Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Արջը տայգայի տիրակալն է և ոչ ոքի միտք չունի տալու իր տայգան»

«Արջը տայգայի տիրակալն է և ոչ ոքի  միտք չունի  տալու իր տայգան»
31.10.2014 | 00:09

Աշխարհը շարունակում է քննարկել Ռուսաստանի նախագահի ճառն ու հարցերի պատասխանները Սոչիում կայացած մեծ ճանաչում վայելող միջազգային աշխարհաքաղաքական «Վալդայան ակումբի» նիստում։ Ռուսաստանի առաջնորդի գործողությունները կամա-ակամա այդ համեմատաբար ոչ մեծ սևծովյան քաղաքը դարձնում են մոլորակի ևս մեկ յուրօրինակ կենտրոն։ Բայց հարցն այն է, որ այս անգամ Վ. Պուտինը Սոչին հենց այնպես չի ընտրել, և ոչ էլ իբրև տուրք այն բանի, որ այս տարվա ձմռանը այնտեղ օլիմպիական խաղեր են տեղի ունեցել և այլն։ Ըստ էության, քաղաքականությունն էլ է մարզաձև, ընդ որում, երևի, ամենամոլի։ Նպատակահարմար չէ հաղորդել Վ. Պուտինի ելույթի և բազմաթիվ հարցերին նրա պատասխանների ամբողջ բովանդակությունը. հավանաբար շատերն իրենք են կարողացել ամեն ինչ տեսնել ու լսել։ Բայց ահա գլուխ հանել, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ ամբողջ Արևմուտքը ոչ մի կերպ չի կարողանում խաղաղվել, պետք է։
Համենայն դեպս, շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշել են, որ դա Ռուսաստանի նախագահի` իր ուժով ու կոշտությամբ երկրորդ ելույթն էր Մյունխենի 2007 թ. խորհրդաժողովում նրա արտասանած ճառից հետո, որը նվիրված էր աշխարհի խաղաղության և անվտանգության քաղաքականության հարցերին։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ Պուտինը այնքան կոշտ չէր. նա պարզապես ամեն ինչ կոչում էր իրենց անուններով, և բնավ էլ հարկ չկար ինքզինքը «երկաթյա կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկի հետ համեմատելու սխրանքի դիմել։ Նրան էլ էին համարում «անհարմար մարդ», և հենց այդ պատճառով, որ նա կարողանում էր հենց ընդդիմախոսների երեսին ասել այն ամենը, ինչ մտածում էր։ Պարտադիր չէ լինել Ռուսաստանի նախագահի հակառակորդը կամ համակիրը` հասկանալու համար, որ նա պահանջում է առավելագույնս կոնկրետ պատասխաններ և պահանջում է կոշտ պատասխանատվության կանչել Արևմուտքին այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ աշխարհում 2007-ից հետո։ Իմ կարծիքով, դրա իրավունքը լիովին ունի որպես աշխարհի միջուկային գերտերություններից մեկի ղեկավար։ Եվ, օրինակ, հենց ՈՒկրաինան կամ աշխարհի մի որևէ այլ երկիր այստեղ կապ չունեն. Պուտինի հայտարարությունների ու գնահատականների իմաստն այն է, որ նա, ով 7-8 տարի անընդմեջ ապականություններ է թույլ տվել աշխարհում, հենց ինքն էլ պիտի պատասխանատվություն կրի հետևանքների համար, սկսած հենց հարավսլավական ճգնաժամից։
ՈՒշադրության առնենք Սոչիում արված հայտարարությունների միջազգային արձագանքները. «Սա Արևմուտքի հասցեին Պուտինի ամենաուժեղ հարձակումն է պաշտոնակալությունից ի վեր։ Պուտինը խոսում է սառը պատերազմը հիշեցնող տոնով»,- գրել է գերմանական «Die Welt» թերթը։ «Սոչիի ճառը։ Պուտինը քննադատեց ամերիկյան «գերիշխանությունը»` ճառն այսպես է մեկնաբանել ամերիկյան «Assosiated Press» (AP) լրատվական գործակալությունը։ Որպես ինքնիշխան երկրի ներքին գործերին միջամտության օրինակ Պուտինը նշեց ճգնաժամի մեջ գտնվող ՈՒկրաինան, նշել է AP-ն։ «ԱՄՆ-ը` Վլադիմիր Պուտինի աշխարհապատկերի կենտրոնում։ Ռուսաստանի առաջնորդը քննադատեց Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը»,- նույն ոգով գրել է բրիտանական «Reuters» գործակալությունը։ «Իր ելույթին հետևած հարցերին պատասխանելիս Ռուսաստանի նախագահը շարունակում էր հարձակումները ԱՄՆ-ի հասցեին։ 2007 թ. իր «մյունխենյան ճառի» ժամանակներից ի վեր Պուտինը նման բառերով հարձակումներ չէր գործել Միացյալ Նահանգների հասցեին»,- իր հրապարակումն ամփոփում է «Reuters»-ը։ Երեք ժամ անընդմեջ Պուտինը Վաշինգտոնի կատաղի պոզահարումը հերթագայում էր խաղաղասիրական հռետորաբանությամբ։ «Reuters»-ը մեջբերել է «Վալդայան ակումբի» նիստին ներկա գտնված «Ամերիկայի ձայնի» կողմից Վ. Պուտինի հետ անցկացված հարցազրույցի և Ռուսաստանի նախագահին հարց ուղղած` Վաշինգտոնի գլոբալ շահերի կենտրոնի տնօրեն Նիկոլայ Զլոբինի կարծիքն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ «ամերիկակենտրոն ճառ» արտասանեց։ Դա փորձ էր խոսակցության հրավիրելու ԱՄՆ-ին և նշելու խնդրի ռուսական ընկալումը։ Զլոբինը նկատել է, որ իր ելույթում և հարցերի պատասխաններում Պուտինը հստակորեն տարանջատել է ԱՄՆ-ի նկատմամբ Կրեմլի բացասական վերաբերմունքը և Եվրոպայի հետ համագործակցելու Մոսկվայի պատրաստակամությունը։
Բայց «Reuters»-ը ուշադրություն է դարձրել Վ. Պուտինի ճառի` հենց ԱՄՆ-ին հասցեագրված մի հաշտեցուցիչ կողմի. «Պուտինը Ամերիկային առաջարկել է միջուկային զինաթափում և իրատեսություն»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը ԱՄՆ-ին ու ատոմային զենք ունեցող մյուս երկրներին «լուրջ, առարկայական զրույցի» կոչեց միջուկային զինթափման մասին և խոստացավ, որ Մոսկվան Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությամբ ինքնապահովման ու ինքնամեկուսացման ուղի չի բռնի։ «Բոցաշունչ ճառը» Ռուսաստանում գերագույն ղեկավարության 15 տարում նախագահ Պուտինի «ամենահակաամերիկյան» ելույթն է։ «Պուտինը ԱՄՆ-ին մեղադրում է աշխարհակարգի խարխլման մեջ»,- գրում է ամերիկյան «The Washington Post» թերթը, նշելով նաև, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, «Վալդայան ակումբում» Ռուսաստանի նախագահի արտասանած ճառն ու պատասխանները «իրականության ոչ մի փայլեցում» չէին պարունակում։ Հասկանալի է, որ Կրեմլը մտադիր չէ նահանջելու «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր վատթարագույն ճգնաժամում, կարծում է ամերիկյան այդ ազդեցիկ հրատարակությունը, քանի որ Պուտինը ակնարկ իսկ չարեց, թե մտադիր է զիջումներ անելու Արևմուտքին ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի մասնակցության առնչությամբ։ «Պուտինը ԱՄՆ-ին մեղադրում է «նեոֆաշիստներին» և «արմատական իսլամիստներին» աջակցելու մեջ,- Ռուսաստանի նախագահի Սոչիի ճառի իր մեկնաբանությունում գրել է ամերիկյան մեկ այլ ազդեցիկ թերթ` «The New York Times»-ը։- Ռուսաստանի նախագահը, հնարավոր է, ամենասաստիկ մերկացուցիչ ճառն է արտասանել ընդդեմ ԱՄՆ-ի»։ Իր հրապարակման մեջ թերթը մեջբերել է «Վալդայան ակումբի» նիստին ներկա եղած քաղաքական փորձագետ, Վաշինգտոնի ռիսկ-վերլուծության կազմակերպության «եվրասիական խմբի» նախագահ Քլիֆ Քուպչանի խոսքը. «Մենք գտնվում ենք վտանգավոր կետում, երբ երկու կողմից միակողմանի դժգոհություններն արդեն տեղափոխվել են միմյանց հանդեպ շատ հուզական քաղաքականության ասպարեզ»։
«Ռուսաստանը ՈՒկրաինային մեղադրում է հաշտության պայմանագիրը շրջափակելու մեջ, սակայն Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ գազամատակարարման հետ կապված վեճը շուտով կարող է լուծվել»,- Ռուսաստանի նախագահի Սոչիի ճառի ուկրաինական կողմի վրա լրացուցիչ ուշադրություն է հրավիրել ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը։ «Պուտինը ԱՄՆ-ին մեղադրեց ծայրահեղականությանը հովանավոր կանգնելու մեջ,- իր տեղեկատվական կայքում գրում է բրիտանական BBC-ն։- Ռուսաստանի նախագահը քննադատեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, այն անվանելով «միակողմանի թելադրանք»։ Պուտինը կծու հարձակում ձեռնարկեց ԱՄՆ-ի հասցեին, Վաշինգտոնին մեղադրելով «աշխարհը խարխլելու և համընդհանուր բռնապետություն ստեղծելու փորձի մեջ», թեման շարունակել է բրիտանական «Daily Telegraph»-ը։ «Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին մեղադրում է իսլամական ահաբեկչության և ՈՒկրաինայի հակամարտության համար»,- գրել է բրիտանական «Guardian» թերթը։ Նա օտարերկրյա լրագրողների ու փորձագետների հետ հանդիպումն օգտագործեց ընդդեմ ԱՄՆ-ի և ներկա աշխարհակարգի, Վաշինգտոնին մեղադրելով այսօրվա գլոբալ շատ խնդիրներում, այդ թվում` ՈՒկրաինայում շարունակվող հուզումներում և իսլամական ահաբեկչությունում։ «Ռուսաստանի նախագահի տրամադրությունում ոչ մի նոր բան չկար, սակայն, կարծես, ելույթը դարձավ հակիրճ ու խտացված վարկածը նրա գանգատների` այն պահին, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները է՛լ ավելի են լարված, քան սառը պատերազմից հետո երբևէ»,- ենթադրում է «Guardian»-ը։ «Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ը մեղավոր է համարյա բոլոր համաշխարհային խոշոր ընդհարումներում»,- Ռուսաստանի նախագահի Սոչիի ճառին նվիրված հրապարակմանը այսպիսի վերնագիր է տվել բրիտանական «Independent»-ը։ Պուտինը արևմտյան տերություններին մեղադրել է ՈՒկրաինայում Յանուկովիչի տապալմանն օժանդակելու մեջ։ Նա պնդել է, որ արևմտյան առաջնորդները հաշվի չեն առել Ռուսաստանի օրինական շահերը իր հարևանի գործերում։ Պուտինը նաև պնդում էր, թե Ռուսաստանի և մյուս երկրների շահերը պետք է ուշադրության առնվեն` աշխարհում տիրող իրավիճակը կայունացնելու համար, գրում է «Independent»-ը։
Բայց սրանք Սոչիից տրված ռեպորտաժների երանգներ են միայն։ Մինչդեռ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը փորձում էր պաշտպանվել Պուտինի ճառում տեղ գտած` ամերիկյան «գերիշխանության» մասին մեղադրանքներից, իր ուշադրությունը Վաշինգտոնի պատասխան վարքագծի վրա դարձրեց գերմանական «Die Zeit» թերթը։ «Պուտինը, ի դեմս Միացյալ Նահանգների, տեսնում է «բիրդան աղայի»։ Զենքի ճոճումը շարունակվում է։ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Միացյալ Նահանգները սպառնալիք է աշխարհի համար։ Վաշինգտոնը հերքում է մեղադրանքը»,- Պուտինի ճառին իր գնահատականն է տվել գերմանական մեկ այլ թերթ` «Handelsblatt»-ը։ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների առաջ բերած ամենամեծ քաղաքական ու տնտեսական խնդիրն այն է, որ ՈՒկրաինան կտուժի հետևանքներից, ենթադրում է տնտեսական խնդիրների ասպարեզում մասնագիտացած գերմանական այդ հրատարակությունը։ Բայց բոլորին «գերազանցել է» մեծ «բարեգործ» և բազմաթիվ հանցագործությունների համահեղինակ (իսկ փաստորեն բոլոր «գունավոր» հեղափոխությունները հենց հանցագործություններ են), ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը։ «Եվրոպայում կարծում են, թե Պուտինը Հիտլեր չէ, և, կատարելով նրա պայմանները, մենք, այդպիսով կկանգնեցնենք նրան։ Կամ էլ նրան կզսպեն մեր պատժամիջոցները։ Միամիտ չլինեք, նրան կզսպի ոչ թե զիջողությունը, այլ լուրջ դիմադրությունը, և մենք պետք է մտածենք «պլան Բ-ն»,- հոկտեմբերի 23-ին Բրյուսելում տված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների սպասյակը։ Նա նաև ԵՄ լրագրողներին ներկայացրել է «Զարթնիր, Եվրոպա» էսսեն, որը հրապարակվել է «New York Review of Books» հանդեսում և պարունակում է նրա հիմնական թեզիսները։ Եվ կատարվում է Եվրոպայի բացահայտ շանտաժ և ահաբեկում. «Ռուսաստանը ձեռնոց է նետում Եվրոպայի բուն գոյատևմանը»։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, արևմտյան լրատվամիջոցները Պուտինի Սոչիի ճառն ընկալել են իբրև հաշվի լիակատար պահանջ ԱՄՆ-ից` աշխարհի ճգնաժամային տարածաշրջաններում իրավիճակի ներկա ապակայունության համար, ներառյալ ՈՒկրաինան։ ՌԴ նախագահը ԱՄՆ-ից և Արևմուտքից պահանջել է հաշվի նստել ՈՒկրաինայում առկա ռուսական ազգային շահերի հետ։ Այստեղ Կրեմլը միտք չունի զիջումներ անելու։ Սակայն արևմտյան լրատվամիջոցներում նշվել է նաև փոխզիջման ձգտում։ ԱՄՆ-ին առաջարկվել է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ միջուկային զինաթափման շուրջ, իսկ Եվրոպային` միջոցներ գտնել ՈՒկրաինային գազի մատակարարումները ֆինանսավորելու համար։ Իսկ արտասահմանում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ստվերային ֆինանսավորողի կաղկանձը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասկացությունների նենգափոխում, եվրոպացիների աչքում Ռուսաստանի նախագահի հայտարարությունների էությունը նենգափոխելու փորձ։ Չէ՞ որ անգամ եթե Պուտինի ճառը գնահատվի էլ որպես մարտահրավեր, ապա այն ուղղված է ոչ թե Եվրոպային, այլ ԱՄՆ-ին, այն անձանց ու կենտրոններին, որոնք, ինչպես արտահայտվել է ՌԴ ղեկավարը, իրենց «գունավոր հեղափոխություններով» շրջում են աշխարհով մեկ և ձևացնում, թե դեռևս շարունակում են «քաոսը կառավարել»։ Եվ միաժամանակ հռետորական հարց է տվել. ի՞նչ է, Ամերիկայում լրջորե՞ն վստահ են, թե իսլամական ահաբեկչության ուրվականից իրենք կարող են «փրկվել օվկիանոսի այն ափին», օրինակ բերելով Օտտավայում կանադական խորհրդարանում տեղի ունեցած սահմռկելի ահաբեկչական ակտը։
Եվ եթե արդեն շատ կոնկրետացնենք, ապա հարկ է նշել երկու-երեք գործոն, առնվազն։ Նախ հենց Ռուսաստանի մասին։ Հիշեցնենք, որ «արջը տայգայի տիրակալն է և ոչ ոքի միտք չունի տալու իր տայգան», դա ավելի քան նախազգուշացում է։ Երկրորդ, այն բանի հիշատակումը, որ, իհարկե, ՈՒկրաինայի ամերիկամետ իշխանությունները Նովոռուսիայում պատերազմը լիովին կարող են վերսկսել, բայց ահա հաղթանակի հասնել Դոնբասի ռուսների ու կազակների նկատմամբ երբեք չեն կարողանա, սա ևս «ավելի քան նախազգուշացում» կարգից է։ Երրորդ, որն արդեն մեզ` հայերիս էլ է վերաբերում. կամ Արևմուտքը ճանաչում է ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկը, ոչ միայն իր խամաճիկ ալբանացիների առնչությամբ, այլև նույն Նովոռուսիայի և այլոց առնչությամբ, կամ գերտերությունները պարտավոր են պայմանավորվածության գալ աշխարհակարգի փոփոխման և «նոր կանոններով խաղի շուրջ»։ Այսինքն, Ռուսաստանը հաստատակամորեն ասում է, որ այն վիճակը, երբ միջազգային կառույցները, սկսած ՄԱԿ-ից, աստիճանաբար վերածվում են ԱՄՆ-ի ռազմավարական պլանների իրագործման ևս մեկ լծակի, այլևս անհանդուրժելի է։ Սոչիում Պուտինի ելույթի այդ մասը ամենաանմիջական կերպով շոշափում է նաև Հայաստանի ու Արցախի շահերը։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ