Ռուսաստանում մեծամասնությունը դեռ սրբորեն հավատում է, որ Պուտինի հայտարարած «դեպի Արևելք շրջադարձը» ոգևորությամբ են ընդունում Չինաստանում։ Ճիշտ է, Մոսկվան, այսինքն՝ Կրեմլը, փոքր-ինչ չափավորել է ոգևորությունը, հատկապես գազի առնչությամբ երկար ու դժվարին բանակցություններից, իսկ գլխավորը՝ խիստ անմիարժեք արդյունքներից հետո։ Բայց ռուս ժողովուրդը և ռուսական լրատվամիջոցները դեռ շարունակում են ուրախությամբ երգել ստալինյան «Москва-Пекин! идут, идут вперед народы» երգը, ու, հավանաբար, հուսով են, որ այսուհետ ևս այդպես կլինի։ Հանուն արդարության պետք է նկատել, որ հասարակ չինացիներն էլ, ինչպես, ասենք, մեր տան ծորակը նորոգող փականագործը, հիացած են ՌԴ նախագահով։ Սակայն Պեկինում, այսինքն՝ երկրի կառավարման համակարգում, ամեն ինչ այնքան էլ բերկրալի չէ։ Այո, կարծես թե պայմանավորվածության են գալիս էներգակիրների հարցում, առևտրի հարցում էլ գործերը վատ չեն։ Սակայն Չինաստանում ավելի ու ավելի հաճախ են հնչում այն կարծիքները, թե պետք է զգուշորեն մոտենալ ճգնաժամի ճահիճն ընկղմվող Ռուսաստանի հետ համագործակցության հարցին։ Ավելին, դրանք սկսել են հայտնվել նաև լրատվամիջոցներում, իսկ դա ՉԺՀ պայմաններում հատկանշական է։
Այսպես, հենց վերջերս «Սինհուա» պետական գործակալությունը հրապարակեց մի հոդված՝ «Ինչպես կարող է չինական շուկայում դրսևորվել արժեզրկվող ռուսական ռուբլու վիճակը» պերճախոս վերնագրով։ Հոդվածում մասնավորապես ասվում է. «Միջազգային պատժամիջոցներ, նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում ու կապիտալի արտահոսք՝ այս ամենը հանգեցնում է այն բանին, որ ռուսաստանյան տնտեսական ճգնաժամը խորանում է ավելի ու ավելի։ Ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ Չինաստանի վրա, որը Ռուսաստանի հետ կապված է բազմաթիվ համաձայնագրերով ու պայմանագրերով։ Ինչի՞ց պետք է երկյուղել»։ Նշվում է, որ միայն հոկտեմբերին Ռուսաստանի կենտրոնական բանկն արժութային ինտերվենցիայի շրջանակում 6 մլրդ դոլար է վաճառել ԱՄՆ-ին, սակայն դրական արձագանքի փոխարեն ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել։ Այնուհետև «Սինհուան» հաղորդում է. «2014 թ. ՌԴ ոսկու արժույթի պաշարները կրճատվել են 55 մլրդ դոլարի չափով, որից գրեթե 40 միլիարդը գնացել է ռուբլու փոխարժեքը պահպանելուն աջակցելու վրա։ Հիմա Կենտրոնական բանկի արժութային պաշարներում մնում է ընդամենը 452 մլրդ դոլար, ինչը բավական չէ երկրի արտաքին պարտքը փակելու համար։ Փորձագետները ենթադրում են, որ եթե կապիտալի արտահոսքը շարունակվի, ապա ռուբլին կհայտնվի շատ ցավալի վիճակում»։ Եվրոպայի և Ամերիկայի պատժամիջոցների պատճառով կապիտալը մեծ քանակությամբ դուրս է տարվում Ռուսաստանից, դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքն այս տարվա սկզբից ընկել է 20 տոկոսով և ամենացածր մակարդակի վրա է 1998 թ. դեֆոլտից ի վեր («Սինհուայի» բերած հոկտեմբերի 19-ի տվյալներն արդեն բավական հնացել են, հոկտեմբերի 25-ի դրությամբ ռուբլին գահավիժեց ավելի քան 25 տոկոսով, պահուստները կրճատվեցին 66 մլրդ դոլարով, տարեկան արժեզրկումը 10 %-ից բարձր կլինի)։ Միջազգային պատժամիջոցները Ռուսաստանին դրդում են ավելի սերտորեն համագործակցելու Չինաստանի հետ։ Մայիսին երկրները ստորագրեցին գազի համաձայնագիրը, հոկտեմբերին՝ փաստաթղթերի մի այլ փաթեթ։ Չինաստանի ժողովրդական բանկը և ՌԴ կենտրոնական բանկը համաձայնագիր ստորագրեցին արժույթի սվոպների (հաստատագրված փոխարժեքների) մասին՝ մեկ սվոպ-գիծը 150 մլրդ յուան կամ 815 մլրդ ռուբլի ծավալով։
Իսկ փաստերի այդ արձանագրումից հետո բերվում է մի շարք մասնագետների կարծիքը. «Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով Չինաստանը կարող է բախվել կապիտալի որոշ արտահոսքի և յուանի արժեզրկման։ ՌԴ-ում տիրող իրավիճակի հետագա վատացումը կարող է մեծացնել վտանգը Չինաստանի համար», ենթադրում է մակրոտնտեսության չինացի մասնագետ Սե Յասյուանը։ Ռուբլու անկայուն վիճակը չի նպաստում յուանի կայուն փոխարժեքին և առավել ևս չի նպաստում Ռուսաստան չինական արտահանության մեծացմանը։ ՈՒստի, ինչպես կարծում է ՉԺՀ-ի առևտրի նախարարությանն առընթեր միջազգային առևտրատնտեսական համագործակցության ինստիտուտի ներկայացուցիչ Բայ Մինը, «չինական ձեռնարկությունները կարող են օգտվել ռուբլու թույլ դիրքերից՝ Ռուսաստանից ներմուծումն ավելացնելու համար»։ Վերլուծաբանները ենթադրում են, որ թեև Չինաստանի համար կարևոր է հետևել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ընդհանուր կուրսին, սակայն «մշտապես ավելացող ֆինանսական ռիսկերի պայմաններում հարկավոր է զգոն լինել և պահպանել իրատեսական դիրքորոշումը»։
Այսպիսով, առանձնապես ոչ մի սարսափելի բան, կարծես, չկա։ Սակայն «հարկավոր է զգոն լինել», սակայն առանց այն էլ գործնական չինացիներին խորհուրդ են տալիս «պահպանել իրատեսական դիրքորոշումը»։ Ասենք, հոդվածն էլ է ստեղծվել ոչ թե վարչական կենտրոն Պեկինում, այլ տնտեսական Շանհայում։ Այսինքն, սա, կարծես, սոսկ ամենափոքր քարն է «դեպի Արևելք շրջադարձի» հարթ ճանապարհին։ Սակայն լրատվամիջոցներում տեղ գտած նման հայտարարությունների տողատակում որոշ ռուս փորձագետներ տեսել են Ռուսաստանի հետ հարաբերություններում դիրքերի որոշակի ճշգրտում, ու նրանք ենթադրում են, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ)՝ Պեկինում կայանալիք գագաթնաժողովի շեմին Չինաստանը կարող է, օրինակ, «փոքր-ինչ փոփոխել իր դիրքորոշումը ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ»։ Մինչդեռ, մի ամբողջ շարք իրադարձություններ արդեն մատնանշում են, որ թեև կապիտալի արևմտյան շուկայի փակումից հետո Չինաստանի հետ Ռուսաստանում մեծ հույսեր էին կապում, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։
Այսպես, մի երկու ամիս առաջ ինձ շատ անհանգստացրին չինական համացանցի ռուսալեզու մասում հաճախակի դարձած գրառումներն այն մասին, որ խիստ դժվարացել է չինական վարկեր ստանալը և ՌԴ քաղաքացիների համար շատացել են խնդիրները Չինաստանում ընկերություններ գրանցելիս։ Այնուհետև, ИТАР-ТАСС-ը, որի ձեռքն էր ընկել ռուսական առևտրական ընկերությանը հասցեագրված բանկային մի նամակ, հաղորդել էր, որ չինական առևտրային բանկերը սկսել են մերժել ռուսաստանցի հաճախորդներին՝ օֆշորային հաշիվների միջոցով գումարներ փոխանցելու հարցում։ «Մենք ափսոսանքով ստիպված ենք ձեզ հաղորդել, որ դուք պետք է մեզ մոտ գաք, որպեսզի փակեք ձեր բանկային հաշիվը։ Քանի որ ձեր ընկերությունը որոշ առնչություն ունի Ռուսաստանի հետ, մենք այլևս չենք կարող ձեզ սպասարկել,- գործակալությունը մեջբերում է չինական բանկի «օֆշորային հաշիվների դեպարտամենտից» ստացված նամակը։ Իհարկե, այս փաստը բացատրվում է «ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների փչացման երկյուղով» և ոչ թե Ռուսաստանի տնտեսության վիճակով (թե որն է այստեղ ավելի վատը, անհասկանալի է)։ Այնուհետև, ՉԺՀ-ում ռուս գործարարների դժվարությունների մասին սկսեցին հաղորդել նաև աշխարհի լրատվամիջոցները։
Իսկ վերջերս խնդիրներ առաջացան չին-ռուսական տնտեսական կապերի «սրբություն սրբոց» համարվող էներգետիկ ոլորտում։ Բացահայտվեցին «Գազպրոմի» խնդիրները՝ կապված «Սիբիրի ուժը» գազամուղի համար միջոցների ստացման հետ, և գլխավորն այստեղ այն է, որ չինացիները կտրականապես հրաժարվում են փող տալ անընդհատ թանկացող այդ նախագծի իրականացման համար։ Բացի այդ, պարզվում է, ռուսական ՆՈՎԱՏԷԿ-ն էլ ոչ մի կերպ չի կարողանում չինական բանկերի հետ պայմանավորվածության գալ «Յամալ ՍՊԳ» նախագծի ֆինանսավորման հարցում։ Ինչպես գրում է «Կոմերսանտը». «Ենթադրվում էր, որ ՉԺՀ-ի բանկերը կտան 70 %-ը կամ 20 մլրդ դոլար (ընդհանուր արժեքը գնահատվում է 29,5 մլրդ դոլար)»։ Չինական բանկերը պետք է միջոցներ տրամադրեին ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում։ Սակայն արևմտյան պատժամիջոցների հայտարարումից հետո չինացիները նախագծի իրականացման երաշխիքներ պահանջեցին, և նման երաշխիքներից մեկը կարող էր լինել ֆինանսավորմանը պետական մասնակցության ավելացումը։ Այս կապակցությամբ ՆՈՎԱՏԷԿ-ը մեծացրեց Ռուսական ազգային բարեկեցության հիմնադրամից միջոցների ստացման հայտը՝ 100 միլիարդից հասցնելով 150 միլիարդի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նավթի գների անկման պայմաններում հիմնադրամն աչքի առաջ հալվում է, իսկ Ռուսաստանում նրա օգնությունը հայցողների մի մեծ հերթ է գոյացել, ապա, հասկանալի է, երաշխիքների նման պահանջներով չինացիները ՌԴ իշխանությունների կյանքը չեն քաղցրացնում։ Ոմանք Ռուսաստանում դեռևս շարունակում են համարել, որ այդ նույն ՆՈՎԱՏԷԿ-ը կարող էր չինական բանկերի հետ պայմանավորվածության գալ լավ պայմաններով վարկ ստանալու շուրջ, «քանի որ նախագիծը շահավետ է», սակայն ռուսները, ինչպես հաճախ է լինում, նորից հաշվի չեն առնում Չինաստանում բիզնես վարելու առանձնահատկությունները, որտեղ «բարեկամությունը՝ բարեկամություն», բայց շահն ավելի թանկ է։ Ավելին, դժվար կլիներ ենթադրել, որ իրատես չինացիները հիմա չեն փորձի օգտվել Ռուսաստանի սասանված դիրքերից և չեն սկսի թելադրել իրենց, ռուսներին ոչ միշտ ձեռնտու, պայմանները։
Վերջում ևս մեկ մեջբերում «Սինհուա» գործակալության տնտեսական տեսություններից. «Բնականաբար, տնտեսապես հզոր մի այնպիսի տերության համար, ինչպիսին Ռուսաստանն է, մի քանի դոլարով նավթի էժանալը էական չէ, բայց այս անգամ համաշխարհային շուկաներում նավթի գնի անկումը հանգեցրել է բյուջետային մուտքերի կրճատման և բյուջեի դեֆիցիտի մեծացման, բացի այդ, սպառնալիքի տակ են գտնվում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը։ ՈՒ քանի որ տարածաշրջանային բյուջեները կախված են դաշնայինի հատկացրած դոտացիաներից, ուրեմն տնտեսական վիճակը տարածաշրջանում ևս կվատանա»։ Այնուհետև խորհուրդ է տրվում. «Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է փոխել տնտեսական զարգացման մոդելը։ Նախ և առաջ անհրաժեշտ է բարելավել ներդրումային կլիման, խելամտորեն և արդյունավետորեն օգտագործել առկա բոլոր ներքին պաշարները, մեծացնել պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու կառավարման արդյունավետությունը։ Երկրի տնտեսական մոդելը փոխելու համար կապիտալ է պետք, ուստի առանց օտարերկրյա ներդրումների այստեղ անհնար է յոլա գնալ»։
Իսկ փող, ինչպես հայտնի է, Մոսկվան սպասում է Պեկինից։ Իսկ Պեկինը հիմա բնավ էլ չի շտապում «ձեռքը գրպանը տանել» առանց հաստատուն երաշխիքների, բանավոր խոստումները հաշիվ չեն։ Դե Մոսկվան էլ ներկա քաղաքական պայմաններում այդպիսիք ապահովել չի կարող։ Պեկինն էլ, ի դեպ, խորհուրդ է տալիս «փոխել զարգացման մոդելը» և «բարելավել ներդրումային կլիման», այսինքն, հասկանալի է, քաղաքականությունը։ Իսկ Մոսկվան արդեն ամենևին չի կարող դա անել, այնտեղ շատ հեռուն են գնացել։ Ահա այսպիսի «ուրախ կարուսել» է ստացվում:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից