ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ո՞Վ Է ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՓԱՌՈՂ, ԸՆԿԵՑԻԿ ՈՒ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Ո՞Վ Է ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՓԱՌՈՂ, ԸՆԿԵՑԻԿ ՈՒ ՀԱՆՑԱԳՈՐԾ
16.10.2009 | 00:00

16-ամյա Էլիզիկը, ի տարբերություն իր հասակակիցների, շուտ ճաշակեց կյանքի դժվարությունները։ Մեծացել է մորաքրոջ ու տատիկի մոտ, մի քանի տարի ինչ-որ ծրագրի շրջանակներում ապրել ու սովորել է Հնդկաստանում (ոչ լավ պայմաններում)։ Հայաստանում Էլիզիկը հաճախել է հատուկ դպրոց։ Այսօր նա հրաժարվում է կրթությունը շարունակել հատուկ դպրոցում, չի ցանկանում վերադառնալ նաև ընտանիք՝ մոր մոտ։ Համոզված է, որ կարող է աշխատել ու ինքնուրույն պահել իր գոյությունը։ Տնից փախչելուց հետո Էլիզիկը ժամանակավորապես հանգրվանել է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են համապատասխան մասնագետներ։
Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը ՀՕՖ-ի ամենամեծ և կարևորագույն ծրագրերից մեկն է, որը գործում է 1999 թվականից։ Կենտրոնի հիմնական նպատակը ծնողազուրկ, հոգեբանական, սոցիալական տարբեր խնդիրներով երեխաներին օգնություն, ինչպես նաև ժամանակավոր կացարան տրամադրելն է։ 2008-ի մարտից երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը Հայաստանում գրանցվել է որպես տեղական հիմնադրամ և վերանվանվել երեխաների աջակցության կենտրոնի։
Նախկինում Խորհրդային Միության բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, թափառող, լքված, ընկեցիկ, կրթությունից դուրս մնացած երեխաների համար ունեին, այսպես կոչված, ընդունիչ-բաշխիչ կայաններ, որոնք հիմնադրվել էին 1936-ին։ Շրջանային կրթության վարչություններն ու տեսուչներն այդ տարիներին զբաղվում էին ասոցիալ վարք դրսևորող երեխաների հարցերով։ Նման երեխաները տասնամյակներ շարունակ ընկալվել ու համարվել են հակահասարակական տարրեր, անառողջ ընտանեկան միջավայրի երեխաներ, ու նրանց նկատմամբ ցուցաբերվել է համապատասխան մոտեցում՝ «դաստիարակչական» հատուկ մեթոդներով։ Այդ երեխաների հետ տարվող աշխատանքները հիմնականում ավարտվել են նրանց մանկատներում, գիշերօթիկ տարբեր դպրոցներում տեղավորելով։ Նման գործելաոճը Հայաստանում շարունակվել է մինչև 1999-ը։ ՀՕՖ-ի համապատասխան ծրագիրը կյանքի կոչելուց հետո փոխվեց երեխաների նկատմամբ մոտեցումը։ Ինչպես նշում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆԸ, կատարվեց թափառող, ընկեցիկ, մուրացկան, հանցագործ երեխաների կարիքի հետազոտություն, որի արդյունքում ստեղծվեց մի ծրագիր, որը կոչվում էր «Կարճատև ապաստան և ճգնաժամի միջամտություն»։ Փոխվեց նման երեխաների նկատմամբ մոտեցումը։ Համաձայն այդ ծրագրի՝ նման վարքագիծ ցուցաբերող երեխաները համարվում են հասարակության զոհեր, իսկ նրանց ցուցաբերած ագրեսիվ վարքային դրսևորումները՝ պաշտպանական մեխանիզմներ և հարմարվողականության ձև։ ՈՒստի, ըստ ծրագրի գաղափարախոսության, զոհի հետ աշխատանքը չի կարող ենթադրել պատիժ, սաստում, մեղադրանք։ Օգնություն, աջակցություն և ստեղծված իրավիճակից դուրս բերելու հնարավոր մեխանիզմների կիրառում. այս մեթոդները որդեգրվեցին բարդ ճակատագիր ունեցող երեխաների հետ աշխատանքներում։
Ստեղծման առաջին տարիներին կենտրոն բերվող երեխաները հիմնականում մուրացկաններ էին։ 2000-ին կենտրոն է բերվել 800 երեխա, և մինչև 2003 թվականն այստեղ ընդունում էին բացառապես ոստիկանության խողովակով փողոցից բերված երեխաների։ «Մի հետաքրքիր հանգամանք. թափառող, մուրացիկ երեխաների հետ աշխատող միակ կառույցը (լավ թե վատ, ընդունելի թե անընդունելի տարբերակներով) այդ տարիներին ոստիկանությունն էր։ Զարմանալի է, բայց այդ պահին երեխաների կողքին կանգնողը միայն ոստիկաններն էին։ Անչափահասների հետ աշխատանքներում առկա էր մեթոդների աղքատություն, մոտեցումների, խնդիրների ընկալումների սահմանափակություն»,- նշում է Միրա Անտոնյանը։
Վերջին տարիներին, ըստ Մ. Անտոնյանի, անչափահասների մուրացկանությունը կտրուկ նվազել է. «Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նշում էին, որ 2000-ի սկզբներին Հայաստանում կար մոտ 10 հազար մուրացիկ երեխա։ Սակայն մեր կենտրոնի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ այդ թիվը 1200-ի սահմաններում էր։ Խնդիրներն այսօր փոխվել են. դրանք փողոցից տեղափոխվել են ընտանիքներ, որոնք, սակայն, արտաքնապես չեն երևում»։ Ընտանիքներում ամենատարածված երևույթը երեխաների նկատմամբ բռնության կիրառումն է։ Մասնագետները նշում են, որ երեխաների խնդիրները ծնողների որոշ բացասական սովորությունների, այդ թվում՝ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման արդյունք են։
Աջակցության կենտրոնում երեխաներ ընդունում են նաև Արցախից ու մերձավոր սփյուռքից` հատկապես ՈՒկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից։ Միջպետական համաձայնագրերի համաձայն՝ հայ երեխաներն այլ երկրների ընդունող կետերում հայտնվելու դեպքում անմիջապես վերադարձվում են հայրենիք։
Կենտրոնում այսօր աշխատում են ոչ միայն երեխաների, այլև նրանց ընտանիքների, ծնողների, այն հաստատությունների հետ, որտեղ մեծանում, ձևավորվում են այդ երեխաները, և որոնք էլ նրանց դարձնում են մուրացիկ, թափառող կամ հակահասարակական վարք դրսևորող։ Կենտրոնում գործում է «Թեժ գիծ», որտեղ ամեն օր բազմաթիվ զանգեր են հնչում երեխաների իրավունքների ոտնահարման, նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին։
Կենտրոնում կա 30 մահճակալ, այստեղ միաժամանակ կարող են պահել մինչև 30 երեխա, որովհետև կարծում են, որ կարճատև միջամտությունը ենթադրում է անհատական աշխատանք։ Եվ, ըստ տիկին Անտոնյանի, նման փոքր թիվը հնարավորություն է տալիս, որ հոգեբանը, սոցիալական աշխատողը կարողանան անհատապես աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ։ Այս տարի աջակցության կենտրոնն ընդունել է մոտ 280 երեխայի։
Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ստեղծման առաջին տարիներին անչափահասների մեծ հոսքը մայրաքաղաքից էր, ինչպես նաև աղետի գոտուց՝ Շիրակի և Լոռու մարզերից։ Հատկապես քիչ են Տավուշից և Սյունիքից ընդունվող երեխաները։ Այս հանգամանքը տիկին Անտոնյանը բացատրում է այդ մարզերի հեռավորությամբ և մշակութային առանձնահատկություններով։
Ռիսկային խմբի երեխաներին հայտնաբերելու նպատակով կենտրոնը համագործակցում է մի շարք կառույցների, այդ թվում՝ ոստիկանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միջազգային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3314

Մեկնաբանություններ