Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ
09.05.2023 | 21:31

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց դեռևս մանկությունից գիտեմ, թե ինչ է պատերազմը: Գիտեմ հայրական ու մայրական տատերիս սև զգեստներից, դիմապատից կախված սև շրջանակով հորեղբորս ու մորեղբորս զինվորակսն համազգեստով մեծադիր լուսանկարներից:

Գիտեմ հայրական տատիս լուռ ու հավերժական սպասումից. «Դուռը մի' փակեք, Աղաջանս կգա»:

Մայրական տատիս թաց գոգնոցից գիտեմ. «Ախր, Արշալույսը բացվեց, ու Արշալույսս չեկավ»:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Մայրիկիս` փայփայած մինուճար եղբոր «սև թղթից» գիտեմ: Հայրիկիս` աշխարհի տարբեր անկյուններ հարցումների գրավոր պատասխաններից:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Արդեն խունացած «եռանկյունի» նամակներից գիտեմ: Մեր գյուղի քարակերտ հուշարձանին փորագրված անուններից:

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը: ՈՒ տխուր է այդ հիշողությունը, տխուր ու չվերջացող:

Այդ հիշողությունը դեռևս իմ մանկությունից է գալիս, ու թվում է, թե այն միշտ եղել է իմ հոգում, ոչ մի պահի չի լքել ինձ: Այդպես է. պատերազմի հիշողությունը միշտ արթուն է ու արթուն է պահում նաև տիրոջը...պատերազմ չտեսած տիրոջը:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 5862

Մեկնաբանություններ