«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ ճեպազրույցում անդրադարձանք վերջին օրերին ծավալված իրադարձություններին։
-Պարոն Հայրիկյան‚ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրվել։ Ինչպե՞ս կգնահատեք փաստաթուղթը և ստեղծված իրավիճակը։
-Ես միայն մի բանի վրա ուշադրություն կդարձնեի։ Անկախ բովանդակությունից‚ խնդիրը վերաբերում է հայությանը։ Անկախ փաստաթղթի բովանդակային ուղղվածությունից‚ ժամանակին ասվել էր‚ որ նման բնույթի բան գաղտնի չի արվի‚ և ասողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Հարցը վերաբերում է ժողովրդին‚ ոչ թե անձամբ իրեն‚ նա խոստացել էր‚ որ գաղտնի չի արվի‚ բայց արվեց բոլորից ծածուկ։ Այդտեղ որևէ դրական բան լինել չի կարող‚ որովհետև գաղտնի գործում են միայն հանցագործները։ Ոչ միայն մեզնից, այլև աշխարհից (Մինսկի խմբի մյուս համանախագահներից) գաղտնի արված գործարքը միջազգային մակարդակի անիրավություն է։
-17 կուսակցություններ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կո՞ղմ եք այդ պահանջին։
-Չի կարող լինել որևէ ողջամիտ հայ‚ որ չհասկանա՝ այսպիսի պետական պատասխանատու որևէ ազգի պետք չէ։ Իր ժողովրդից‚ նույնիսկ գործընկերներից գաղտնի գործող մարդը (այլ բառեր չեմ ցանկանում օգտագործել) չի կարող պաշտոնավարել։
-Դուք ի՞նչ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակից։
-Որքան շուտ Նիկոլը հրաժարական տա‚ այնքան շատ ժամանակ կունենանք մեծ մարտահրավերից առաջ գոնե մի փոքր նախապատրաստվելու։ Սա դեռ առաջին փուլն է։ Շատ վատ ժամանակներ են մեզ սպասում։ Նիկոլի հեռացման փուլը պետք է արագ անցնել, շատ արագ, որովհետև վտանգները ոչ միայն չեն անցել, այլև ավելի սպառնալի կարող են դառնալ։
-Հավատո՞ւմ եք‚ որ կտա հրաժարական։
-Չտա‚ ավելի վատ իր համար։
Ճեպազրույցը՝
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ