Կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձնացրեց ուշադրության արժանի մի շարք հարցեր, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին առնչվող: «Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում մշտապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետությունը կարող է օժանդակել, որպեսզի այդ բնագավառում մենք պահպանենք առաջանցիկ տեմպեր: Վերջին երեք տարիների ընթացքում մենք այս բնագավառում պահպանել ենք աննախադեպ հաջողություններ, որոնք պայմանավորված էին պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացմամբ: Բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, որոնց արդյունքներն այսօր ակնառու են: Այս աշխատանքում մենք նույնպես լինելու ենք հետևողական: Մասնավորապես, ՏՏ խորհրդում մեր առջև հարց էր բարձրացվել, որ անհրաժեշտ է գիտահետազոտական, կոնստրուկտորահետազոտական աշխատանքների վրա ծախսվող գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը: Այսօր մենք ընդառաջ ենք գնում մասնավոր հատվածի խնդրանքին և համապատասխան որոշում ենք կայացնելու»,- նշել էր վարչապետը: Գործադիրի վերջին նիստի օրակարգային հարցերից մեկը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 677 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծն էր, որը նպատակ ունի բարենպաստ հարկային պայմաններ ապահովելու տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի զարգացմանն աջակցելու գործում: Ըստ այդմ, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը և ինովացիոն գործունեությունը հարկման առումով կհամարվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, որոնց վրա կատարված ծախսերը կնվազեցվեն համախառն եկամտից` շահութահարկի մասին օրենքով սահմանված կարգով:
Ի՞նչ կտա այդ որոշումը ՏՏ ոլորտին. այս հարցով դիմեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
-Այս որոշմամբ ծրագրավորման աշխատանքները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի այլ ծախսեր, որոնք ուղղված են գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, նվազեցվում են,- ասաց պարոն Վարդանյանը։- Իրականում այս պահին այդ ձեռնարկությունների թիվը մեծ չէ, բայց ընդունված որոշումը շատ կարևոր է ռազմավարական առումով, որովհետև լավ պայմաններ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք սեփական պրոդուկտներ են ստեղծում: Մեզ համար կարևոր են հայկական բրենդի տակ ստեղծվող պրոդուկտները, և տվյալ դեպքում հենց այդպիսի ընկերությունների համար են նվազեցվում ծախսերը: Որոշումն ակնհայտորեն կնպաստի նոր ընկերությունների ստեղծմանը: Մինչ այժմ ՏՏ ոլորտը խթանելու մասին նման առաջարկությունները բացասական արձագանք էին ստանում: Սա ՏՏ բնագավառը խթանող առաջին քայլն էր: Կարծում եմ` ՏՏ-ն ակնհայտորեն ապացուցեց, որ հանրապետությունում միակ առողջ բիզնես ոլորտն է. 2011-ին ունեցել ենք 30 տոկոս աճ, ավելացել է աշխատողների թիվը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերությունները համախմբված են: Բոլոր չափանիշներով ոլորտն ապացուցել է, որ անկախ ճգնաժամերից, անկախ խթանել-չխթանելուց, միևնույն է, աճում է: Լրացուցիչ խթանի դեպքում, բնականաբար, ավելի շատ մուտքեր կլինեն, ավելի շատ մարդիկ կներգրավվեն: Կարծում եմ` դրականորեն փոխվել է կառավարության քաղաքականությունը ոլորտի նկատմամբ: Այժմ բանակցություններ են ընթանում ճարտարագիտական համալսարանում հայկական ինժեներական լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ: Դա շատ խոշոր նախագիծ է, որի իրականացումը ևս կարող է լուրջ շրջադարձ ապահովել: Հայկական ինժեներական լաբորատորիայի շրջանակներում պոլիտեխնիկի բոլոր մասնագիտությունների համար կստեղծվեն ամենաժամանակակից լաբորատորիաներ, ինչը կարճ ժամանակահատվածում էականորեն կփոխի համալսարանի մակարդակը: Իհարկե, կան նաև խնդիրներ, օրինակ, ՏՏ ոլորտը պետք է օգնի դասախոսների վերապատրաստման հարցերում, բայց դրանք կլուծվեն համագործակցության շրջանակներում: Հուսով եմ` կառավարության որոշումը ՏՏ ոլորտի նկատմամբ տեսակետը փոխելու նշան է:
-Հրատապ լուծման ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի ՏՏ ոլորտը:
-Պետությունը չունի կառավարման որևէ մարմին, որը զբաղվեր նորարարության զարգացմամբ: Այսինքն, չկա տնտեսության արդիականացմամբ զբաղվող մարմին: Այսօր մոդեռնիզացիան հիմնականում հիմնված է ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների վրա: Նման մարմնի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ոլորտով առանձնապես ոչ ոք չի զբաղվում: Միակ հարթակը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդն է, որտեղ երեք ամիսը մեկ որոշակի հարցեր ենք ներկայացնում վարչապետին: Բայց սա այնպիսի ոլորտ է, որը պետք է կառավարվի ու համակարգվի: Չգիտես ինչու, մենք առայժմ այս հարցի շուրջ արձագանք չունենք: Մյուս խնդիրը կրթությունն է: Այն, ինչ նախատեսել ենք ճարտարագիտական համալսարանում, իրականանալու դեպքում լրջորեն կփոխի իրավիճակը: Բանն այն է, որ մենք տարեկան 2000 աշխատատեղ չենք ստեղծում, որովհետև չունենք համապատասխան կադրեր: Գալիս են խոշոր ընկերություններ և ցանկանում են Հայաստանում խոշոր ինժեներական ստորաբաժանում ստեղծել, իսկ աշխատաշուկայում մասնագետների նման առկայություն չունենք, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի մենք այդ առաջարկությունները կորցնում ենք, ինչը տարեկան տասնյակ միլիոն դոլարների հարկային մուտքեր կարող է ապահովել: Հաջորդ ամենախոշոր խնդիրը ձեռներեցությունն է. եթե ցանկանում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, տնտեսությունն արդիականացնել, պետք է ունենանք այդ լուծումներն առաջարկող, ներդրող ու սպասարկող ընկերություններ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երիտասարդները զբաղվեն ձեռներեցությամբ: Դրա համար երիտասարդների աշխարհընկալումը որոշակիորեն պետք է փոխվի: Յոլա գնացող մարդը չի կարող տեխնոլոգիական ձեռներեցությամբ զբաղվել: Տեխնոլոգիական ձեռներեցությամբ կարող է զբաղվել ամբիցիաներ (լավ իմաստով) ունեցող, ստեղծագործ մարդը: Այսինքն, երիտասարդության շրջանում տիրող հոգեվիճակը պետք է փոխվի: Բացի այդ, ձեռնարկությունների ստեղծմանը նպաստող համապատասխան ենթակառուցվածքներ պետք է լինեն. խոսքը վերաբերում է ազգային, համալսարանական մրցույթներին, մտավոր սեփականության պաշտպանությանը, մարքեթինգային աջակցությանը, փոխադարձ շփումներին և այլն: Տեխնոլոգիական ձեռներեցությունը համալիր խնդիր է: Մենք անցած տարի այս ամբողջը ներկայացրել ենք ՀՀ նախագահին և առաջարկել, որ նա իր հովանու ներքո վերցնի այս շարժումը: Հարցն առայժմ քննարկման փուլում է, և ես հուսով եմ` դրական լուծում կստանա:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ