Այն բանին, որ խորամանկ բելառուս «Բատկան» ճարպկորեն ու գեղջկական համառությամբ լավ էլ հաջողեցնում է «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», մենք բոլորս վաղուց արդեն սովորել ենք։ Ընդ որում, վաղուց ենք նախանձով հետևում, որ նա ամենևին էլ չի ձգտում «փաղաքուշ» լինել. մերթ Մոսկվային է սպառնում, մերթ Եվրոպային «հարու տալիս», մերթ էլ միջնորդական ծառայություններ առաջարկում (հեչ մտքներովդ չանցա՞վ, թե ինչպես «վերջին բռնապետը» կարողացավ բանակցային ձևաչափերը՝ ղարաբաղյանից մինչև ուկրաինական, դարձնել Մինսկի)։ Հիմա էլ Պեկինին, որը հաջողությամբ աշխատում է թե՛ Բրյուսելի, թե՛ եվրոպական բոլոր մայրաքաղաքների հետ, առանց փոքր-ինչ երկմտանքի հայտարարում է. «Բելառուսը պատրաստ է օգնելու ՉԺՀ-ին ուժեղացնելու ազդեցությունը Եվրոպայում և իր տարածքում նպաստավոր պայմաններ ստեղծելու գործարարության համար»։ Ընդ որում, Ալեքսանդր Լուկաշենկոյին, ի տարբերություն նախկին խորհրդային բոլոր առաջնորդների, ամեն ինչ անպատժելիորեն հաջողվում է։ Վերջերս, երբ Մինսկում հայտարարեցին ԵԱՏՄ-ի ստեղծման մասին, Բելառուսի առաջնորդը հայտարարեց. «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Բելառուսի արտաքին քաղաքականության ռազմավարական գերակայությունը..., և մենք՝ Բելառուսն ու Չինաստանը, պետք է ավելի արագ տեմպերով մերձենանք»։ Ավելին, «մեր շահն այն է, որ ունենանք շատ հզոր հենարան մի այնպիսի վիթխարի պետությունում, ինչպիսին Չինաստանն է, առանց որի այսօր աշխարհում ոչ մի հարց չի լուծվում»։ Լուկաշենկոն ասել է նաև, որ «Չինաստանի աջակցությունը մեր պետության անկախության գործոն է»։ Նա հայտարարել է նաև, որ այդ դեպքում Բելառուսը, փաստորեն, դե, ներեցեք ինձ, անխոցելի է դառնում։ Ապա հետևել են խորհուրդները չինացիներին. «Ինչ վերաբերում է ձեր շահին, ապա ես արդեն ասել եմ Սի Ցզինպինին, որ ՉԺՀ-ի հետագա զարգացումն ու աշխարհում նրա ներկայացումը իբրև գերտերության անհնար է առանց Եվրոպայի հետ համագործակցության», և նշել է, որ պատրաստ է համակողմանիորեն նպաստելու կապերի ակտիվացմանը Չինաստանի ու Եվրոպայի միջև, այդ թվում` առևտրական։ «Բելառուսը պատրաստ է օգնելու Եվրոպայում Չինաստանի ազդեցության խորացմանը», հավակնությամբ ամփոփել է «Բատկան»։ Մինչդեռ բարեհամբույր չինացիներն այս խորհուրդներում ոչ մի «հանդգնություն» չտեսան, և Մինսկի հետ համագործակցությունը շատ բարյացակամորեն շարունակեցին. լրացուցիչ ներդրումներ տրամադրեցին և լուրջ աջակցություն ցուցաբերեցին համատեղ նախագծերի վարկավորման գործում, որոնցից առավել կարևորները Մինսկի մոտ ստեղծվելիք «Մեծ քար» անունն ստացած չին-բելառուսական արդյունաբերական համակառույցն է և չինական ավտոմեքենաների հավաքման արտադրությունը։
Չինական ընկերությունների մասնակցությամբ Բելառուսում արդեն իրականացվել են մի շարք նախագծեր՝ էներգահամակարգի և ցեմենտի արտադրության արդիականացում, երկաթուղիների էլեկտրիֆիկացում։ Աշխատանքներ են կատարվում էներգետիկայի, ճանապարհաշինության, փայտամշակման, ցելյուլոզի, թղթի արտադրության ոլորտներում։ Վերջերս Մինսկում Բելառուսի ֆինանսների նախարարությունն ու Չինաստանի զարգացման պետբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում է չինական բանկի կողմից բելառուսական երկու բանկերի համար մեկ մլրդ դոլար ծավալի վարկային գծերի բացում։ Ստորագրվեց նաև շրջանակային համաձայնագիր Բելառուսի զարգացման բանկի և Չինաստանի զարգացման պետբանկի միջև։ Փաստաթղթերի համաձայն, վարկային գծերը կբացվեն 15 տարով, ներառյալ հնգամյա արտոնյալ շրջանը, բելառուսական կառավարության երաշխավորությամբ։ Փաստաթղթերը սահմանում են Բելառուսի տարածքում իրականացվող բելառուսա-չինական նախագծերի վարկավորման ասպարեզում ֆինանսական հիմնարկների ու պետական կառավարման մարմինների համագործակցության, ինչպես նաև երկու երկրների միջև տեղեկատվական գործակցության բազային սկզբունքները։ Վարկային գծերի միջոցները ծրագրվում է ուղղել հանրապետության տարածքում տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, փոքր ու միջին բիզնեսի ոլորտի ներդրումային նախագծերի իրականացմանը։ Ակնկալվում է, որ վարկային գծերի հաջող գործարկումը երկրների վարկաներդրումային համագործակցությունը կբարձրացնի որակապես նոր մակարդակի։
Հիշեցնենք, Չինաստանն այս տարի արդեն երկրորդ վարկն է տրամադրել՝ 1 մլրդ դոլար, և պարզվում է, որ վերջին ժամանակներս Բելառուսում բացված չինական վարկային գծերի ընդհանուր գումարը կազմում է 15 մլրդ դոլար։ Հասկանալի է, որ այդ բոլոր վարկերը տրվում են միայն չինական սարքավորումներ և չինական տեխնոլոգիաներ գնելու համար, բայց փոխարենը դրանք ծանրակշիռ ավանդ են Բելառուսի արդյունաբերական բազայի արդիականացման գործում։ Բելառուսներն առաջ սովոր էին պարծենալու իրենց բարձրտեխնոլոգիական արտադրություններով, այն բանով, որ «ԽՍՀՄ-ի հավաքման արտադրամասն» էին, ու, երևի, չէին նկատել, որ կորցրել են առաջավոր դիրքերը։ ՈՒ հիմա այստեղ բարձրտեխնոլոգիակական արտադրանքի և սարքավորումների մատակարար է դարձել դեռ մինչև վերջերս լուրջ չընդունվող Չինաստանը։ Բայց, ինչպես ասում են, կյանքն է այդպիսին։ Հաղորդում են, որ բելառուսական կողմը մտադիր է չինական ներարկումներն ուղղելու հերթական բելառուսական կապի արբանյակի ստեղծմանը, ԲելԱԷԿ-ի համար բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, ազգային օդանավակայանի արդիականացմանը, ավտոճանապարհների շինարարությանը։ Փոխարենը, չնայած Լուկաշենկոն ամենևին չի սիրում որևէ մեկին «վաճառել ժողովրդական սեփականությունը», Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունը չինական «Sinomach» կորպորացիայի հետ քննարկում է հանրապետությունում սեփականաշնորհում կատարելու հարցը։
Մինչդեռ Չինաստանն ակտիվորեն Բելառուս է տեղափոխում սեփական արտադրությունները. սկսված է չինական «Geel» կորպորացիայի հետ չինական ավտոպահեստամասերով հավաքված մարդատար ավտոմեքենաների արտադրությունը, որոնք նախատեսվում են ռուսաստանյան շուկայի համար։ Բացի այդ, սկսվել է չինական մարդատար ավտոմեքենաների հավաքման առանձին գործարանի շինարարությունը։ Բելառուսում մարդատար ավտոմեքենաների հավաքման նախագիծը կիրագործվի երկու փուլով։ Առաջինը ենթադրում է տարեկան 60 հազ. ավտոմեքենա կարողությամբ գործարանի շինարարություն, երկրորդը՝ այդ կարողության ավելացումը, հասցնելով 120 հազարի։ Այդ նախագծի իրագործման վրա չինական ծախսումները կկազմեն 244,9 մլն դոլար։
Մինսկի հետ Պեկինի հարաբերությունների մասին «Ժենմին ժիբաո» թերթը գրում է. «Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսան տարում փոխադարձ առևտուրն աճել է համարյա 100 անգամ՝ 1992 թ. 34 մլն դոլարից 2011 թ. հասնելով 3 մլրդ դոլարի։ Վերջին տարիներին Չինաստան կատարվող բելառուսական արտահանման հիմնական հոդվածները եղել են կալիումական պարարտանյութերը, կապրոլակտամը, քարհանքային ինքնաթափները, դրանց պահեստամասերը, էլեկտրոնային ինտեգրալ սխեմաները և միկրոսխեմաները, քիմիական արտադրանքը։ ՉԺՀ-ից կատարվող բելառուսական ներմուծման հիմնական հոդվածներն են սարքավորումները, կոմպլեկտավորման մասերը և Բելառուսի արտահանական արտադրության նյութերը, սպառողական ապրանքները։ Բելառուսական ապրանքները ՉԺՀ տանելու և Չինաստանում բելառուսական էկոնոմիկային անհրաժեշտ ապրանքներ, հումք և կոմպլեկտավորման արտադրանք գնելու գործում մեծ դեր է խաղում բելառուսական կազմակերպությունների և ձեռնարկությունների ապրանքափոխադրական ցանցը»։ Ընդգծվում է նաև, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Բելառուսի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունն է, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկրները թույլ չտվեցին անկում առևտրատնտեսական հարաբերություններում, և որ «երկկողմ համագործակցության նման վիճակը հենվում է ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքների ընդհանրության վրա»։ Առանձնապես ընդգծվում է համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում, և այն, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակով կատարել ֆիզիկային, քիմիային, նանոարդյունաբերությանը, լազերային տեխնոլոգիաներին նվիրված, ինչպես նաև նոր նյութերի, ագրոարդյունաբերական համալիրի ասպարեզի 18 համատեղ գիտատեխնիկական նախագծեր։ Գիտատեխնիկական համալիրների ու կենտրոնների ստեղծումը փոխանակումների մեխանիզմն է Բելառուսի և Չինաստանի միջև գիտական մշակումների առևտրայնացման ասպարեզում։ Բելառուսի ազգային տեխնոլոգիական համալսարանի «Պոլիտեխնիկ» տեխնոհամալիրին առընթեր ստեղծվել է Չինաստանի նահանգների հետ գիտատեխնիկական համագործակցության բելառուսական կենտրոն։ Առանձնակի նշանակություն է տրվում չին-բելառուսական «Մեծ քար» արդյունաբերական համալիրին, որը չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծի մաս է կազմում և պետք է միավորի Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկա ընկած երկրների տնտեսական շահերը, ինչպես նաև այդ տարածաշրջանը կապի Աֆրիկայի ու Եվրոպայի հետ։
Եվ «Մինսկ-Պեկին՝ հավերժ բարեկամություն» երգի վերջին ակորդը։ Բելառուսում հիմա ժողովրդականություն է վայելում «Ինչ արվում է, արվում է Չինաստանում. ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում Ամերիկայում. ինչ պատահում է, պատահում է Ռուսաստանում»։ Իսկ Լուկաշենկոն, դատելով նրա վերջին արտահայտություններից, սկսել է գործել՝ խուսափելով Ռուսաստանից բխող «պատահականություններից», ուշադրությամբ հետևելով, իսկ հնարավորության դեպքում նաև օգտվելով Արևմուտքում «տեղի ունեցածից», սկսել է նախընտրել «գործը բռնել Չինաստանի հետ» ասացվածքին համապատասխան։ Ինչպես ասում են, հալալ է քեզ, առաջ ընկիր։ ՈՒզում ես նախագահ լինել՝ կարողացիր խաղեր տալ։