգանում է Երրորդ Հանրապետության քաղաքական ղեկավարության ցնցակաթվածային քայլերի խորապատկերի վրա, որը չի հասցնում իմաստավորել ու գիտակցել տեղի ունեցող տեղաշարժերի ամբողջ մասշտաբն ու խորությունը։ Այս իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է ներգրավել ողջ Հայկական աշխարհի ներուժը, ինչը պահանջում է անհապաղ և լիովին վերանայել Հայկական աշխարհի մասերի միջև փոխհարաբերությունների ճարտարապետությունը։
Կարևոր է գիտակցել, որ Հայկական աշխարհը ներքաշված է հզոր գործընթացների մեջ, որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ասպեկտներ։ Համանախագահների հայտարարությունը պետք է գնահատել իբրև սահմանագիծ, որը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար բացառում է իրավիճակը հետ խաղարկելու հնարավորությունը և մանևրելու քաղաքականությանը վերադարձը։ Թափ հավաքող գործընթացները շարժվում են դեպի բնական և օբյեկտիվ հանգրվան, դեպի հայության հերթական աղետը, որին, ինչպես նախկինում, հայությունը չի ուզում հավատալ մինչև վերջին վայրկյանը։ Այնուհանդերձ, այսօր ու այժմ Հայկական աշխարհն ունի ընտրության հնարավորություն, և կա «ճամփաբաժան», ուր դեռ հնարավոր է գործընթացներն ուղղորդել աղետից խուսափելու ուղղությամբ։ Դա ավելի քան բարդ ու դժվար իրագործելի սցենար է, քանի որ քաղաքական էլիտայի բարեհոգի տրամադրությունների շնորհիվ Հայկական աշխարհը կորցրեց ժամանակը և հարկադրված է արագ կարգով նախաձեռնել մի շարք խիստ կարևոր գործընթացներ։ Փոխաբերական իմաստով եթե գործընթացը դիտարկենք իբրև երկաթուղի, որով սլանում է կարգավորման գործընթացի արագընթաց գնացքը, ապա Հայկական աշխարհը պետք է արագորեն ստեղծի երկաթուղու ուղիները փոխելու սլաք, որը հնարավորություն կտա արագընթաց գնացքն ուղղորդելու այլ ուղղությամբ, զուգահեռաբար զբաղվելով նոր երկաթուղի կառուցելով։ Քանի որ այսօր հայությունը չունի իր ապագայի տեսլականը, որն իր մեջ պարունակեր ոչ թե գոյատևման, այլ զարգացման տրամաբանություն։
Սահմանափակ ժամկետներում այսպիսի մեծ ծավալի աշխատանքի իրականացումը հնարավոր է, երբ գործի են դրվում արտակարգ իրավիճակի համախմբող մեխանիզմները, որոնք կոչված են նախագծի շուրջ հավաքել հայության ամբողջ ներուժը։ Դա նշանակում է, որ, մշակութային լեզվից, տնտեսությունից և քաղաքականությունից բացի, արդիական են դառնում նաև պատերազմի լեզուն, պատերազմի օրենքներն ու տրամաբանությունը։ Հայկական աշխարհի արդի քաղաքական էլիտան, որի ձայնն է հանդիսանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պետք է հասկանա և ընդունի մանևրելու քաղաքականության ու ռազմավարության սպառվածությունն ինչպես իր, այնպես էլ ողջ հայության համար։ Պետք են որակապես նոր մոտեցումներ, բոլորովին այլ գործընթացների նախաձեռնում, որոնք կոչված են առաջին փուլում կատարելու ապահովագրական գոտու, դրան կցված պարանի դերը։ Այդ գոտին թույլ կտա հայկական պետականությանը` դիմանալ «անդունդի եզրին», իսկ հետո նպատակամղված կառուցել արդեն նոր Հայաստան, 21-րդ դարի Հայաստանը։ Իսկ դա ենթադրում է խոր տրանսֆորմացիա քաղաքական համակարգում և էլիտայում։
Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է պատռել հայության համար ճակատագրական դարձած գործընթացների արատավոր շրջանը։ Հայկական աշխարհը լավ հնարավորություն ունի փակելու կարգավորման գործընթացը` պահանջելով ԼՂՀ-ի վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Այդ քայլի անհրաժեշտության մասին արդեն արտահայտվել են գործնականում ողջ հայ հասարակությունը, հայության բոլոր քաղաքական ուժերը։ Արցախյան պետականությունն անցած ժամանակահատվածում բավականաչափ ամրապնդվել է, որպեսզի դիմանա այդպիսի բեռան տակ և օգնի Երրորդ Հանրապետությանը։ Այդ քայլը թույլ կտա բանակցային գործընթացում գործադրվող ճնշումը վերաբաշխել երկու հայկական պետությունների միջև և շահել հայությանը համախմբելու համար այնքան անհրաժեշտ ժամանակը։ Դա կարող է դառնալ առաջին քայլը Հայկական աշխարհի նոր պարադիգմի կառուցման ճանապարհին։
Տպագրության պատրաստեց
Վ. ՍԱՀԱԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ