Ռուսաստանի Դաշնությունից օրերս վերադարձած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ռուսաստանցի գործընկերները տեղեկացրել են՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ, որ ժամանակին համագործակցել ու այժմ էլ համագործակցում են են Սորոսի գրասենյակներից մեկի հետ, հանկարծակի փոխել են իրենց կողմնորոշումն ու մոլի ռուսամետներ դարձել: «Իրատեսի» հետ զրույցում տիկին Զոհրաբյանը զարմացած հարցրեց. «Այդ ինչպե՞ս է լինում. եթե մարդն ինչ-որ գաղափարախոսության կրող է, ինչ-որ սկզբունքներ ունի, ապա, ըստ իս, դրանց հավատարիմ պիտի լինի, հետևաբար՝ այսպիսի արագ փոփոխությունը որևէ կերպ հասկանալ չեմ կարող»:
-Իշխանության ներկայացուցիչները մոռացել են,- ասում է ընդդիմադիր պատգամավորը,- որ գրառում էին կատարում և ասում ՝ «Путин капут в Карабахе», կամ բարձրագոչ հայտարարություն անում, որ՝ «եթե պիտի ընտրենք Ռուսաստանի հետույքը, թե ԱՄՆ-ի հետույքը, ապա ես ընտրում եմ ԱՄՆ-ի հետույքը» (սա իմ խոսքերը չեն, բառացի եմ մեջբերում), բարձրաստիճան պաշտոնյան Պուտինի ազգանունը թարգմանում ու ասում էր՝ մարդը պետք է ամաչի իր ազգանունից... Իսկ Ռուսաստանում «лопух»-ի տերևներ չեն նստած ու այժմ ծիծաղում են այս մարդկանց վրա և անլուրջ են վերաբերվում: Այո, ասել եմ և պնդում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր, այս պատերազմական իրավիճակում չեն հասկանա, թե որքան կարևոր է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դերը, չեն հասկանա և համառորեն, հետևողականորեն հակառուսական տրամադրություններ կտարածեն, նրանք կա՛մ ինֆանտիլ են, ինչին չեմ հավատում, կա՛մ դավաճանական գործողություններ են անում։
-Օրերս տապալվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Ինչու՞, միտում տեսնու՞մ եք:
-Նախ՝ եկեք արձանագրենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր էր պատերազմի հենց առաջին օրերին արձագանքել ու գնահատական տալ հումանիտար այս աղետին, չվախենալ նշել, որ սա ոճրագործություն է, որ Թուրքիայի խողովակներով 2000 և ավելի ջիհադիստներ կռվում են Ադրբեջանի բանակում: Բայց տեսնում ենք՝ քար լռություն է: Այժմ Անվտանգության խորհրդի նիստի մասով եկեք պարզ հաշվարկ անենք. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամներն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և Մեծ Բրիտանիա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ հրավիրելու առաջարկով, որքանով տեղյակ եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն էին հանդես եկել՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան: Այս երկրները, բնականաբար, պետք է կողմ լինեին նիստի անցկացմանը: Տեղյակ լինելով, թե նմանատիպ հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Չինաստանը, մեծագույն կասկածներ ունեմ, որ նա կարող էր վետո դրած լինել նիստի անցկացման վրա: Մնում է Մեծ Բրիտանիան, որը հայտնի British Petroleum-ի նավթային խողովակն է այս տարածաշրջանում։ Լավ եմ հիշում. երբ Բաքու-Ջեյհան նավթամուղի «պուլտն» էին սեղմում, Ալիևն ասաց, թե այս խողովակով ոչ թե նավթ, այլ քաղաքականություն է հոսելու: Մենք այսօր տեսնում ենք, որ, ցավոք, այո՛, այդ խողովակով քաղաքականություն է հոսում: Այդ խողովակից կախում ունեցող երկրների համար որևէ նշանակություն չունեն Արցախում սպանված երեխան, թուրք-ադրբեջանական հանցագործ տանդեմը, միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված կասետային ու քիմիական զենքերը: Ռուս հասարակական գործիչ Ալեքսեյ Նավալնու անձի դեմ ոչինչ չունեմ, բայց, նրա ենթադրյալ թունավորման դեպքի հետ կապված, հարգարժան միջազգային հանրությունը սանկցիաներ կիրառեց, Գերմանիայի կանցլեր հարգարժան տիկինը կոտորեց իրեն, ինքնաթիռ ուղարկեցին այդ մարդու հետևից, պատժամիջոցներ կիրառեցին ՌԴ-ի հանդեպ ու էլ չգիտեմ՝ ինչեր արեցին: Բա լավ, Արցախում սպանված երեխաները, Արցախում ամեն օր զոհվող զինվորները, քաղաքացիական անձինք, ռմբակոծվող քաղաքացիական բնակավայրերը Նավալնու չափ չկա՞ն: Նորից դիմում եմ «միջազգային հանրություն» կոչվածին՝ ձեր անդեմ հայտարարություններին վերջ տվեք ու կոնկրետ, հասցեական հայտարարություններ արեք: ՆԱՏՕ-ն ու՞մ է հիմարի տեղ դնում, չի՞ տեսնում, թե իր լիիրավ անդամ Թուրքիան ինչեր է անում: Չի՞ տեսնում, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է այս կոնֆլիկտում, որ այդ երկրի 150 հրամանատարներ են այժմ հրահանգներ տալիս Ադրբեջանի բանակին: Այս ամենը նկատելի չէ՞ ձեզ համար, թե՞ ՆԱՏՕ-ն ուզում է Թուրքիայի միջոցով ուղղակի ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե թուրքական բանակը տեղակայվի Ադրբեջանում, ապա դա ոչ թե Թուրքիայի, այլ ուղղակի ՆԱՏՕ-ի ներկայացվածություն է նշանակելու: Ինձ համար կարևոր չէ՝ մարդը սեռական, կրոնական կամ այլ փոքրամասնության ներկայացուցիչ է, կարևորը մարդն է, բա, հարգարժա՛ն ԵԽ, ԵՄ, չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում Արցախում: Եթե որևէ փոքրամասնության վերաբերյալ խտրականության դրսևորում լիներ, իրար հետևից հայտարարություններ էր, որ կանեիք: Նույն ՅՈՒՆԵՍԿՕ, չե՞ս տեսնում, որ ռմբակոծվում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, բա ինչու՞ ես լռում, թե՞ ճիշտ են այն լուրերը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ ղեկավարությանը Ադրբեջանը փաթեթով գնել է: Պատերազմն ավարտվելու է, մենք հաղթելու ենք, այլ տարբերակ չկա, որովհետև մենք կռվում ենք մեր հողի համար, իսկ վարձկանը՝ փողի: Պատերազմի ավարտից հետո օրակարգ պետք է բերեմ միջազգային մի քանի կառույցների հետ մեր հարաբերությունների հարցը, որովհետև այս երեսպաշտությունը պիտի ավարտվի, չի կարող շարունակվել:
-Այս օրերին այսպիսի թեզ է պտտվում, որ եվրոպական կառույցների խոսքում որոշակի հստակություն կա, հայտարարությունները շատ ավելի հայկական շեշտադրում ունեն: Դուք նման բան նկատե՞լ եք:
-Չգիտեմ՝ ով է այդ փոփոխությունը տեսել, ես ամենօրյա կապի մեջ եմ եվրոպացի իմ գործընկերների հետ ու նման բան չեմ նկատում: Որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ամենօրյա ռեժիմով նայում եմ, թե ինչպես են խոշտանգում մեր տղաների դիակները: ՈՒսումնասիրում ու հավաքում եմ բոլոր այն տեսանյութերը, որտեղ հայ ռազմագերիներին են խոշտանգում: Այդ ամենն ուղղակի զարհուրելի է: Այդ ամենն ուղարկում եմ եվրոպական բոլոր կառույցներին, ու ի՞նչ եմ ստանում ի պատասխան՝ շնորհակալություն, շարունակեք նույնպիսի ինտենսիվությամբ աշխատել մեզ հետ: Որտե՞ղ է Դունյա Միյատովիչը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: Նրա անմիջական պարտականությունն է լինել Արցախում, լա՛վ, Արցախ չես գալիս, գոնե Հայաստան և Ադրբեջան գնա: Լսի՛ր, ծանոթացի՛ր, բա քո ֆունկցիան, հարգելի՛ հանձնակատար, ո՞րն է, միայն հսկայական բարձր աշխատավարձ ստանա՞լը։
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ