Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մոռանանք ու շարունակենք ապրել

Մոռանանք ու շարունակենք ապրել
04.11.2014 | 00:10

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը հետևում է։ Լեզուս էլ չի պտտվում ասեմ` «գագաթնաժողովը», այնքան որ թերարդյունք էր։ Առանձնակի տեղեկություններ էլ չկան, բացի նրանից, որ եղան տարընթեռնումներ։ Իբր, սկզբում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հետո նրանք «նստել են երեքով», վերջում խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հետ։ Տարընթեռնումները վերաբերում են «հերթի» ժամանակագրությանը. տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ էին նշում։ Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի Twitter-ի հայտարարությունը, հաղորդում էին, թե առաջինը տեղի է ունեցել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և Ջեյմս ՈՒոռլիքի (ԱՄՆ) հետ, ապա Ալիևն ու Սարգսյանը Փարիզում բանակցություններ են վարել առանձին և դրանից հետո Ելիսեյան պալատում Օլանդն ընդունել է երկու նախագահներին։ Բայց, ինչևէ, այդ գագաթնաժողովի հետ կապված և քաղաքական գործիչների ու փորձագետների կողմից բորբոքվող սպասելիքները չարդարացան։ Ոչ մի «գագաթնաժողովի» հոտ էլ չի գալիս, եթե չհաշվենք այն, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ ՈՒոռլիքը, վերջապես, միացավ իր գործընկերներին։ Բայց դա շատ քիչ է, որպեսզի Փարիզի հանդիպումը համարես մի ինչ-որ առանձնահատուկ և առաջանցիկ բան, անգամ եթե այն համեմատենք վերջերս Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ունեցած հանդիպման հետ։
Կարծում եմ` ամենևին էլ պատահական չէ, որ հենց այս օրերին Ստեփանակերտում սկսվեց ադրբեջանցի մարդասպան դիվերսանտների դատավարությունը։ Եվ, ի դեպ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը որոշել է ոչ մի կերպ չմեկնաբանել Արցախում ադրբեջանցիների դատավարությունը։ Իսկ ի՞նչ կարող են ասել նրանք, ովքեր ամռանը Բաքվին հրահրում էին պատերազմի փաստական վերսկսման։ Ադրբեջանի իշխանությունները հենց սրա դիմաց էլ «ազնվորեն հատուցում էին» ԱՄՆ-ին, երբ ամռանը իրար հետևից ստուգում էին Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի ամրությունը։ Զուր չէ, որ հենց ԱՄՆ-ը շտապեց գնահատական տալ Փարիզի հանդիպմանը։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի գագաթնաժողովը դրական քայլ էր։ Շնորհակալություն Օլանդին»,- գրել է ՈՒոռլիքը իր Twitter-ում։ ԱՄՆ-ը դարձյալ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում կառուցողական միջոցներ ձեռնարկել խաղաղ ու կայուն կարգավորման համար, հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ կայացած բրիֆինգում հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզի հանդիպմանն առնչվող հարցին, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպի կայքը։ «Հակամարտող կողմերը կարող են հենվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև այս տարի կայացած երեք հանդիպումների ծնած ազդակների վրա, ձեռնարկելով այնպիսի միջոցներ, որոնք վստահություն ու վճռականություն կներշնչեն։ Եվ, իհարկե, դա կարելի է անել երկխոսության միջոցով»,- ասել է նա։ Եվ ոչ մի խոսք Սոչիի հանդիպման արդյունքների մասին, կարծես թե այդ ժամանակ չէր, որ կասեցվեց ռազմական լարվածության սրումը, և այդ պահից չէ, որ վերսկսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անմիջական շփումները։ Պսակիի այդ «ջոկողությունը» միայն ավելորդ անգամ ընդգծում է, որ Փարիզի հանդիպման «պատվիրատուն» հենց ԱՄՆ-ն էր, և ոչ թե Փարիզը։ Եվ, ի միջի այլոց, Ստեփանակերտի դատավարությունը ակնբախորեն ցույց տվեց, որ Հայաստանն ու Արցախը պատրանքներ չեն տածում ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ էլ ԱՄՆ-ի հաշվով` իրենց «նախաձեռնություններով» հանդերձ։
«France Presse» գործակալությունը տարածել է, ինչպես նշվում է, «որոշ մանրամասներ»։ Հոկտեմբերի 27-ին Փարիզում, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը հնարավոր դարձրեց «անմիջական երկխոսության վերսկսումը» երկու երկրների նախագահների միջև, չնայած այն բանին, որ բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք չբերվեց, գրում է գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, սակայն, պայմանավորվեցին միայն հակամարտության գոտում անհետ կորածների մասին տեղեկության փոխանակման շուրջ` Միջազգային կարմիր խաչի հովանու ներքո, նշում է գործակալությունը։ Եվ ինչո՞վ են այս պայմանավորվածությունները տարբերվում նույն Սոչիի կամ նույնիսկ 2011 թ. Կազանի պայմանավորվածություններից։ Ոչ մի բանով։ ՈՒ նորից` նույն ամերիկյան սուտը «անմիջական երկխոսությունը վերսկսելու» մասին։ Այնուհետև, գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի շրջապատի մի աղբյուր, հաղորդում է հոկտեմբերի 27-ի հանդիպումների` ընթրիքով ավարտված շարքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եղած «հիանալի մթնոլորտի» մասին։ Իսկ Սոչիում ընթրիքից հետո դեռ մի թեթև էլ «ժամանց» եղավ սամբոյի մրցումներում։ Գործակալությունը հիշեցնում է նաև, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի ունեցավ վերջին ամիսներին տարածաշրջանում բռնության սաստկացումից հետո և ՈՒկրաինայի ճգնաժամի պայմաններում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` այդ երկու երկրներ կատարած այցից հետո։ Հետո՞ ինչ։ Բայց չէ՞ որ Փարիզի հանդիպումների արդյունքում, նախ, ոչ մի համաձայնագիր չստորագրվեց, և երկրորդ, պատկերավոր ասած, Արևմուտքի հովանու ներքո երկխոսությունը Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը կշարունակեն միայն... 2015-ի սեպտեմբերին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Բայց Փարիզի հանդիպումների մասին լուրերի շրջանակից դուրս է մնացել, օրինակ, այն տեղեկությունը, թե քննարկվե՞լ են, արդյոք, «հաշտության մեծ պայմանագրի նախագծի» վերաբերյալ ամերիկա-ադրբեջանական պլանները, ինչպես հոկտեմբերի 30-ին հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոկտեմբերի 28-ի հայտարարություններից նման հետևություն չի բխում։ Խոսելով հաշտության մեծ պայմանագրի ձևակերպման վերաբերյալ Օլանդի կոչի մասին, Նալբանդյանը նկատել է, որ քանի դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել կարգավորման հիմնարար սկզբունքների մասին, այդպիսի հարց չի կարող քննարկվել։ Այնպես որ, հայկական կողմը Փարիզում չի էլ քննարկե՞լ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նոր «խաղալիքը»։ Կամ թե նրան հարկադրել են քննարկման, բայց Հայաստանի նախագահը արտահայտել է այն տեսակետը, ինչ բարձրաձայնել է Նալբանդյա՞նը։ Առայժմ սա այնքան էլ պարզ չէ. չէ՞ որ ընդհանուր առմամբ Հայաստանի արտգործնախարարը ևս, ինչպես ամերիկացիներն ու ֆրանսիացիները, շատ դրական է արտահայտվել Փարիզի հանդիպման մասին և անգամ այն համարել «ավելի կազմակերպված, քան Սոչիինը»։ «Նախագահների մակարդակով հաստատագրվեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը` ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամների մասնակցությամբ, գործուն և արդյունավետ ձևաչափ է։ Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատագրվեց, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է ձգտել խաղաղ կարգավորման»,- եզրափակել է Նալբանդյանը։ Հետո ի՞նչ։ Ո՞րն է դրականությունը կամ «մեծ դրականությունը»։ Մեր նախարարի ասածը մշտապես արձանագրվում է արդեն 20 տարի անընդմեջ. հրադադարի հենց սկզբից։ ՈՒ բոլորը շարունակ ասում են, թե հաշտության բանակցություններն այլընտրանք չունեն, սակայն Ադրբեջանը նույն համառությամբ, ինչպես Հեյդար, այնպես Իլհամ Ալիևների օրոք շարունակ դիմում է զինված սադրանքների և դիվերսիոն գործողությունների։ Բայց ահա շատ զարմացրեց պարոն Նալբանդյանը այն հայտարարությամբ, թե, պարզվում է, Հայաստանն ու Ադրբեջանը «տարածաշրջանային որոշ հարցերում մոտիկ դիրքորոշումներ ունեն»։ Հետաքրքիր է` այդ ո՞ր։ Տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ վստահության չափանիշներո՞վ։ Ոնց որ թե` չէ։ Մեր նախարարի հաջորդ ռեպլիկը հերքում է դա։ Նրա ասելով, դեռ այս տարվա մայիսին Ֆրանսիայի նախագահի` մեր տարածաշրջան կատարած այցի ընթացքում նա առաջարկել էր Փարիզում քննարկել կողմերի միջև վստահության ամրապնդման մեխանիզմները, ինչին հավանություն էին տվել նաև համանախագահները։ «Մենք համակարծիք ենք համանախագահների հետ և համարում ենք, որ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը կնպաստի բանակցություններում առաջընթացի հասնելուն։ Ադրբեջանն այլ մոտեցում ունի, տրամագծորեն հակառակ։ Նա կարծում է, որ բանակցություններում առաջադիմության ձեռքբերումը պայմաններ կստեղծի վստահության ամրապնդման համար։ Սա Ադրբեջանի հայտնի դիրքորոշումն է»,- նշել է Նալբանդյանը։
Գուցե խոսքը Թուրքիայի կամ հայ-թուրքական հարաբերությունների մասի՞ն է։ Էլի հազիվ թե։ Իրանի ու նրա նախաձեռնությունների քննարկումը կասկածելի է. Հայաստանում, ասենք, Ադրբեջանում էլ, շատ լավ հասկանում են, որ դա «իրենց խելքի բանը չէ», և Թեհրանն ինքը լիովին ինքնաբավ է և ինքնուրույն, կարիք չունի, որ ինչ-որ մեկը երկկողմ մակարդակում «համաձայնության գա Իրանի հաշվով»։ Դե կամ հո «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությունը չէին քննարկում Փարիզում Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը։ Կամ, ասենք, Սիրիայի ողբերգությունը կամ էլ թե չէ` քրդական հարցի վերածնունդը։ Կամ Վրաստանի հարցը։ Ինչո՞ւ պիտի ինչ-որ բան քննարկեին Վրաստանի վերաբերմամբ` հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը միառժամանակ հետո դառնալու է ԵՄ-ի հետ ասոցացվա՞ծ։ Դա շատ քիչ է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների զուգադիպման համար։ Բայց մենք հստակորեն հասկանում ենք, որ Երևանն ու Բաքուն «մոտ դիրքորոշումներ», օրինակ, հենց ամենալուրջ տարածաշրջանային խնդրի` արցախյան հարցի առնչությամբ, ունենալ չեն կարող, չեն էլ ունենա, եթե ինքը նախարար Նալբանդյանն է մոտեցումների տարբերություն նշում։ Այնուամենայնիվ, մեջբերենք այն, ինչ ասել է Հայաստանի արտգործնախարարը, ու թող ընթերցողները փորձեն հասկանալ, թե ինչ տարածաշրջանային խնդիրներ են «մոտեցրել» Ս. Սարգսյանի ու Ի. Ալիևի «դիրքորոշումները»։ Մեր նախարարը նշել է, թե բանակցությունները հետաքրքիր էին նաև այն առումով, որ նախագահները հնարավորություն ունեին իրենց մոտեցումները ներկայացնելու տարածաշրջանային և միջազգային հարցերի առնչությամբ, որոնց մի մասի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները կարող են մոտ լինել։ «Կարծում եմ, որ Փարիզում մի ոչ մեծ քայլ արվեց կողմերի դիրքորոշումների մերձեցման ճանապարհին։ Մեկ կամ մի քանի հանդիպմամբ դժվար է լուրջ առաջընթաց ապահովել։ Բայց այդ հանդիպումները երկու երկրների ղեկավարներին հնարավորություն են տալիս առավելագույնս ծանոթանալու միմյանց դիրքորոշումներին և տեսնելու հնարավորությունների շրջանակը հակամարտության կարգավորման ճանապարհին։ Այս առումով հանդիպումը դրական էր»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես կարելի է նկատել, Փարիզի հանդիպման գնահատականներում ինտրիգը մտցրել են ոչ թե դրա նախաձեռնողները` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, և ոչ էլ Ադրբեջանը, այլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Այսպես փաստորեն փակվեց այն շրջանը, որ Բաքվի դիվանագիտությունը սկսել էր գծել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդական ջանքերով Նյուպորտում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան նույնքան «ջրիկ» հանդիպումից հետո, երբ հայտարարվեց «հաշտության մեծ համաձայնագրի» ստորագրման պատրաստակամության մասին։ Բայց մինչև հիմա էլ անհասկանալի է, թե նկատի է առնվում` Մադրիդյան սկզբունքների հիման վրա նոր փաստաթղթի մշակո՞ւմը, թե՞ մի ինչ-որ միանգամայն նոր բան։ Ճիշտ է, նախօրեին մի ֆրանսիական դիվանագիտական աղբյուր հայտարարում էր, թե «Փարիզը կփորձի շփման եզրեր գտնել, որոնք ընկնեին հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի հիմքում»։ Բայց, ավաղ, ոչ ոք չգիտի թե ինչ «քարտեզ» է դա կամ առհասարակ եղե՞լ է արդյոք այն։ ՈՒստի և հետևություն է արվում, թե կարգավորման առնչությամբ Փարիզի դիրքորոշումը ճշգրտվել է ուղղակի հընթացս` ԱՄՆ-ի ճնշմամբ։ Ի դեպ, դարձյալ նախօրեին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հավաստելով, որ «Գերմանիան պաշտպանում է հակամարտության հարթումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», խոսեց Եվրամիության ցանկության մասին` «դեր կատարելու խնդրի լուծման գործում», և որ «մենք մի շարք պլաններ ունենք այդ ուղղությամբ»։ Իսկ ի՞նչ պլաններ են դրանք։ Փարիզի հանդիպումը դրա պատասխանը չտվեց։
Այսպիսով, Փարիզում «Ճեղքում» կամ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիվանագիտության «հաղթարշավ» չեղավ, բայց չեղավ նաև քաղաքական աղետ։ Սակայն նույն «հաշտության մեծ համաձայնագրի» մասին է. Մամեդյարովի «թութակային խզխզոցը», իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Բաքուն բացահայտորեն ջանում է Արևմուտքն օգտագործել իր նպատակների համար` այն պայմաններում, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու պայմանագիրը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանին չի հաջողվի արցախյան հարցի կարգավորման հողի վրա «Արևմուտքի հավատարիմ դաշնակից» ձևանալ, քանի որ սեպտեմբերի վերջին կայացած Աստրախանի կասպյան գագաթնաժողովում հենց Ադրբեջանը դավաճանեց թե՛ Արևմուտքին, թե՛ մեր տարածաշրջանում Արևմուտքի փայփայած բոլոր պլաններին։ Այնպես որ, եթե հաշվի չառնենք «տարածաշրջանային և միջազգային հարցերում» Հայաստանի և Ադրբեջանի «մոտ դիրքորոշումների» մասին Է. Նալբանդյանի կասկածելի ձևակերպումները, Փարիզի հանդիպումը «ուղեղների սնունդ» չառաջարկեց։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ