Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Միություններին հասցրել են գյուղական ակումբային վիճակի»

«Միություններին հասցրել են գյուղական ակումբային վիճակի»
18.11.2013 | 16:21

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետի տան մեծ դահլիճում մեկնարկեց Հայաստանի ճարտարապետների միության հերթական` 18-րդ համագումարը:

Միությունն ունի 667 անդամ, որոնցից շուրջ 200-ը արտերկրում են, 18-ը, առողջական խնդիրների պատճառով, ներկա չէին համագումարին, 32-ը, ինչպես նշեց ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը, արդեն տարիներ շարունակ միության հետ որևէ կապ չունեն, անդամավճար չեն մուծում, և ոչ ոք չգիտի, թե որտեղ են նրանք: Ընտրության իրավունք ունեին 438 հոգի, որոնցից ներկա էին 230-ը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունեց համագումարը Փարիզից` հեռախոսով: Ողջույնի խոսք ասացին նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Համագումարի բացումն ազդարարեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
Բաց քվեարկությամբ, միաձայն ճարտարապետների միության նախագահ վերընտրվեց ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Համագումարի ընթացքում առաջարկվեց նաև Ալեքսանդր Բադալյանի, Սաշուր Քալաշյանի և Նունե Չիլինգարյանի թեկնածությունը, սակայն վերջիններս ինքնաբացարկ հայտարարեցին:
Ճարտարապետների միության համագումարը անաղմուկ էր և զերծ անակնկալներից: Ճարտարապետներն իրենց մտահոգությունն էին հայտնում հիմնականում քաղաքաշինության, Երևանի այսօրվա վիճակի առնչությամբ, համարելով այն անբավարար:
Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ նաև ստեղծագործական միությունների խնդրին։ «Արդյոք մեզ պե՞տք են միությունները» հարցադրումն անողները, նրա համոզմամբ, խախտում են պետության հիմքերը: «Եթե ասվում է` միությունները ստեղծվել են 1932-ին` Խորհրդային Միության ժամանակ, Խորհրդային Միությունն իր փորձը վերցնում էր Արևմուտքից, ավելի շատ` Գերմանիայից»,- ասաց նա, ընդգծելով, որ Եվրոպայում գործում է ճարտարապետների միջազգային միություն, որին 1995-ից անդամակցում է նաև ՀՃՄ-ն` ձայնի իրավունքով: Մկրտիչ Մինասյանը փաստեց նաև, որ միություններին հասցրել են գյուղական ակումբային վիճակի, մինչդեռ պետք է ստեղծել բովանդակային նոր կառույց:
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԸ նկատեց, որ վերջին տարիներին ճարտարապետների միության պայքարը հզորանում է, արդյունքը` նվազում: «Բոլորս բորբոքված ենք: Պետք է համախմբվել մտահոգիչ հարցերի շուրջ և քննարկումների միջոցով վերջնական արդյունքի հասնել, պետք է ոչ թե սպասել, այլ պահանջել»,- ասաց նա` պատասխանելով նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Պարոն Ազիզյան, որո՞նք են այն խնդիրները, որոնք վերջին տարիներին միության ջանքերով որոշակի լուծում են գտել, և ո՞ր խնդիրներն են առկախ մնացել մինչ օրս:
-Ամենակարևոր խնդիրը «Ճարտարապետության մասին» օրենքի ընդունումն է, որը մշակվեց ճարտարապետների միությունում, բայց կառավարությունը մերժեց: Մի քանի տարի միությունը բավականին լուրջ աշխատում էր, հասավ լուրջ արդյունքների, դա հաջողված կողմն էր, բայց թույլ էր այնքան, որ չկարողացանք հասցնել վերջնական արդյունքի: Երկրորդ կարևորագույն խնդիրը մեր պայքարն էր Փակ շուկայի համար, որը տարվել է առաջին իսկ օրից, բայց մնացել է անարդյունք: Դա վատ ցուցանիշ եմ համարում մեր միության համար:
-«Ճարտարապետության մասին» օրենքն ի՞նչ կարող է փոխել այս և այլ հարցերում:
-Շատ բան: Դա լուրջ օրենք է և մեծ իրավունքներ է տալիս միությանը:
-Կարելի՞ է ենթադրել, որ հատուկ է մերժվել:
-Գուցե, որովհետև, ինչպես նշեցի, դա գործելու որոշակի իրավունք է տալիս միությանը, սկսած նրանից, որ ճարտարապետը, որը միության անդամ չէ, չի կարող աշխատել ճարտարապետության բնագավառում:
-Այսինքն, այս համագումարն ընտրում է նոր նախագահ, բայց օրակարգային հարցերն ա՞յլ են:
-Դա փոքր խնդիր է, կարևորն այն գաղափարներն են, որոնց շուրջ պետք է համախմբվել: Մյուս միություններն իրենց համագումարներում նախագահի ընտրության խնդիրն էին լուծում, մենք շատ ավելի հիմնավոր հարցեր ենք բարձրացնում:
-Ներքին վեճ ու կռիվ չկա՞:
-Վեճուկռվի փուլն արդեն անցել ենք, պետք է համաձայնության գանք, թե ինչպես աշխատենք, ինչպես պայքարենք մեր իրավունքների համար և ի շահ ժողովրդի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ