ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Բաց նամակ` ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին

Բաց նամակ` ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին
29.11.2013 | 00:06

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ
Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Ես պատկանում եմ Հայաստանի քաղաքացիների այն որակավոր մեծամասնությանը, որը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ճիշտ է, այն առայժմ միայն մաքսային է, բայց, ամեն դեպքում, միություն է: Մաքսային միության կենսունակության հաստատման լավագույն միջոց կարող են ծառայել այն հաջողված նախագծերը, որոնք կարևոր կլինեն Մաքսային միության անդամ երկրների համար և հաջողությամբ կիրականացվեն նրանց համատեղ ջանքերով: Այդ ռակուրսով ես առաջարկում եմ դիտարկել մեր գիտական խմբի մշակած «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի» նախագիծը: Հելիոֆիկացիայի կամ մարդկանց կենցաղում և արդյունաբերության մեջ արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների համատարած օգտագործման գաղափարը հավասարապես հետաքրքիր է ինչպես էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Բելառուսի ու Հայաստանի, այնպես էլ էներգետիկ դրախտի երկրներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի համար: Ես գիտեմ, որ այլընտրանքային էներգետիկայի և, մասնավորապես, արևային տեխնիկայի բնագավառում Ձեր երկրում և Ղազախստանում կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, բայց, դատելով կոնկրետ արդյունքներից, կարող եմ փաստել, որ, ինչպես և ողջ աշխարհում, այդ ոլորտը դեռևս երկունքի մեջ է: Չկան արևային տեխնիկայի լիարժեք օգտագործման ուսանելի և ցայտուն օրինակներ: Ամենուր միայն էկզոտիկա է:
Կարելի էր սպասել, որ արևային տեխնիկայի բնագավառում լուրջ գիտական աշխատանքներ պետք է սկսվեին հենց ժամանակակից Հայաստանում: Մեր անկախության առաջին իսկ օրերից մեր բոլոր քաղաքացիները ստիպված էին ճաշակելու իրական էներգետիկ ճգնաժամի դառը պտուղները: Ստեղծված իրադրությունը մեզ ստիպեց մտածել արևային էներգիայի օգտագործման մասին ամենուր, որտեղ դա հնարավոր է. կենցաղում, արդյունաբերության մեջ և այլն: Այդպես ծնվեցին ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» էլեկտրակայանների նախագիծը և իմ գիտական խմբի նախագծած DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերը և, որպես այդ ամենի տրամաբանական շարունակությունը հանդիսացող, արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի գործընթացը: Հելիոֆիկացիայի ծրագիրը ամբողջությամբ պատրաստ է ներդրման ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում` սկսած Ալթայի երկրամասից և Իրկուտսկի մարզից: Հելիոֆիկացիայի ծրագրի հաջող իրականացումը մեզ թույլ կտա համատեղ ուժերով մասամբ հաղթահարել գլոբալ էներգետիկ և էկոլոգիական ճգնաժամերը: Պետք է նշել, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանը և Հայաստանն ունեն տրամագծորեն հակառակ դիրքեր: Ռուսաստանը հանդիսանում է աշխարհի հզորագույն էներգետիկ գերտերություններից մեկը` գազի, նավթի, քարածխի, տորֆի և փայտանյութի իր ահռելի պաշարներով: Հայաստանն ունի միայն սահմանափակ հիդրոռեսուրսներ, որոնք չեն կարող բավարարել մեր էներգետիկ կարիքները առանց ռուսական գազի և միջուկային վառելիքի։ Դրանք, պետք է խոստովանել, Հայաստանը ներկրում է միջազգայինից ցածր գներով: Դրա համար շատ շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը: Մեր երկրի համար այսօր, առավել քան երբևէ, կարևոր է լուծել արևի անսպառ էներգիայի օգտագործման խնդիրը: Արևային էներգիայի պոտենցիալով Հայաստանը առաջատար դիրքեր է գրավում աշխարհում: Էկոլոգիապես մաքուր այդ էներգիան Աստված մեզ տվել է և չի խնայել: Հայաստանի տարածքի վրա յուրաքանչյուր տարի իջնող արևի էներգիան հավասարազոր է 15 հազար հայկական ատոմակայանի հզորությանը համազոր կայանների տված գումարային էներգիային: Իրավունք ունե՞նք մենք արդյոք հույսներս կապելու միայն ներկրվող գազի և միջուկային վառելիքի հետ: Իհարկե ոչ: Իսկ աստվածատուր արև՞ը: Արևի էներգիայի լայնամասշտաբ օգտագործումը կարևոր է ոչ միայն Հայաստանի համար: Այն առավել կարևոր է Ռուսաստանի համար: Այստեղ ոչ մի պարադոքս չկա: Ռուսաստանը, ի դեմս Սիբիրի և հարավային մարզերի, ևս ունի արևային էներգիայի օգտագորման ահռելի հնարավորություններ, որոնք հաջողությամբ կարող է օգտագործել իր ներքին էներգետիկ կարիքները բավարարելու համար` հետևողականորեն լուծելով նավթի և գազի ստրատեգիական պաշարների երկարաժամկետ օգտագործման խնդիրը: Հիշենք, որ Միացյալ Նահանգները վաղուց արդեն սահմանափակել է սեփական չվերականգնվող էներգառեսուրսների արդյունահանումը և օգտվում է հիմնականում ներկրվող էներգակիրներից: 100 կամ 200 տարի անց նրանք կարող են ստանալ ստրատեգիական մեծ առավելություն այլ երկրների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի, նկատմամբ: Դա անթույլատրելի է: Մեզ համար բնական է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Մաքսային միության մյուս երկրների շահերը կարող են համընկնել նաև արևային էներգիայի պրակտիկ օգտագործման բնագավառում:
Վերջին 2 տասնամյակում իմ գիտական խումբը ստեղծել է DVH տիպի կոմբինացված հելիոհամակարգերի և արևային ջերմակայանների մի պատկառելի շարք, որն այսօր տեխնոլոգիապես պատրաստ է հոսքագծային արտադրություն կազմակերպելու համար: Մեր ստեղծած արևային համակարգերը նախատեսված են գյուղական բնակավայրերի և աուլների հելիոֆիկացման համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնագետների հետ, կատարվել է աշխատանքների որոշակի բաժանում: Մեր արևային պոլիգոններ են այցելել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները և նրանց աշխատակիցները: Եկել է ժամանակը մտածելու մեր ստեղծած արևային օրիգինալ սարքերի համատեղ արտադրություններ կազմակերպելու մասին` տեղական շուկաների և արտահանման համար: Մեր արևային սարքերն ունեն սպառողական գերազանց հատկանիշներ, կարող են ապահովել աշխարհում նախադեպը չունեցող ցածր գները տեղադրված հզորության դիմաց և մեկ կՎտ.ժ ջերմային էներգիայի հաշվարկով: Լուծված է սարքերի պարզեցված սպասարկման խնդիրը և այլն: Արդարացի կլիներ, որ Հայաստանում արևային տեխնիկայի գործարանները կազմակերպվեին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակի երկրաշարժի գոտու այլ քաղաքներում: Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 25 տարի, բայց մարդիկ գտնվում են նույն ողբալի վիճակում, չկան աշխատատեղեր: Գործազրկության ճիրաններում է հայտնվել նաև երկրաշարժից տուժածների հաջորդ սերունդը: Մեր աղետի գոտու բնակավայրերը չվերականգնվեցին այնպես, ինչպես ժամանակին մինչև վերջ վերականգնվեցին երկրաշարժերից տուժած Տաշքենդը և Աշխաբադը: ԽՍՀՄ փլզումից հետո բոլոր հետխորհրդային երկրները, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, ձեռքերը լվացին ու մի կողմ քաշվեցին` վերականգնողական աշխատանքներում իրենց մասնակցությունը ավարտված համարելով: Հայաստանը, ունենալով բազում դժվարություններ և խնդիրներ, ի վիճակի չեղավ միայնակ լուծելու աղետի գոտու վերականգնման խնդիրը:
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեզ բաժին հասած բոլոր դժվարությունները, լուծել անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ: Մաքսային միության տարածքում հելիոֆիկացիայի մեր ծրագրի իրականացման միջոցով պատրաստ եմ իմ` սովետական գիտնականիս, համեստ ավանդը ներդնելու մեր նոր, ավելի հզոր և կենսունակ միության կայացման գործում: Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր կարևոր առաքելության մեջ: Աստված Ձեզ օգնական:


Հարգանքով`
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր
Երևան, 28.11.2013 թ.

Դիտվել է՝ 2157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ