Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ցավոտ փոխզիջումը» փաստորեն կապիտուլյացիան է, Արցախի հանձնումը։ Հիմա անդառնալի կորուստ է հասցված հայրենիքին, բայց Փաշինյանը դեռ իր առաքելությունն ավարտված չի համարում, հայրենազրկված ժողովրդին կոչ է անում հավաքվել զրկողի շուրջը։ Իրավիճակի շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, որը անցնող 2,5 տարվա ընթացքում մշտապես նշում էր, որ Փաշինյանն իր կառավարմամբ երկիրը տանում է կործանման։
-Փաշինյանի ստորագրած համաձայնագրով ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած։
-Դա աղետալի հետևանքներ կբերի և Արցախին, և Հայաստանին։ 10 հազար քմ տարածք են զիջում, որը 30 տարվա ընթացքում ներկվել է հայ զինվորի արյունով ու սա կեղծ գաղափարների անվան տակ։ Եվ Նիկոլն առանց ամոթի սրա համար բոլորին է մեղադրում։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի տեքստեր գրողը նույն մարդն է, ըստ նրանց, այս խայտառակ իրավիճակի համար բոլորն են մեղավոր։ Փորձում են մեզ, ինձ, ՀՀ շարքային քաղաքացուն մեղադրել, բայց երբեք չլսեցինք, որ հենց իրենք իրենց մեղադրեն։ 44 օր պատերազմ մղելով, առաջին իսկ օրից պարտություն կրելով, Փաշինյանն ու նրա թիմը, Արցախի նախագահը բացահայտ խաբել են հասարակությանը։ Սեպտեմբերի 27-ից սկսած հասարակությանն օբյեկտիվ տեղեկություններ չեն տվել, չեն ասել, որ խնդիրներ ունենք Մատաղիսի, Թալիշի, Ջեբրայիլի, Ֆիզուլու հատվածում, Ռուսաստանը կամ այլ միջնորդ այսպիսի առաջարկով է հանդես եկել, զորքն այսպիսի խնդիր ունի, իսկ ստախոսներ Շուշան Ստեփանյանն ու Արծրուն Հովհաննիսյանը կեղծ լուրերով սնուցեցին ողջ հասարակությանը։ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, թե զորք ու զինվոր չունեինք, բայց նախօրեին Փաշինյանն ասաց, թե Արցախում 25 հազար զինվոր ենք ունեցել, որոնք, չգիտես ինչու, պիտի ընկնեին շրջափակման մեջ։ Նրանց ինչու ռազմաճակատ չէին ուղարկում, որ պիտի շրջափակման մեջ ընկնեին։ Եթե զինվոր չունեինք, ինչու պետական մակարդակով զորահավաք չկազմակերպվեց։ Այս ազգադավության տակ կեղծիք և սուտ է դրված։ 44 օր հասարակությանը խաբելով, «հաղթելու ենք» կարգախոսով ֆեյսբուքյան հաղթանակ տանելով, մեզ տարան իրական կործանման և պարտության։
-Եթե դիտարկենք այդ փաստաթուղթը, տարածքների վերադարձի մասին կետերից բացի ի՞նչ կառանձնացնեիք։
-Մեղրիի միջանցքի առնչությամբ Փաշինյանը կեղծում է, դրանով ոչ միայն Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, այլև դա Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապի հաստատում է նշանակում։ Նիկոլը մտածում է, որ հասարակության մեծ մասն անգրագետ է, քարտեզ չգիտի։ Նա մոռանում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի սահման Նախիջևանում, որի վրա կառուցված է մեծ, ժամանակակից կամուրջ։ Փաշինյանը կեղծում է նաև, թե այդ միջանցքի շնորհիվ երկաթուղով ելք ենք ստանում դեպի Իրան։ Հետաքրքիր է, որ այդ մասին ոչինչ գրված չկա ազգադավ փաստաթղթում։ Ինչու՞ է նման կեղծիքներով հասարակությանը կերակրում։ 2,5 տարի ասում է, թե բանակցությունները սեփական կետից է սկսում։ Ավելին, մայիսի 5-ին ելույթ ունենալով ԱԺ-ում, ցինիկաբար, մեծամտորեն, իրեն բնորոշ գեղցի լկտիությամբ հայտարարեց, թե ինչ պետք է, այն էլ բանակցում է, արդյունքում ունեցանք այս ազգադավությունը։ Հայ ժողովուրդը 100 տարի պարտություն չէր կրել, Նիկոլը Հայաստանը տարավ պարտության ու հիմա, ամբոխավարությանը լավ տիրապետելով, այս ամենը փորձում է ներկայացնել որպես հաղթաթուղթ։ Երեկվա ելույթում ասում էր, որ պիտի 5 շրջան հանձնեինք, ներառյալ Շուշին։ Ամոթ է, այսքան ստախոս։ Մինչ այսօր քննարկված ոչ մի ծրագրում, որոնք ընդամենը բանակցություններում քննարկվող աշխատանքային թղթեր են եղել, ոչ թե փաստաթուղթ, Շուշիի մասին բան չի եղել։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանի ոչ մի նախագահ արցախյան բանակցությունների համար որևէ փաստաթուղթ բեռ չի դարձրել, ոչ մի բան չի ստորագրվել այդ ընթացքում։ Փաշինյանը, իր տգետ հալով, փորձում է հասարակությանը մոլորեցնել, թե ինչ-որ բան է ժառանգել, ինչ-որ կազանյան փաստաթուղթ։ Դա փաստաթուղթ չէր, ընդամենն առաջարկների փաթեթ էր, որը չի ընդունվել հենց Ադրբեջանի կողմից։ Կազանից հետո այլ առաջարկների փաթեթ է եղել, զորօրինակ Մադրիդյանը, որտեղ ոչ մի խոսք չկա Արցախը հանձնելու վերաբերյալ, իսկ հիմա մենք, ըստ էության, Արցախն ենք հանձնում։ Փաշինյանին հարցնում եմ՝ որտե՞ղ է Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասը, որտե՞ղ է Մարտունու շրջանի հարավ-արևելյան մասը, որտե՞ղ ողջ Հադրութի շրջանը, Շուշին։ Հիմա էլ իբր «ձեռքբերում» նշում է Լաչինի միջանցքը, այդ միջանցքն առանց այդ էլ մերն էր, ի՞նչ լավության մասին է խոսում։ ՀՀ-ի և Արցախի դեմ տեղի է ունեցել ազգադավ ահաբեկչություն, սա ծրագիր էր, որն իրագործվեց Հայաստանի թշնամիների ձեռքով։
-Ծրագիր ասելով ի՞նչ նկատի ունեք, այսինքն մինչ պատերա՞զմն էլ պարզ էր, որ նման փաստաթուղթ պիտի ստորագրվի։
-Այո, Նիկոլը հատուկ է բերվել իշխանության, որ այս ծրագիրը կյանքի կոչի։ Ընդ որում, այս ծրագիրը գործողության մեջ դրեց այն ժամանակ, երբ իր որդին ծառայությունն ավարտեց։ Այդ 2 տարին էլ ինքը հասարակությանը խաբեց, կեղծեց ամեն ինչ։ Փաշինյանին մի քանի պարզ հարց պիտի տրվի՝ 44 օր ինչու՞ էիր խաբում հայ հանրությանը, քաղաքական ուժերին, այդ թվում՝ ընդդիմադիրներին։ Վերջին պահին միանձնյա որոշումներ է ընդունում և նույնիսկ այդ մասին ՀՀ նախագահին տեղյակ չի պահում։ Բացի այս ամենից, նա ՀՀ-ին ահռելի ծախսերի տակ է գցել։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Մեծ թվով քանդված ենթակառուցվածքներ, Արցախի և Հայաստանի ոչնչացված տնտեսություն, ոչ պաշտոնական տվյալներով՝ 4-5 հազար զոհերի ընտանիքների փոխհատուցում, շուրջ 8 հազար վիրավորների սոցիալական ապահովություն։ Ո՞վ է այս ամենի տակից դուրս գալու, Փաշինյանն ու իր ապիկար իշխանությու՞նը, որ 2,5 տարի մոլորեցրեցին հանրությանը և երկիրը հասցրին աղետալի վիճակի։
-Արցախն անդամահատելով և զիջելով Հայաստանի համար խիստ կենսական նշանակություն ունեցող տարածքներ, փաստորեն մեծ սպառնալիքի տակ ենք դնում նաև Հայաստանի անվտանգությունը։ Այս առումով ինչի՞ առաջ ենք կանգնած։
-Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այդքան միամիտ չեն, որ բացահայտ հարվածեն Հայաստանին։ Նրանք Հայաստանն օկուպացնում են, Նիկոլի նման ազգադավին պարտադրելով միջանցքներ տրամադրել։ Ի՞նչ ենք մենք ստացել այդ միջանցքի դիմաց։ Կեղծ թեզը, թե դրանով դեպի Իրան ելք ենք ստացել, սուտ է։ Փաշինյանը թող դա գրավոր ձևակերպված ցույց տա։ Նա դա չի կարող պարտադրել Ադրբեջանի բռնապետին, մինչդեռ Ալիևն է նրան պարտադրել միջանցք տալ, որը փաստաթղթում կա։ Ադրբեջանը երբևիցե Հայաստանին թույլ չի տա Իրանի հետ այդ ճանապարհն ունենալ։
-Այս փաստաթղթում գոնե որոշակի փոփոխություններ անելու և Արցախը փրկելու հրամայականով այսօր ընդդիմադիր ուժերը փողոց են դուրս եկել։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է առաջիկա օրերին ինչ-որ բան փոխել։
-Այս 3 օրերին, այո, հնարավոր է ինչ-որ բան փոխել, եթե վարչապետը հրաժարական տա և վարչապետ ընտրվի անգամ ՔՊ-ի կազմից, որը կհրաժարվի այդ ստորագրությունից։ Համոզված եմ, որ Նիկոլի թիմակիցներն էլ շատ լավ գիտեն, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել։
-ՈՒրեմն ո՞րն է բացատրությունը, որ խորհրդարան չեն գալիս ու չեն փորձում իրավիճակ շտկել։
-Որովհետև այդպես պարտադրում է Նիկոլ Փաշինյանը։ Նրան հենց այդպիսի պատգամավորներ էին պետք, որոնք հանրությանը հայտնի չեն և ողջ բարեկեցությամբ պարտական են Նիկոլին։ Դրա համար նա այս օրը ինչպես ուզում է, այդպես էլ նրանց հետ վարվում է։ Հիմա էլ նրանց պարտադրում է չգնալ խորհրդարան ու որևէ քայլ չանել։
-Կա նաև անձնական պատասխանատվություն, այդ պատգամավորները չե՞ն հասկանում, որ վաղն այս երկրում չեն կարողանալու հանգիստ քայլել, չեն կարողանալու մարսել՝ իրենց ղեկավարի հետ կիսելով այդ փաստաթղթի պատասխանատվությունը։
-Ոչ, չեն հասկանում։ Նրանք գործում են Նիկոլի բացահայտ տեռորի ներքո, պե՞տք է Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկեն, կալանավորեն, կանեն դա, ինչպես նմանատիպ բազմաթիվ այլ գործեր։ Կմտնեն նաև այս ստորագրության պատասխանատվության տակ։ Պիտի ընդունե՞ն Լանզարոտի կոնվենցիան, կընդունեն՝ իմանալով հասարակության բացասական վերաբերմունքը։
-Այսօր գրեթե բոլոր ընդդիմադիրներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, չնայած հասարակությունն աներեր է, ու վայրկյան առաջ պահանջում է Փաշինյանի հրաժարականը, կստացվի՞, այնուամենայնիվ, իրավիճակ փոխել։
-Կարծում եմ՝ Փաշինյանը պատվեր է կատարում, և այն մինչև վերջ կիրականացնի։ Հաշվի առնելով հասարակության քաղաքական անգրագիտությունը, Փաշինյանի՝ անգրագետ մասսային մանիպուլացնելու կարողությունը, չի բացառում, որ Նիկոլը այս իրավիճակից հանգիստ դուրս գա։ Օրինակ, Շուշին հանձնելու համար կմեղադրի Գագիկ Ծառուկյանին ու դրան կարող են հավատալ։ Նույն հաջողությամբ կարող է ինձ էլ մեղավոր կարգել, ասել՝ Գագիկ Համբարյանը ջոկատ չկազմեց, չեկավ Շուշի, դրա համար այն կորցրինք։ Հասկանու՞մ եք՝ այս մարդու ցինիկությունն ու պարզունակությունն ուր են հասել։ Պետությունը բանակ չունի, Գագիկ Ծառուկյանը կամ ինչ-որ մեկը պիտի ջոկատ կազմի, որ փրկի Շուշին։ Սա այն դեպքում, որ Ադրբեջանը մեր դեմ կիրառում է գերժամանակակից տեխնիկա, իսկ մենք դեռ մտածում ենք ֆիդայական ջոկատներով կռվելու մասին։
-Հիմա ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարված է, սա կարո՞ղ է քաղաքացիական բախումների հանգեցնել։
-Քաղաքացիական բախումն ամբողջությամբ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, իր թիմին, որպեսզի իշխանությունը պահպանեն, որպեսզի շարունակի իր ազգադավ ծրագիրը։ Բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ուժերն այսօր գործում են ի նպաստ հայրենիքի, ի բարօրություն ՀՀ-ի։ Այս պահին համաձայն ենք, որ վարչապետ դառնա ՔՊ-ից որևէ մեկը, բայց նա պիտի պարտավորվի, որ հրաժարվում է Նիկոլի ստորագրությունից։ Ոչ մեկը իշխանափոխության հարց չի դնում, բանակցողի փոփոխության խնդիրն է դրված։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ