ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ փոխանցմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի վրա միջազգային հանրության կոչերը ազդեցություն չեն գործում, այդ երկրները միայն պատժամիջոցների լեզուն կհասկանան, սակայն այդ գործիքն էլ դեռ ոչ մի երկիր չի ցանկանում նրանց դեմ բանեցնել։
-Արդեն գրեթե 11 օր է ռազմական գործողությունները շարունակվում են։ Ինչու՞ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների, միջազգային հանրության կոչերը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, թուրք-ադրբեջանական տանդեմն անտեսում է։
-Անկարան և Բաքուն առայժմ կարող են խոսքերին ուշադրություն չդարձնել, քանի որ տեսնում են, որ այդ խոսքերն իրենց դեմ ուղղված գործողությունների վերաճելու ներուժ առայժմ չեն դրսևորում: Նրանց ավելի հասկանալի կլինի պատժամիջոցների լեզուն, իսկ այդ լեզվով առայժմ միայն Արցախի պաշտպանության բանակն է խոսում: Մյուսներին՝ ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ԵՄ անդամ պետություններին և այլոց համապատասխան տրամադրվածություն հաղորդելն ու կոնկրետ պատժամիջոցների դաշտ մղելը հայկական դիվանագիտության առաջիկա շաբաթների կարևորագույն անելիքն է:
-Ակնհայտ է, որ Թուրքիան մեծ թվով վարձկաններ է բերել մարտի դաշտ, և նույն մարտավարությունը շարունակվում է։ Ինչու՞ չի հաջողվում Թուրքիայի այս վտանգավոր քայլը կասեցնել, ի վերջո, դա ոչ միայն մեզ համար մեծ խնդիր է։
-Հենց այդ նպատակադրմամբ էլ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու կոչ-առաջարկով: Ահաբեկչության դեմ պայքարը կարող է միավորել այդ նպատակը հետապնդող տարբեր պետությունների։ Այդ դրոշի տակ կարող են միավորվել Ռուսաստանն ու Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը, Եգիպտոսն ու Ֆրանսիան և շատ ուրիշներ: Այսօր կարևոր է, որ մեր գործընկերների քաղաքական առաջնահերթությունների շարքում ամրագրվի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ահաբեկչությունը հովանավորող պետություններ են, որոնք իրենց առջև դրված ռազմաքաղաքական խնդիրները փորձում են հենց այդ գործիքը կիրառելու միջոցով լուծել:
-Այս պատերազմն ի՞նչ պիտի փոխի մեր դիվանագիտության մեջ և բանակցային գործընթացում։
-Ամեն ինչ կախված կլինի ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների վերջնարդյունքից: Այդուհանդերձ, կան անփոփոխ նպատակներ, և մեր առջև կանգնած լուծման կարոտ խնդիրը հանգում է հետևյալին. պետք է կարողանանք կայուն ու երկարաժամկետ խաղաղություն հաստատել՝ ապահովելով Արցախի քաղաքացիների անվտանգությունը, Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու դեյուրե ձևակերպումն ու այդ ձևակերպման միջազգային ճանաչումը և, իհարկե, Արցախի առնվազն ներկայիս տարածքային ընդգրկումը: Ընդ որում, մենք պետք է աչքի առաջ ունենանք նաև նոր իրավիճակով պայմանավորված հնարավոր հավելյալ գործողությունների անհրաժեշտությունը: Օրինակ, Արցախի քաղաքացիների համար անվտանգ արտաքին միջավայր ապահովելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե Ադրբեջան ներմուծված ահաբեկիչները փորձեն այդ երկրի տարածքում անվերահսկելի բռնության մշտական օջախներ հիմնել: Այդ դեպքում Արցախի զինված ուժերն ու այլ ուժային կառույցներ պարտադրված կլինեն այդ օջախները վերացնելուն ուղղված հատուկ գործողություններ իրականացնել Ադրբեջանի ներկայիս տարածքի խորքերում՝ սեփական սահմաններից հեռու գոտիներում:
-Դեռ որքա՞ն կարող են շարունակվել ռազմական գործողությունները, և ի՞նչը կարող է բեկումնային լինել այս իրավիճակում։
-Հավանաբար թեժ մարտական գործողությունները կարող են շարունակվել ևս մեկ շաբաթ: Դրանք կարող են նաև ավելի վաղ դադարել այն դեպքում, եթե ադրբեջանական զինված ուժերը կրեն ջախջախիչ պարտություն և լիովին կորցնեն իրենց մարտունակությունը:
Զրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ