Պատերազմը շարունակվում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ։ Սրան զուգահեռ խաղաղ բնակչության, Արցախի քաղաքների ու գյուղերի հրետակոծումը չի դադարում։ Իշխանությունից տեսակետ է հնչում, որ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի, իսկ այդ պարագայում բոլոր ճակատներում՝ և թիկունքում, և առաջնագծում, մեզ հարկավոր են ռեսուրսներ, ամենից առաջ` մարդկային ռեսուրս։ Ակնհայտ է, որ այս պատերազմը մեծապես պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական իրադրությամբ, մասնավորապես` Թուրքիայի պահվածքով։ Ո՞ր երկիրը կկարողանա նրան այս տարածաշրջանից և հատկապես Արցախից դուրս շպրտել։ Առայժմ իրավիճակն այս տեսանկյունից խիստ անորոշ է։ Քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, որոշակի հանգամանքներ նկատի ունենալով, չի բացառում, որ հօգուտ հայկական կողմի հնարավոր է ռազմաճակատում բեկում մտցնել։ Արդեն 38 օր տևող պատերազմը քաղաքագետի հետ մեր զրույցի հիմնական թեման է։
-Ի՞նչ փուլում է այսօր պատերազմը։
-Արդեն մեկուկես շաբաթ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, առանձին հատվածներում, իհարկե, թեժացում լինում է, բայց ինչպես հարձակման, տեղաշարժի թափն է նվազել, այնպես էլ կիրառվող տեխնիկայի խտության աստիճանը։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Նախ` հակառակորդը, անհրաժեշտ չափով ռեսուրսներ չունենալով, չի կարող նույն ինտենսիվությամբ մարտ վարել, մյուս կողմից էլ, տեղանքի առանձնահատկություններն են փոխվել; Եթե հարավում դրա հնարավորությունը կար, ապա Հադրութից հյուսիս ընկած տարածքներում հրետանու գործողությունները տեղային են, իսկ անօդաչու սարքերի աշխատանքն էլ՝ որոշակիորեն սահմանափակված։ Մյուս կողմից էլ, պիտի հասկանալ, որ պատերազմն արդեն երկրորդ փուլում է, երբ մարդկային գործոնն է ավելանում, այսինքն՝ անհրաժեշտ է զինվորականների ուղղակի մասնակցությունը։ Սա ենթադրում է անտառային մարտեր, դիվերսիոն գործողությունների կանխում։ Հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները` ոչ միշտ է հնարավոր լինում տեխնիկա օգտագործել։
Ինչ վերաբերում է բանակցային փուլին, Ադրբեջանը բանակցությունների կնստի այն պարագայում, երբ Թուրքիայի ճնշումները թուլանան, և հասկանա, որ ռազմաճակատում ձեռքբերումները կորցնելու վտանգը խիստ իրատեսական է։ Այլ պայմաններում Ադրբեջանը հազիվ թե բանակցություններին համաձայնի։ Եթե այդ երկրի ներսում քաղաքական անկայունություններ, իշխանափոխության ռիսկեր լինեն, այդ պարագայում ևս բանակցություններին վերադառնալը չի բացառվում։
-Այս պահին հրապարակված քարտեզից ենթադրվում է, որ որոշակի տարածքներ արդեն անցել են Ադրբեջանի հսկողության տակ։ Սա բավարար չէ՞, որպեսզի Ադրբեջանը բանակցային փուլ սկսի, թե՞ նրա նպատակները շատ ավելի մեծ են։
-Ռազմատեխնիկական, քաղաքական այն ռեսուրսը, որ Ադրբեջանը և Թուրքիան ներդրել են այս պատերազմում, ահռելի է։ Իրենց նպատակներին չհասնելու ռիսկերը ևս չափազանց մեծ են։ Դրա համար առավելապաշտական մոտեցումը տրամաբանական է, որովհետև Ալիևն այս պատերազմում դրել է այն ամենը, ինչ ունի և փորձելու է հասնել առավելագույնին։ Ինչ վերաբերում է Ձեր նշած տարածքներին, պիտի փաստել, որ դրանք մեծ պատերազմի տարբեր տարրեր են, որովհետև ռազմական գործողությունները տարբեր փուլայնություն, շեշտադրումներ կարող են ունենալ։ Մեծ հաշվով հակառակորդը փորձելու է առավելագույնին հասնել՝ ուշադիր հետևելով Հայաստանի դիմադրողականությանը, ռազմաքաղաքական արձագանքման ոճին։ Ըստ այդմ էլ կսրբագրեն իրենց մոտեցումները։
-Հայաստանի իշխանություններն աջակցության խնդրանքով դիմեցին ՌԴ-ին։ Այս պահանջը տարբեր քաղաքական գործիչներ տևական ժամանակ հնչեցնում էին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս առումով։
-ՀՀ վարչապետը դիմեց ՌԴ նախագահին՝ հիմք ունենալով փոխօգնության պայմանագիրը։ Ռուսաստանը բավական արագ արձագանքեց՝ հղում կատարելով պայմանագրի կետերին։ Այսպիսի հրապարակային նամակագրության հասցեատերը ոչ թե երկու երկրների փոխհարաբերություններն էին, այլ երրորդ երկրին ուղերձ հղելը, եթե Թուրքիան որոշի ինչ-որ քայլ ձեռնարկել Հայաստանի սահմանների հանդեպ, պայմանագրի կետերը կգործարկվեն։ Այս նամակի ու արձագանքի հիմնական ուղերձը դա էր։
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկում՝ ԱՄՆ-ում, նախագահական ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքն ինչ-որ ձևով կարո՞ղ է անդրադառնալ պատերազմի ելքի և հետագայում նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վրա։
-Ընտրություններից հետո դեռ կառավարություն պիտի ձևավորվի։ ԱՄՆ-ին այս պահին մեր տարածաշրջանի խնդիրները մեծ հաշվով, հետաքրքիր չեն, նրանք սիմվոլիկ քաղաքականության ներքո հրադադար հաստատելու փորձ կանեն և դա ընտրապայքարում լավ կխաղարկեն։ Սակայն նրանց համապատասխան գերատեսչությունները լավ ծանոթ են իրավիճակին, հետևում են ռազմատեխնիկական շարժերին և աշխատում են ՆԱՏՕ-ի անդամ իրենց գործընկերների հետ, որքան էլ միմյանց հետ տարըմբռնումներ ունենան։ Այսօր նրանք հետևում են զարգացումներին և հետագայում ստեղծված իրադրությունը հօգուտ իրենց կօգտագործեն։ Պետք է հասկանալ նաև, որ այս գործընթացներում կան ստվերային խաղացողներ, ինչպես եվրոպական որոշ տերություններ, այնպես էլ տրանսազգային կազմակերպություններ։ Թուրքական քաղաքականության մոնիտորինգի արդյունքում նրանք կճշգրտեն նաև իրենց դիրքորոշումները՝ ելնելով սեփական շահերի տիրույթից։ ԱՄՆ-ը միջնորդավորված է ներգրավված այս գործընթացներում և ձեռքը զարկերակից բաց չի թողնում, սակայն մեր տարածաշրջանում հիմնական խաղացողը Ռուսաստանն է։
-Մյուս համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի պարագայում էլ զարգացումներն ուշագրավ ընթացք ունեցան։ Ֆրանսիան առաջիններից էր, որ իրերն իրենց անուններով կոչեց, բայց հետո լրիվ այլ հարցերով փոխհրաձգության մեջ մտավ Թուրքիայի նախագահի հետ։
-Նախ պիտի հասկանալ, թե Ֆրանսիան մեր տարածաշրջանի զարգացումների համատեքստում ինչու այդքան մեծ ներգրավվածություն ունեցավ։ Արցախի խնդիրը նրանց համար կարևոր է, բայց դրանից առաջ էական հանգամանք են ֆրանս-թուրքական հարաբերությունները, որոնք մասնավորապես դրսևորվում են Հյուսիսային Աֆրիկայում, Արևելամիջերկրածովյան ավազանում։ Մյուս կողմից Էրդողանի հավակնոտ քաղաքականությունը, Ֆրանսիայում մահմեդականների, թուրքերի ներգրավվածությունը, Ֆրանսիային սկզբում հնարավորություն տվեցին կտրուկ, էմոցիոնալ հրապարակային քայլեր ձեռնարկելու, հայտարարություններ անելու։ Էրդողանն իր անկայունության գործիքներից մեկը՝ Եվրոպայում էթնիկ թուրքական համայնքները, սկսեց գործարկել։ Ֆրանսիան հասկացավ, որ դա ներքին բազմաթիվ խնդիրներ կարող է ստեղծել։ Դրան նախորդեց այն, որ Ֆրանսիան իր դեսպանին հետ կանչեց Թուրքիայից, բայց կարճ ժամանակ անց նա նորից վերադարձավ Թուրքիա։ Այնպես որ, Ֆրանսիան հասկանում է իր շահերի միջակայքը, ինչքան պիտի խաղա այս փուլում։ Այս պահին բոլորը սպասում են ռազմաճակատում ընթացող գործողություններին և ավելի շատ ռուս-թուրքական պայմանավորվածություններին, որովհետև խնդիրը, այդուհանդերձ, այս երկու երկրների տիրույթում է։
-Խնդրի կարգավորման բանալին, որոշիչ դերակատարումը ՌԴ-ի՞ն է վերապահված։
-Միանշանակ չենք կարող այդպես ասել, որովհետև Ռուսաստանը չի կարող հրապարակային դիվանագիտությամբ կողմերին պարտադրել ինչ-որ լուծումներ։ Խնդիրն ավելի լայն է, ռուսները մտահոգություն ունեն, որ Արցախում ստեղծված լարվածությունը կարող է տեղափոխվել Ռուսաստան, և որ Թուրքիայի հավակնությունները մեծ խաղի տարր են, որտեղ Արցախի դեմ պատերազմն ընդամենը մի բաղադրիչն է։ Այս պատճառով Ռուսաստանը շատ զգուշավոր է, չնայած ունի շատ մեծ ռեսուրս այս ամենը կանգնեցնելու համար։ Փորձում են այլ կենտրոններից մշակված սցենարների գործարկման դեպքում դիստանցավորվել, որպեսզի ինչ-որ փուլից հետո ռազմական գործողությունների մեջ ներգրավվեն։
-Արցախյան այս պատերազմի ամենամեծ գործոններից մեկն էլ հակաահաբեկչական պայքարն է, որտեղ Հայաստանը կրկին մենակ է։ Այս առումով էլ աշխարհն անտարբեր է մեր պայքարին, ու հիմա ահաբեկիչները Եվրոպայի սրտում մարդկանց են գլխատում։ Ի՞նչ կարելի է ակնկալել աշխարհից, նրանք գոնե այս հարցում կմիավորե՞ն իրենց ուժերը։
-Աշխարհում ահաբեկչություն արտահանող հիմնական երկիրը Թուրքիան է, որը վարձկաններ է հավաքագրում Սիրիայից։ Նրանք աշխատանք չունեցող մարդիկ են, ոչինչ անել չգիտեն, իսլամական տարբեր խմբավորումների անդամներ են ու վարձավճարով կռվում են։ Էրդողանի համար այս մարդիկ գործիք են, նրանց տարբեր տարածաշրջաններ տարածելով, շանտաժի միջոցով փորձում է դառնալ սուբյեկտ։ Ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելը ևս Էրդողանի քաղաքականության տարրերից մեկն է։ Որպեսզի ռուսների հետ կարողանա հավասարի պես խոսել, Ռուսաստանի հարավային սահմանագծում նրանց միջոցով անկայունություն է ստեղծում, որպեսզի որոշակի փոխհամաձայնությունների հասնի ռուսների հետ։ Եվրոպական տարբեր երկրներում էլ ահաբեկիչների սաղմնային բջիջները ևս կրոնական, օրթոդոքս պատկերացումներ ունեցող շրջանակներից են։ Այս ահաբեկչական ցանցային համակարգը Էրդողանը կարողանում է լավ գործարկել։ Եվրոպացիների անվտանգությունը տարիներ շարունակ ապահովել է ՆԱՏՕ-ն, որը հակաահաբեկչական գործողությունների փորձառություն չունի, որովհետև իր հիմնական ուղղությունը Եվրոպայի սահմաններից դուրս է եղել։ Եվրոպական երկրները, որոնք փափուկ, անվտանգ կյանքի սովոր են եղել, ինչպե՞ս կարող են ահաբեկչական տեղային դրսևորումներին դիմագրավել, դժվար է ասել, որովհետև այդ պայքարը շատ բարդ է։ Իսկ Էրդողանը, այս տարրերին օգտագործելով, փորձում է քաղաքական սուբյեկտության հասնել, որպեսզի իրեն հարգեն, լսեն, թեկուզ շանտաժի գործիքակազմով։
Եթե Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների քանակը շատ մեծ լինի, նրանց վերահսկման մեխանիզմները բավական բարդ են լինելու։ Գուցե ինչ-որ փուլում Ադրբեջանը դառնա Սիրիա, որովհետև վարձկանները կարող են անկառավարելի դառնալ։
-Ադրբեջանի ներսու՞մ խնդիրներ կառաջանան։
-Այո, արդեն այս պահին կան։ Որքան էլ Ադրբեջանը փակ է պահում տեղեկատվությունը, մենք արդեն տեսնում ենք, որ դժգոհություններ, կոնֆլիկտներ կան։ Արդեն ակնհայտ է նաև, որ այդ ահաբեկիչների թիվը փոքր չէ։
-Կա տեսակետ, որ Թուրքիայի պանթուրքիստական նկրտումներին հակազդելու և հակաահաբեկչական գործունեություն ծավալելու համար հարկավոր է նաև Հայաստանի մասնակցությամբ ստեղծել Ռուսաստան, Չինաստան, Իրան ալյանսը։ Այս առումով ինչպիսի՞ տեսակետ ունեք։
-Ցանկացած գլոբալ հակաահաբեկչական միջոցառում որոշակի պայմաններ է ենթադրում, այսինքն դրան մասնակցող երկրների համար ինչքանով է այդ օրակարգը սուր դրված։ Արդյո՞ք բոլորի համար ահաբեկիչների ներկայությունն այստեղ հավասարապես սպառնալիք է, և արդյո՞ք այդ վարձկաններին այստեղից մաքրելով քաղաքական դիվիդենդներ կստանան։ Ահաբեկչության դեմ պայքարը ենթադրում է նաև, որ դու, որպես պետություն, դառնում ես ահաբեկիչների համար թիրախ։ Նրանց գտնելը բավական բարդ է, քանի՞ երկիր կհամաձայնի մտնել այդ ռիսկի տակ։ Այս փուլում նման ալյանսների հետ կապված թերահավատ եմ ու նաև իրատեսական չեմ համարում։ Այս պահին այդ սպառնալիքի տակ հայտնված երկրները Ռուսաստանն ու Իրանն են, իսկ եթե նրանք ռազմական միջամտություն ձեռնարկեն, հնարավոր է, որ տարածաշրջանում գործողությունները դառնան անվերահսկելի։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ