Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ ընդդիմության այսօրվա քայլերը տեղավորում է նաև դասական իշխանություն-ընդդիմություն պայքարի շրջանակում, քանի որ արտաքին քաղաքականությունը թիմային աշխատանք է, այսինքն կամ այս իշխանությունը պիտի շարունակի այդ աշխատանքն իրականացնել, կամ պիտի իշխանափոխություն լինի, ու այլ մարդիկ զբաղվեն Արցախի հարցով։ Իսկ թե այս պահին ինչպես կզարգանան իրադարձությունները, և ով կդառնա արդեն ստորագրված փաստաթղթի բանակցողը, առայժմ քաղաքագետը դժվարացավ ասել՝ ընդգծելով որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում ասաց, թե չի պատրաստվում հրաժարական տալու։
-Ի՞նչ է լինելու այս փաստաթղթի հետ, և հնարավո՞ր է իրավիճակը փոքր-ինչ բարելավել։
-Նախ պետք է տիրապետել որոշակի տեղեկատվության, որպեսզի այս հարցին ստույգ պատասխան տալ։ Այսինքն՝ ի՞նչ պարտավորություններ ունեն հայկական, ադրբեջանական, ռուսական կողմերը։ Մենք միայն ընդհանուր կետերին ենք ծանոթ, որը ենթադրում է նախ խաղաղապահների տեղակայում, իսկ մյուս կետերը շատ հակիրճ ու անորոշ են։ Այս կետերը պիտի հստակեցնեն վարչապետը և արտգործնախարարը։
-Որքան էլ անորոշություն կա, նույնքան էլ կոնկրետ են նշված տարածքները զիջելու ժամկետները։
-Դուք նշում եք` հստակ են, բայց, օրինակ, Քարվաճառի առումով ժամկետը երկարաձգվեց, քանի որ դա իրատեսական ժամկետ չէր։ Հնարավոր է, որ այլ կետերի հետ կապված ևս ժամկետներ փոխվեն։ Կա մեկ շատ կարևոր բան. պետք է թույլ չտալ, որ նորից պատերազմական գործողությունները վերսկսվեն։ Խրամատներում այսօր մեծ քանակությամբ զինվորներ ունենք։ Ավելին, ռազմական գործողությունների դադարից հետո բանակն արդեն տրամադրված է դուրս գալու Արցախից ու նորից հաստատ չի կարողանալու նոր պատերազմի մեջ ներքաշվել։ Իսկ Ադրբեջանի ուզածը հենց դա է, որ պայմանավորվածությունների խախտումներ լինեն, որպեսզի դրանից էլ կարողանա օգուտներ քաղել։
-Ադրբեջանն ավելին ստանալու, ողջ Արցախին տիրելու ցանկությու՞ն ունի հիմա։
-Թշնամի երկրից ամեն ինչ սպասելի է։
-Խաղաղապահների առկայությունը Ադրբեջանին չի՞ խանգարի, որ նոր սադրանքների չգնա։
-Իհարկե խանգարելու է, և մեզ համար դրական քայլ է Արցախում խաղաղապահների ներկայությունը, որովհետև դրանով կանխվելու է պատերազմը։
-Ճի՞շտ է, որ կապիտուլյացիա ստորագրած վարչապետը լինի բանակցող։
-Երեկ նա հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալու։ Այսօր շատ բան կախված է խորհրդարանից։ Եթե «Իմ քայլը» դաշինքը քայլ չանի, սահմանադրական մեխանիզմներով նոր վարչապետ չընտրի, կարծում եմ, Փաշինյանը կշարունակի բանակցող լինել։
-Ներքաղաքական լարվածությունը թու՞յլ է տալիս վարչապետի հետագա պաշտոնավարումը։
-Ըստ էության, իշխանություն-ընդդիմություն բախումն է ներքաղաքական լարվածություն ստեղծել։ Այդ պայքարում մեկը պիտի հաղթի, մյուսը՝ պարտվի։ Իմ տպավորությամբ, չնայած որոշ անդամներ խմբակցությունից դուրս են եկել, «Իմ քայլը» առայժմ նույն կարծիքին է՝ Փաշինյանը պիտի մնա։
-Դուք նշում եք, թե սա իշխանություն-ընդդիմություն պայքարն է։ Կարծում եք՝ Արցախի հարցն իշխանությա՞ն համար կռիվ է։
-Արցախի հարցով իշխանության-ընդդիմության բախումն է, բայց այդ բախման առարկայական կետն իշխանափոխությունն է, վարչապետի հրաժարականը։ Եթե մենք ասենք, թե սա միայն Արցախի հարցն է, իշխանության կռիվ չէ, քաղաքական անգրագիտություն կցուցաբերենք։ Այսօր ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը մի հիմնավորմամբ, որ նա հետագայում չպետք է բանակցի Արցախի հարցով։ Այսօր Արցախի հարցը անմիջականորեն կապված է այն խնդրի հետ, թե ով պիտի պահի իշխանությունը, ով պիտի շարունակի բանակցել։ Սրանք արդեն միահյուսված են։ Արցախի հարցը կենցաղային խնդիր չէ, արտաքին քաղաքականության հարց է։ Այստեղ մի հանգամանք էլ կա. ԵԱՀԿ համանախագահող երկրներից ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարել են, որ պահպանում են բանակցությունների այդ ձևաչափը և պիտի շարունակեն բանակցությունները։ Իսկ եթե այդ գործընթացը շարունակվելու է, ուրեմն պետք է լինի վերջական ստորագրված փաստաթուղթ։ Ընդդիմության փաստարկը հենց սա է. եթե այդ ձևաչափը մնացել է, բանակցությունները շարունակվելու են, ուրեմն պետք է իշխանափոխություն լինի, և այլ մարդիկ բանակցեն։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ