ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
14.02.2012 | 00:00

Մեր իրականությունը, իսկապես, զարմանահրաշ է։ Երբեմն ուղղակի հրաշապատում։ Սակայն չէ՞ որ հրաշապատումից հրեշապատում կես քայլ է։ Ընդամենը պետք է մեկ առու թռչել կամ, ավելի ստույգ, հերթական անգամ էլ արհամարհել հանրային կարծիքը։ ՈՒ ահա արհամարհում են։ Այն էլ` օրենքի ուժով և պետական մակարդակով։ Սակայն դառնանք բուն խնդրին։ Երևանի Ազատության պողոտայի թիվ 12/1, 12/3 և 12/4 բազմաբնակարան շենքերին հարակից կանաչապատ մի տարածք կա. գողտրիկ թփեր ու տնկիներ, հետևապես` թթվածին, ճեմող ծեր ու մանուկ։ Այսինքն, այն ամենը, ինչ աչքդ է շոյում և հանդարտեցնում նյարդերդ։ Բայց ահա օրեր առաջ պուրակը բռնագրավվում է, փոսեր են փորվում և բետոնե հիմքեր գցվում։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի անօրինական շինությունների վերահսկման վարչության պետի (ում ահազանգել էր տողերիս հեղինակը)` այստեղ հասարակական նշանակության օբյեկտ է կառուցվում, և դա միանգամայն օրինական է, քանզի վավերացված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ։
ՀՀ շարքային քաղաքացիներիս լավ է հայտնի «հասարակական նշանակության շինություն» հասկացության հակահասարակական էությունը. դրանք կա՛մ պանդոկ են, կա՛մ բուքմեյքերական գրասենյակ, լահմաջոյանոց կամ վրացական խոհանոց։ ՈՒ եթե հաշվի առնենք, որ միևնույն տարածքում է գործում «Սանսեթ» սրճարանը, և տարածքն էլ մշտապես գտնվում է գիշերային խրախճանքի մոլագարների հրթիռակոծման կիզակետում, պարզ կդառնա, որ բնակիչները, իրոք, մտահոգվելու տեղ ունեն։
Այսպիսով, բավականին ուշագրավ է զարգանում մայրաքաղաքը վերջին տարիներին։ Մի կողմից` մայթերն ազատագրվում են պետական ատյանների աչքի փուշը դարձած կրպակներից, մյուս կողմից` նույն եռանդով ոչնչանում են քաղաքի կանաչ տարածքների մնացորդները։ «Անզուգական» փոխատեղում է։ Կամ գուցե քաղաքային իշխանությունները յուրովի՞ են ըմբռնել «աջը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը» պատգամը. մի ձեռքով բարենորոգում են քաղաքը, մյուսով` բռնախեղում այն։
Ի դեպ, գայթաքար հանդիսացող սույն տարածքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ղեկավարը վարչարարական ձեռնածությունների հմուտ վարպետ Արայիկ Քոթանջյանն է։ Սա ինչ-որ բան, անշուշտ, նշանակում է։ Եվ այսուհանդերձ, սպասում ենք քաղաքապետի բացատրություններին, թե ի՞նչ «զորավոր» հիմքով է ոչնչացվում «կանաչ եղեռնի» «դրբի» տակ ընկած հերթական կանաչազարդ տարածքը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ